Ոստիկանները եկել են մեր տուն՝ վաճառված երեխային գտնելու․ ասում են՝ քեզ կձերբակալենք

Ոստիկանները եկել են մեր տուն՝ վաճառված երեխային գտնելու․ ասում են՝ քեզ կձերբակալենք

2019-ին Հանրապետական ծննդատանը ծննդաբերած Հայկուհի Խաչատրյանը մինչ օրս չի հավատում, որ իր երրորդ երեխան մահացած է ծնվել: Խաչատրյանն ասում է, որ հղիությունն ընթացել է առանց բարդությունների, բայց առայսօր չի հասկանում, թե ինչու երեխան մահացած ծնվեց, և ինչու այդպես էլ չկարողացավ տեսնել երեխայի մարմինը: Հանրապետական ծննդատանը նորածնի մահվան դեպքի առնչությամբ քրեական գործ է հարուցվել :  Այսօր առավոտյան Հայկուհի Խաչատրյանն ահազանգել է լրատվամիջոցներին՝ տեղեկացնելով, որ Կոտայքի մարզի Զովունի համայնքի իր առանձնատուն ոստիկաններ են ներխուժել՝ քննիչ Տիգրան Կիրակոսյանի գլխավորությամբ: 

«Եկել են մեր տուն, որպեսզի վաճառված երեխային գտնեն»,- hraparak.am-ին ասաց Հայկուհի Խաչատրյանը: Քննիչի խոսքով՝ մինչ խուզարկության անցնելը, իրենք պահանջում են, որ Հայկուհի Խաչատրյանը կամովին ներկայացնի նմուշ պարունակող առարկաներ, որոնք հետազոտության կենթարկվեն:

Հայկուհի Խաչատրյանը պնդում է․ «Հրաժարվում եմ ինձ բժշկական եւ գիտական փորձաքննության ենթարկելուց, իրենք դրա իրավունքը չունեն, դա քրեորեն պատժելի է, երբ մարդու կամքին հակառակ, բռնությամբ փորձանմուշ են վերցնում: Առավոտյան ժամը 8-ն անց կես՝ ես դեռ քնած, իմ տուն են ներխուժել ու ինձանից ԴՆԹ են պահանջում: Մինչև ամուսինս եկավ եւ հասկացրեց, որ սա մասնավոր տարածք է, եւ իրենք դրա իրավունքը չունեն, բայց միևնույն է՝ չեն հեռանում, ասում են, թե կձերբակալենք քեզ, եթե կամովին նմուշ չտաս, թող ձերբակալեն, ազգն էլ իրենց կձերբակալի, իրավախախտները դարձել են իրավապահներ, էս է մեր երկրի վիճակը: Մտնում են իմ լոգարան, իմ երեխաների հագուստները, խոզանակները, սրբիչներն են փորփրում»:

Մեր հարցին, թե այդ ԴՆԹ-ն ինչու է իրավապահներին այդքան անհրաժեշտ, Հ․ Խաչատրյանն ասաց․

«2021թ․ մայիսին երեխայիս ուրցագեղձն է ի հայտ եկել, որից ԴՆԹ է անջատվել, ես ԴՆԹ եմ հանձնել, եւ համապատասխանել է, պարզել եմ, թե այդ ուրցագեղձի  վիրահատությունը նույնիսկ որ հիվանդանոցներում են անում, փաստեր ունեմ, որ այդ ուրցագեղձը ողջ երեխայի է պատկանել, քննիչին նոր միջնորդություն եմ ներկայացրել, նոր բողոք, որպեսզի դա բացահայտի, բայց նա ոչ միայն անգործություն է դրսևորել, այլև այսօր եկել է ինձանից մազ, եղունգ կամ չգիտեմ ինչ վերցնի, որ  հետո ապացուցի, թե քո երեխան ողջ չէր, իրենց հիմա դա է պետք, որ ինձանից ԴՆԹ ունենան, կարողանան կոծկել, ես էլ հրաժարվում եմ ու դրա իրավունքն ունեմ: Բայց հիմա քննիչն է մեր տան տերը, լրիվ իրեն տեր ու տիրակալ է զգում, լրագրողներ եմ հրավիրել, իրենց էլ ներս չի թողնում, ասում է` դրսում հարցազրույց տուր»:

Նշենք, որ մեր զրույցի պահին ոստիկաններն ու քննիչը դեռևս Հայկուհի Խաչատրյանի տանն էին, քննիչ Տիգրան Կիրակոսյանն էլ, հրաժարվելով այլ մանրամասներ ներկայացնելուց, նշեց, թե ոստիկանության մամուլի ծառայությունը անհրաժեշտության դեպքում լրացուցիչ տեղեկություն կhաղորդի:

Հ․Գ․ Ավելի ուշ Հայկուհի Խաչատրյանը տեղեկացրեց, որ իր նկատմամբ բռնություն կիրառելով՝ ոստիկաններին հաջողվել է փորձանմուշ վերցնել իրենից: