Անառողջ մթնոլորտ Օպերային թատրոնում․ բալետի արտիստները պահանջում են ղեկավարի հրաժարականը

Անառողջ մթնոլորտ Օպերային թատրոնում․ բալետի արտիստները պահանջում են ղեկավարի հրաժարականը

Ա. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի բալետի արտիստները պահանջում են թատրոնի բալետային խմբի ղեկավար Արմեն Գրիգորյանի հրաժարականը:

Ըստ Օպերային թատրոնի գլխավոր բալետմայստեր Վիլեն Գալստյանի, պատճառը ղեկավարի վատ վարքագիծն է, նրա սխալները, որոնք բերում են նման «տհաճ պատկերի»։ Գալստյանը նկատեց, որ անգամ իր բեմադրությունների պարագայում չի կարողանում որոշակի միջամտություն անել, որովհետեւ միկրոֆոնը Արմեն Գրիգորյանի ձեռքում է, ըստ այդմ՝ որոշողն էլ նա է։ «Հասկացանք, որ այսպես շարունակվել չի կարող»,-ասաց Վ․ Գալստյանն ու հավելեց, որ դիմում են հանրությանը, նախարարությանը, թեպետ փոխնախարարը վերջերս ներկա է եղել իրենց ժողովին։  

Բալետի առաջատար մենապարող Ռուբեն Մուրադյանը փաստեց, որ թատրոնում առողջ մթնոլորտ չկա եւ չեն կարողանում ստեղծագործել վերջին 1-2 տարին, ըստ նրա, չկա հարգանք, իսկ բալետի ղեկավարը սպառնալիքներով է խոսում բալետի արտիստների հետ։ Իրենց անհամաձայնությունների մասին բազմիցս բարձրաձայնել են թե թատրոնի տնօրենին, թե գեղարվեստական ղեկավարին, բայց «տարօրինակ լռություն» կա տնօրինության կողմից։

Բալետային արտիստ Սերգեյ Սաֆարյանն էլ ասաց, որ թատրոնի տնօրինության համար կարեւոր չէ բալետային խմբի շահը, այլ միայն անձի շահը․ «Վերադառնում ենք արձակուրդից եւ ի՞նչ ենք տեսնում՝ ինքն իրեն ներկայացրել է որպես բալետային խմբի ղեկավար-ավագ փորձավար: Բալետային խմբի ղեկավարը վերահսկում է ավագ փորձավարի աշխատանքը, նշանակում է՝ ինքն իրե՞ն պետք է վերահսկի»:

Մանրամասները՝ տեսանյութում։