Էլիզա Մխիթարյան. Դեղին աչք

Էլիզա Մխիթարյան. Դեղին աչք

Անցած տարի՝ փայտե պատշգամբին Աստծո կողմից մոռացված այն կես բաժակ Սոման դեռ ձայն էր։ Եվ անցած տարի ես նկատեցի միայն, որ արդեն երեք հարյուր տարի լռում եմ մի օվկիանոսի փոխարեն, որում լողացող ձկները քարշանքի պահին վշտակցել գիտեն։ 

Հիմա ես եմ ձայն։ Եվ պատրաստվում եմ դառնալ պատասխան՝ մերձավորիցս վաղն ինձ ասվելիք անակնկալ հանդիմանությանը։ 

Պարզեցի՝ հայացքի մեջ լուսածագ դիմավորելը հեշտ բան չէ։ Արեւին դժվար է համոզել երեւալ այնտեղ, որտեղ բոլորը տխուր են։ Իսկ փղերը, Վիկտորյա, սրտով են տեսնում։ Ինձ չխնդրես հիմա բացատրել մի բան, որը դեռ պիտի տեղի ունենա։ Որը ճակատագիր է՝ մակթուբ։ 

Աղավնաձագ եմ՝ ապագան տեսնող։ Եվ գիտեմ, որ այդ երկաթե սիրտն ինքնասպանություն կգործի վաղը, երբ իրեն հայտնի դառնա, որ այս տարի արտույտների երամը կորցրել է վերադարձի ճանապարհը։ 

Ես մի քիչ լաց կլինեմ նրա համար, հետո կհիշեմ մորս, որի գերեզմանին աճած փշածաղիկներն անիծում են մոխրագույն երկինքը, որին նայելիս ես առաջինը մորս չէ, որ մտաբերում եմ։ 

Այս տարի ես թույլ էի։ 

Մտքումս ծառերը ծաղկում էին, իսկ աչքիս առաջ թառամում էր Սառայի նվիրած կալաթեան, որը ես մոռանում էի ջրել հաճախ։ 

Իմ մեջ դանդաղ մեռնում է ինչ-որ բան, որից ես երջանկանում էի առաջ։ Լուսաբացից, որը դեռ պիտի ծագի, ես խնդրում եմ լինել ավելի ազնիվ, որպեսզի, երբ արեւի ճառագայթներն ընկնեն դեմքիս, աչքերս կկոցեմ ու ժպտամ՝ վարագույրը փակելու փոխարեն։ 

Ես զգում եմ, որ շարունակվելու համար նորից սկսվել պետք չէ։ Եվ որքան էլ սովորական է դարձել ժպտալ՝ անցյալը հիշելիս, եւ սրտնեղել այսօրվա համար, ես համոզված եմ, որ վաղն անպայման լինելը հարկադիր կեցություն է։


«Մշակութային Հրապարակ» ամսաթերթ