Ո՞վ է նա

 Ո՞վ է նա

Ուրիշ որակներ պետք է ունենա այսօր իշխող մեծամասնության ներկայացուցիչը՝ լինի գործադիր մարմնի, թե օրենսդիրի անդամ։ Նախ պետք է պարտադիր ցինիկ լինի, որ կարողանա տարիներ շարունակ մարդկանց աչքերին նայելով, բացահայտ ստեր ասի ու վատ չզգա։ Օրինակ, խոսի այն մասին, որ նախկիններն են հանձնել Արցախը, եւ բանակցային ոչ մի փաստաթղթում Արցախի անկախության հարցը չի քննարկվել։ Կամ՝ մենք 30 տարի բանակ չենք ունեցել, բանակը ստեղծվել է 2018-ից հետո։

 

Պետք է անամոթ լինի եւ երկիրն այս վիճակին հասցնելուց հետո կարողանա հայտարարել, թե 2018-ին ազգը փրկվել է՝ ազատվել է կոռուպցիայից ու անարդարություններից, դարձել է երջանիկ ու հզոր։ Պետք է անպայման խղճի խայթից իսպառ զուրկ լինի, որ այսքան զոհերի ու կորուստների, Տեղի ու Շուռնուխի, Գորիս-Կապան ճանապարհի, Ազատ գյուղում այրված 15 երիտասարդների, շրջափակման մեջ հայտնված 120 հազար արցախցիների համար մի գրամ մեղքի զգացում, հոգեկան ապրումներ, սեփական սխալների գիտակցում չունենա։ Պետք է արյան մեջ հայի գեն չունենա եւ պատմական հիշողությունից էլ զուրկ լինի, որ առաջարկի մոռացության տալ Ցեղասպանությունը, մեր զոհերին եւ թուրքի ու Թուրքիայի, ադրբեջանցու եւ Ալիեւի հետ համերաշխ ու սիրով ապրել։ Պետք է անմեղսունակ լինի, որ համարի, թե այսպես շարունակվելու դեպքում հայ ժողովուրդը փայլուն ապագա է ունենալու։

 

Պետք է փաստերն ու իրադարձությունները հասկանալու-համադրելու հետ խնդիր ունենա, տարրական գրագիտությունից զուրկ լինի, որ մտածի, թե ՔՊ-ական կառավարությունն է վերջին 1 տարվա բյուջեի հավելյալ եկամուտներն ապահովել։ Պետք է կույր եւ խուլ լինի, որ հայտարարի, թե այս իշխանությունը փայլուն դիվանագիտական աշխատանք է կատարել եւ բոլոր երկրների հետ լավ հարաբերություններ կառուցել։