Օրենքը Նիկոլն է
Ֆրանսիայի Լյուդովիկոս 14-րդ դը Բուրբոն (1643-1715) թագավորին վերագրվող «Պետությունը ես եմ» արտահայտությունն ունեցել է շարունակություն: Գերմանական (և Պրուսիայի) Վիլհելմ 2-րդ (1888-1918) կայսերը վերագրվում է «Գլխավոր շտաբը ես եմ» խոսքը՝ երբ նրան ասվել է, որ իր կարծիքը չի համընկնում գլխավոր շտաբի կարծիքի հետ: «Ազատ Ֆրանսիա» (1942-ից՝ Մարտնչող Ֆրանսիա) շարժման առաջնորդ Շառլ դը Գոլին է վերագրվում «Ֆրանսիան ես եմ» արտահայտությունը՝ բարձրաձայնված ՄԹ վարչապետ ՈՒ. Չերչիլի և ԱՄՆ նախագահ Դ. Ռուզվելտի հետ խոսակցություններում: Եվ վերջապես նույն տրամաբանությամբ ՀՀ «մեծարգո վարչապետ, պարոն Փաշինյանին» պետք է վերագրվի «Օրենքը ես եմ» արտահայտությունը:
Որովհետև երբ արդեն ոչ «դուխով» Նիկոլը ցանկանում էր օրենք խախտել՝ վերջինս դիմում էր օրենքը փոխելու գործընթացին: Ինչը քաղաքական կոռուպցիայի տիպիկ դրսևորում է և արվում է սովորաբար օրենքին հետևելու տպավորություն թողնելու համար: Դրա ամենից ակնհայտ դրսևորումն, օրինակ, Սահմանադրության խախտումով Սահմանադրություն փոխելն էր՝ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանին պաշտոնանկ անելու նպատակով: Բայց քանի որ կյանքն առաջ է շարժվում, ապա «զարգանում» է նաև խախտումներ կատարելու մեթոդաբանությունը: Ինչի արտահայտությունն էր շուրջ մեկ շաբաթ առաջ տեղի ունեցածը: Խոսքը ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձի մասնակցությամբ Հակակոռուպցիոն կոմիտեի կազմավորման երրորդ տարեդարձին և այդ կառույցի ծառայողի օրվան նվիրված հանդիսավոր նիստին հնչած օրհներգի մասին է: Պաշտոնական արարողությանը հնչել է ոչ թե ՀՀ պետական օրհներգը, այլ ՔՊ-ականներ Սիմոնյան Ալենի, Գաբրիելյան Սիսակի ու Ղազարյան Թագուհու խմբագրած տարբերակը:
Իհարկե, կեղծված օրհներգ կատարելուն դրդելն այնքան էլ մեծ հանցագործություն չէ: Բայց նույն անձը հինգ տարի առաջ Մաքսային կոմիտեի աշխատակցին, օրինակ, նախատել էր միայն այն բանի համար, որ վերջինիս սենյակում ՀՀ պետական դրոշն ընդամենը դրված էր անկյունում: Ու նրան աշխատանքից ազատել էր տվել, չնայած հետո չեղարկել էր այդ որոշումը: Ստացվում է, որ երբ այդ անձը «դուխով» էր՝ Հայաստանի պետական խորհրդանիշների նկատմամբ ուներ խիստ հարգալից վերաբերմունք: Իսկ երբ վերածվեց «խեղճ հարիֆի»՝ 180 աստիճանով փոխվեց նաև վերաբերմունքը: Այնուամենայնիվ, եթե ընդունենք, որ դա օրենքի լուրջ խախտում չէ, ապա ի՞նչ հնահատական պետք է տրվի երկու տարի առաջ վերջինիս ավտոշարասյան կողմից հղի կնոջը վթարի ենթարկելով սպանելու մասին: Նախկինում, երբ «դուխով» էր՝ նրան ուղեկցում էր ոչ մեծ ավտոշարասյուն, որը ցուցադրաբար կանգնում էր լուսացույցի կարմիր լույսի տակ: Իսկ երբ վերածվեց «խեղճ հարիֆի»՝ շարասյունը մեծացավ՝ անցնելով «մերժված» Սերժի շարասյունից: Եվ, ինչն ավելի դաժան է, կանաչ լույսի տակով անցորդների համար նախատեսված անցումով անցնելիս սպանվեց ՀՀ քաղաքացին:
Ինչպես մեջբերված օրինակներն են վկայում, օրենքի առջև հավասար են բոլորը, «բայց ոմանք ավելի հավասար են»: Ինչպես ռուսներն են ասում՝ նման անձանց համար «закон не писан»: Ինձ, սակայն, ավելի է դուր գալիս այդ ասացվածքի երկրորդ տարբերակը՝ «Дуракам закон не писан»: Որովհետև գրագետ ու գիտակից մարդու համար օրենքի պահանջը մնում է գերադաս՝ ինչպիսի պաշտոն էլ ինքը զբաղեցնի: Ինչ մնում է դրա բացառությանը, ապա դրա էությունը լավագույնս ներկայացված է անգլիացի վիպասան Ջորջ Օրուելի «Անասնաֆերմա» վիպակում: Դա հենց բռնատիրական կառավարման համակարգի էությունն է: Բայց, չգիտես ինչու, անգլոսաքսերի կողմից նման երևույթի առկայությունը Հայաստանում դիտարկվում է ժողովրդավարության բարձրագույն դրսևորում: Ու աչքաթող է արվում «Օրենքը ես եմ» մտածողության առկայությունը:
Հ. Գ. Գուգլելով «Օրենքը ես եմ» արտահայտությունը՝ համացանցում հանդիպեցի դրա բազմաթիվ դրսևորումների՝ հատկապես 2000-ականների Ռուսաստանում: Փաստորեն, Հայաստանում «ժողովրդավարության փայլուն աստղ» ձևավորելով՝ ՀՀ վարչապետի աթոռից կառչած անձը կրկնում է 2000-ականների սկզբի ռուսաստանյան իրականությունը:
Կարծիքներ