Ինչպես են բարձրացնելու գիտնականի աշխատավարձը

Ինչպես են բարձրացնելու գիտնականի աշխատավարձը

Նախօրեին ԳԱԱ-ում քննարկվել են գիտաշխատողների աշխատավարձերի բարձրացման եւ գիտական կադրերի որակավորման հարցեր։ Աշխատավարձերը բարձրանալու են 2022թ. հունվարից, ուստի որակավորման գործընթացը պետք է ավարտին հասցվի 2021թ. հոկտեմբերին:

ԳԱԱ ակադեմիկոս Յուրի Սուվարյանից հետաքրքրվեցինք, թե ինչ է իրենից ներկայացնում գիտական կադրերի որակավորման գործընթացը։ «Սա գիտական կազմակերպություններին բնորոշ գործընթաց է եւ իրենից ներկայացնում է գիտական կադրերի ատեստավորման գործընթաց․ օրինակ՝ կան գլխավոր գիտաշխատողի, ավագ գիտաշխատողի, կրտսեր գիտաշխատողի պաշտոններ, որոնց համար մինչեւ հոկտեմբեր ամիսը պետք է ատեստացիա արվի, որպեսզի որոշվի, թե որ չափով է հնարավոր աշխատավարձը բարձրացնել։ Դրա համար կա համապատասխան մարմինների որոշումը, որպեսզի որոշվի կադրերի համապատասխանությունը նախօրոք սահմանված չափանիշներին, եւ ըստ այդմ՝ նաեւ աշխատավարձի բարձրացում տեղի ունենա»,- ասում է Սուվարյանն ու համոզմունք հայտնում, որ դա էապես կնպաստի գիտության զարգացմանը։

Գիտական կադրերի ատեստավորումն իրականացվում է 5 տարին մեկ, յուրաքանչյուր տարվա ընթացքում գիտաշխատողների մոտ 25 տոկոսը պետք է ատեստավորվի․ «Սա գիտաշխատողների մասնագիտական որակավորման մակարդակի նկատմամբ վերահսկողության ձեւ է, որ միշտ եղել է եւ աշխարհի բոլոր երկրներում կա։ Ատեստավորումը, բացի աշխատավարձի բարձրացումից, եւս մեկ անգամ խթան կդառնա նրանց գիտական որակավորման բարձրացման համար»։

Ատեստավորման գործընթացը իրականացնելու են հենց իրենք՝ գիտական ինստիտուտները, որեւէ պետական մարմին չի անելու։ Ատեստավորումը նոր բան չէ, միշտ էլ արել են․ «Դրա արդյունքում կճշգրտվեն, թե ով ինչ ցուցանիշներ ունի, տարեկան քանի հոդված է գրել ու որտեղ հրատարակել։ Այս կարգի չափանիշներով կորոշվի նաեւ աշխատավարձի բարձրացման չափը»։ Թե արդյունքում ինչքան է կազմելու գիտնականի աշխատավարձը, Սուվարյանը դժվարացավ ասել՝ դա պարզ կդառնա 2021-ի վերջին, երբ բյուջեն հաստատեն, կախված կլինի բյուջեի հնարավորություններից։ Գիտնականներին վստահեցրել են, որ դա արվելու է փուլային տարբերակով։ 

Հնարավոր համարո՞ւմ է, որ ատեստավորման հետեւանքով նաեւ գիտնականներ կրճատվեն։ «Կարծում եմ՝ այս փուլում դա չի լինի, այսպիսի խնդիր դրված չէ։ Այս փուլում խնդիր է դրված՝ պարզել, թե ով ինչ արդյունավետությամբ է աշխատում, եւ ըստ այդմ անել աշխատավարձի բարձրացում»։

Ի դեպ, գիտնականների հետ հանդիպման ժամանակ Գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը ներկայացրել է այս տարվա մայիսի 13-ին կառավարության որոշմամբ հաստատված գիտական կադրերի որակավորման նոր կարգը եւ գնահատման չափանիշները, որով սահմանվել են նվազագույն պաշտոնային դրույքաչափի հաշվարկման գործակիցները: Ըստ այդ որոշման 2.1. կետի՝ «ՀՀ պետական բյուջեից ֆինանսավորվող գիտական կազմակերպություններում հիմնարար եւ կարեւորագույն նշանակություն ունեցող կիրառական հետազոտությունների իրականացման, գիտական եւ գիտատեխնիկական գործունեության ենթակառուցվածքի պահպանման ու զարգացման, ազգային արժեք ներկայացնող գիտական օբյեկտների պահպանման գծով պետական ծրագրերում ներգրավված գիտական կադրերի պաշտոնային դրույքաչափի նվազագույն չափի հաշվարկի համար, որպես բազային աշխատավարձ, 2022 թվականի հունվարի 1-ից սահմանել 66 140 դրամ»: