Կարևոր է, թե ում է ձայն տալու ժողովուրդը, և ով է հաղթելու․ Նորայր Նորիկյան

Կարևոր է, թե ում է ձայն տալու ժողովուրդը, և ով է հաղթելու․ Նորայր Նորիկյան

2020 թվականի նոյեմբերի 9/10-ի կապիտուլյացիայի ստորագրումից հետո Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու տրամադրություններ են նկատվում՝ պայմանավորված երկրում առկա խորը քաղաքական ճգնաժամով։ Նախապատրաստական աշխատանքներում տարբեր կուսակցություններ հանդիպումներ, քննարումներ են ունենում միմյանց հետ։

Անցյալ տարի փաստաբան Նորայր Նորիկյանը հայտարարեց «Արդար Հայաստան» հանրային նախաձեռնություն ձևավորման մասին, իսկ այս տարի նախատեսվում է համանուն կուսակցության հիմնադիր համաժողովը։

«Հրապարակի» հետ զրույցում Նորիկյանն ասաց, որ նախապատրաստվում են հնարավոր արտահերթ խորհրդարանական ընտրություններին, իսկ նոր կուսակցության հիմնադրումը պայմանավորված է հանրային-քաղաքական կյանքում ակտիվ դերակատարություն ու մասնակցություն ունենալու, քաղաքական պրոցեսների վրա ազդելու նպատակով։ «Փետրվարի 20-ին էլ ենթադրվում է, որ հրավիրվելու է մեր հիմնադիր համագումարը, որի ընթացքում մեր դիրքորոշումը, մեր պատկերացումները և տեսլականը Հայաստանի ապագայի վերաբերյալ, ինչպես նաև արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցելու ձևաչափի մասին, առավել ընդգրկուն կներկայացնենք»,- նշեց փաստաբանը։

- Պարո՛ն Նորիկյան, քաղաքական ճգնաժամից դուրս գալու ելքերը որո՞նք են։

- Նոյեմբերի 10-ին «Արդար Հայաստան» հանրային նախաձեռնությունն առաջինն է եղել քաղաքական-հանրային դաշտում, որ Նիկոլ Փաշինյանի կողմից ստորագրված հայտարարությունից հետո հայտարարել է, որ խորացող քաղաքական ճգնաժամը կարող է հաղթահարվել բացառապես օրինական ու քաղաքակիրթ միջոցներով՝ արտահերթ խորհրդարանական ընտրությունների միջոցով։ Եվ մենք կողմնակից ենք ընտրությունների միջոցով հանգուցալուծվի երկրում խորացող քաղաքական ճգնաժամը։ Եվ հանրությունը վստահության մանդատ տա իր իշխանությանը, որը կկարողանա առավել արդյունավետ ու վճռական դիրքերից ներկայացնել Հայաստանի, մեր ժողովրդի պետական շահերը։ Բնականաբար խորացող ճգնաժամը կարող է հաղթահարվել միայն ընտրությունների միջոցով։ Այլ մեթոդ, այլ գործիք, այլ պատկերացումներ մեզ համար ընդունելի չեն։

- Իսկ ո՞ւմ օրոք պետք է լինեն արտահերթ ընտրությունները․ Նիկոլ Փաշինյանի, Վազգեն Մանուկյանի, Էդմոն Մարուքյանի, կամ այլ թեկնածու կա՞, որի օրոք կցանկանայիք, որ ժամանակավոր կառավարություն լիներ և ընտրություններ տեղի ունենային, որպեսզի վարչական ռեսուրս չկիրառվեր, և հնարավորինս արդար ու թափանցիկ ընտրություններ լինեին։

- Նոյեմբերի 10-ից հետո 17 քաղաքական կուսակցությունները, պատկերավոր ասած, ստացան հնարավորություն՝ ժամանակավոր կառավարություն ձևավորելու վերաբերյալ հանրային աջակցություն ստանալու և ժողովրդական լայն զանգվածների ազդեցության ներքո ճնշում գործադրելու գործող իշխանության նկատմամբ, որպեսզի վերջինս ներկայացներ հրաժարական, ժամանակավոր վարչապետ ընտրվեր Վազգեն Մանուկյանը, և այդ ժամանակավոր կառավարությունը կազմակերպեր արտահերթ ընտրութուններ։ Բայց, ինչպես Դուք եք տեսնում, 17 քաղաքական կուսակցությունների գործունեությունը կարելի է համարել տապալված, որովհետև նրանց գործունեության արդյունավետությունը զրո է։ Նրանք չկարողացան իրենց առջև դրված խնդիրը դարձնել իրականություն և իրենց կողմից գեներացված օրակարգը չմտավ հանրային կյանք: Օրակարգն ուներ երկու կարևոր կոմպոնենտ։ Առաջինը, որ իրենք չկարողացան Նիկոլ Փաշինյանի օրակարգից արմատականորեն տարբերվող օրակարգ ներկայացնել հանրությանը։ Եվ երկրորդը՝ ակնհայտ է, որ հանրությունը նրանց վստահության մանդատ չտվեց, այսինքն՝ դուրս չեկավ փողոց և նրանց աջակցություն չհայտնեց։

Հետևաբար, կարծում եմ, 17-ի քաղաքական հավակնությունները ձախողվել են։ Այս առումով իրենք չեն կարող որևէ արդյունավետ աշխատանք իրականացնել։ Ինչ վերաբերում է մնացած երկու հանգամանքներին։ Իմ պատկերացումը հետևյալն է (եթե դրանք քաղաքական բանաձևում տանք)՝ կարևոր չէ, թե ով է կազմակերպելու ընտրությունները, կարևոր է, թե ում է ձայն տալու ժողովուրդը, և ով է հաղթելու ընտրություններում։ Եվ եթե որևէ մեկը, այդ թվում՝ գոյություն ունեցող քաղաքական իշխանությունը, փորձ կանի որևէ ձևով անօրինական ազդել ընտրությունների ելքի վրա կամ կեղծել ընտրությունները, բնականաբար կլինեն քաղաքական ուժեր, անհատներ, ովքեր չեն հանդուրժի այդպիսի վարքագիծը։ Եվ ամեն ինչ կանեն որևէ տեսակի ընտրակեղծարարի ձեռքերը բռնելու՝ անկախ նրանից այդ ընտրակեղծարարը գործող իշխանության կազմից կլինի, թե որևէ այլ շրջանակից։ Հետևաբար, մենք պետք է գիտակցենք, որ քաղաքական ճգնաժամը հաղթահարելու համար անհրաժեշտ են արտահերթ ընտրություններ։ Իսկ թե ով կկազմակերպի, երկրորդական է այս առումով, որովհետև կարևորը ժողովրդի վստահությունն է։

- Ձեր գնահատմամբ՝ ե՞րբ պետք է ընտրությունները լինեն, որովհետև կարծիք կա, որ հասարակությունն այն վիճակում չէ, որ ընտրություններ լինեն։ Նշվում է, որ օրինակ՝ 6 ամսից պետք է լինեն կամ 1 տարուց, Դուք ի՞նչ կարծիքի եք։

- Հանրային կոնսենսուսն այն է, նաև տարբեր ճամբարներից եկող, տարբեր քաղաքական ուժերից, հոսանքներից, որ, այնուամենայնիվ, այս տարվա ավարտին պետք է տեղի ունենան խորհրդարանական ընտրությունները։ Որը հնարավորություն կտա նոր ձևավորվող քաղաքական ուժերին, նաև գործող քաղաքական ուժերին՝ պատրաստվելու այդ ընտրություններին։ Որ ինչ-որ սահմանափակ քաղաքական ուժերի կողմից բանակցությունների արդյունքում հանրությանը չբերեն-դնեն փաստի առաջ ու փորձ անեն արհեստականորեն վերարտադրման կամ իրենց դիրքերի պահպանման ակցիա իրականացնել։ Նաև, հաշվի առնելով Արցախյան պատերազմում մեր զոհված հազարավոր քաղաքացիների, զինակից ընկերների հարազատների վիճակը, այն էմոցիոնալ ֆոնը, որ այսօր առկա է մեր երկրում՝ պետք է որոշակի հանգստության ֆոն ապահովել, որպեսզի կարողանանք գիտակցված ընտրություն անցկացնել։ Եթե մեզ չհաջողվի գիտակցված ընտրություններ անցկացնել, օրինակ՝ մեկ անգամ ևս մեր հանրությանը տանենք էմոցիոնալ ընտրությունների, ես Ձեզ ասեմ, այդ ընտրություններով էլ չի հաղթահարվի քաղաքական ճգնաժամը։ Այսինքն՝ ընտրությունների արդյունքներն այնպիսի իրավիճակում պետք է կարողանանք արձանագրել, որ որևէ մեկի մտքով կասկած չլինի, որ այդ ընտրություններին հանրությունը գնացել է գիտակցված։ Եվ իր վստահության քվեն տվել է սառը, հավասարակշռված ֆոնի վրա, առավելևս ոչ թե անձերին, «փրկիչներին», այլ՝ ծրագրերին ու գաղափարներին։

- Որ նայում ենք, ընդդիմադիր դաշտը տարբեր հատվածների է բաժանված։ Կա «Հայրենիքի փրկության ճակատ» առանձին կուսակցությունների նախաձեռնություն, կա «Ազգային - Ժողովրդավարական բևեռ»՝ «Սասնա ծռեր», տարբեր գործիչներ, կա նաև «Հայ կառուցողական» կուսակցություն՝ Անդրիաս Ղուկասյանի գլխավորությամբ, «Ժառանգություն» կուսակցություն, «Հայ ազգային կոնգրես»։ Դուք հիմա ո՞ւմ հետ եք քննարկումների մեջ և ո՞ւմ հետ եք հնարավոր համարում հետագայում ընտրություններին մասնակցել, օրինակ՝ կոալիցիայով։

- Մենք չեն բացառում տարբեր ձևաչափերով համագործակցությունը և դեռևս տարբեր քաղաքակական ուժերի հետ կոնսուլտացիաներ, քննարկումներ չենք անում։ Այս պահին վաղաժամ է հայտարարել, թե մենք ինչպիսի ձևաչափ կընտրենք ընտրություններին։ Բնականավար, որքան շատ ուժեր միավորվեն, ինտեգրվեն և կարողանան վստահություն, հավատ ներշնչել մեր հանրությանը, այնքան ավելի մեծ հնարավորություն կստեղծվի արդյունք ակնկալելու։ Հիմա զբաղված ենք ընդամենը մեր նախապատրաստական աշխատանքներով։