Երբ սկսվեց գահավիժումը

Երբ սկսվեց գահավիժումը

Ինչպե՞ս պատահեց, որ 2020 թվականի պատերազմից հետո մեր երկիրն այսպես անվերահսկելի ու կործանարար գահավիժեց` հասնելով այս օրվան, երբ պատերազմից հետո այն դաժան օրերին ստեղծված վիճակն այսօր արդեն երանելի է թվում, եւ մի բան ենք միայն ուզում, որ գոնե 20 թվականի նոյեմբերի դրությունը հնարավոր լինի վերականգնել: Չէ՞ որ այդ օրերին դեռ խոսվում էր այն մասին, որ Արցախի ինքնորոշման իրավունքին այլընտրանք չկա, եւ գերտերությունների տարբեր ներկայացուցիչներ հայտարարություններ էին անում` Արցախի Հանրապետության եւ նրա կարգավիճակի մասին: Գործում էր նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆորմատը, ու անգամ համանախագահները պարբերաբար այցելում էին տարածաշրջան, հայտարարություններ անում, եւ հույս կար, որ այդ ֆորմատը կգործի ու ավարտին կհասցնի իր 30-ամյա աշխատանքը:

Ինչպե՞ս ստացվեց, որ մենք սանտիմետր առ սանտիմետր կորցրինք իրադարձությունների վրա մեր ազդեցությունը, ինչպես սանտիմետր առ սանտիմետր կորցնում էինք մեզ պատկանող տարածքները, դիրքերը, ճանապարհները, արժանապատվությունը: Արդյո՞ք դա սկսվեց այն պահից, երբ մեր զինվորականությունը, մտավորականությունը, դիվանագետները, քաղաքական, պետական գործիչները, կաթողիկոսները... ոտքի կանգնեցին` պահանջեցին պարտության մեղավորի հրաժարականը եւ չհասան հաջողության: Նա, ով պետք է հրաժարական տար, մնաց, նրանք, ովքեր պետք է բանակը վերականգնեին, դիվանագիտական ֆրոնտում աշխատանք տանեին, բանակցություններ վարեին, տնտեսությունը ոտքի հանեին, ռեֆորմներ անեին, զենք բերեին եւ այլն, հեռացան կամ հեռացվեցին ասպարեզից` իրենց տեղը զիջելով ապաշնորհներին: Եվ նա, ով պետք է հեռանար` ճանապարհ բացելով նոր հնարավորությունների առաջ, 5 տարում վերջնականապես փակեց մեր պետության առաջընթացի բոլոր խողովակները: