Վերին Շորժայում ոչ մի կրակոց չկա․ Ա․ Երանոսյան 

Վերին Շորժայում ոչ մի կրակոց չկա․ Ա․ Երանոսյան 

Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի Վերին Շորժա բնակավայրում, որը սահմանակից է 44-օրյա պատերազմի հետևանով ադրբեջանական վերահսկողության տակ անցած Արցախի Քարվաճառին, իրավիճակը շարունակում մնալ նույնը, ինչպես մայիս ամսից էր։

«Ինչպես գիտեք, այդպես է։ Ոչ մի կրակոց չկա, սովորական վիճակ է», - «Հրապարակի» հետ զրույցում ասաց բնակավայրի ղեկավար Արտյոմ Երանոսյանը։

Այսօր Սյունիքի մարզի Տեղ համայնքի ղեկավար Ներսես Շադունցը Թերթ.am-ի հետ զրույցում ասել էր, որ Սյունիքի ներխուժած ադրբեջանական ուժերն հավանաբար ավարտել են ինժեներական աշխատանքները՝ «եկած օրվանից ինտենսիվ սկսել են պաշտպանիչ խրամուղիների կառուցումը, բետոնից պատնեշներ են տեղադրել»։ Վերին Շորժայի ղեկավարի խոսքերով՝ իրենց այսպիսի բան չկա․ «Նորմալ է, ոչ մի բան չկա»։ 

Ըստ Երանոսյանի՝ հունիսի 20-ին արտահերթ խորհրդարանական ընտրությունների օրը նույնպես որևէ միջադեպ չի գրանցվել։ «Նորմալ, նորմալ, ամեն ինչը նորմալ է եղել», - եզրափակեց նա։

Մայիսի 25-ին Վերին Շորժա բնակավայրի սահմանային հատվածում հայ դիրքապահների ուղղությամբ կրակահերթեր էին արձակվել, որոնց հետևանքով մահացու հրազենային վիրավորում է ստացել պայմանագրային զինծառայող, կրտսեր սերժանտ Վ. Յ. Խուրշուդյանը (ծնված 1989 թ.)։ Ադրբեջանական ուժերը Վերին Շորժայի ուղղությամբ խորացել են մոտ 3 կիլոմետր։