Փաշինյանի այցի պատճառով գյուղացիներին «տնային կալանք» են տվել

Փաշինյանի այցի պատճառով գյուղացիներին «տնային կալանք» են տվել

Փետրվարի 20-ին Նիկոլ Փաշինյանի Լոռու մարզ այցելությունն առանց «արկածների» չի անցել։ Պարզվում է, Փաշինյանը Լոռի եւս ուղղաթիռով է մեկնել։ Կառավարական ուղղաթիռը վայրէջք է կատարել Ստեփանավանի օդանավակայանում, որտեղից Փաշինյանի մեքենաների շարասյունը գնացել է մարզի քաղաքներ։

Օդանավակայանը գտնվում է Ստեփանավան ու Տաշիր քաղաքների միջեւ՝  Տաշիր ձորի ափին ծվարած փոքրիկ Գետավան գյուղում, որտեղ հազիվ 20 տնտեսություն կա: Փաշինյանի այցն ուղղակի մղձավանջ է դարձել բոլորի կողմից մոռացված այս գյուղակի բնակիչների համար։ Վայրէջքից ժամեր առաջ գյուղը լցվել է ոստիկաններով ու Փաշինյանի անվտանգության ծառայողներով, որոնք ուղղակի ահաբեկել են մարդկանց՝ հրահանգելով հանկարծ տներից դուրս չգալ, դաշտ չգնալ։ Գյուղի կյանքը բառիս բուն իմաստով կանգ է առել մինչեւ վարչապետի հեռանալը, գյուղացիները չեն կարողացել անգամ անասուններին տիրություն անել։ 

Երեւանից ժամանած կոստյումավորները ստուգել են ոչ միայն գյուղամեջը, որ մի փոքրիկ քարուքանդ փողոց է, այլեւ գյուղացիների սեփականություն հանդիսացող հողերը, որ ոչ մի գյուղացի չպլստա։ Գյուղի կանանցից մեկը, որ տեղեկանալով վարչապետի այցի մասին, փորձել է գնալ ու նրան հանդիպել՝ գյուղի դարդուցավը պատմելու համար, վրդովվել է «տնային կալանքից», թե՝ Փաշինյան ընտրելու իրավունք ունեինք, հիմա տնից դուրս գալու, նրան տեսնելու իրավունք չունե՞նք։ «Ծառայություն է, թե չէ մեր հերը կանիծեն»,-ասել են ոստիկանները կնոջը։

Արեգ Մարգարյան