Ինչո՞ւ է ԵՊՀ-ն որոշել 100-ամյակի քեֆն անել Կարեն Կարապետյանի ռեստորանում

Ինչո՞ւ է ԵՊՀ-ն որոշել 100-ամյակի քեֆն անել Կարեն Կարապետյանի ռեստորանում

Երեւանի պետական համալսարանի 100-ամյակը հիմնավոր «հարամեցին»՝ հայտարարեցին, որ չեն նշելու, քանի դեռ ԵՊՀ ռեկտորն Արամ Սիմոնյանն է, այ, երբ նա հեռանա, փառահեղ կնշեն մայր բուհի 100-ամյա տարեդարձը։ Սակայն Արամ Սիմոնյանը հեռացավ, դարձյալ տոնական շքեղ միջոցառումներից լուր չկա։ Բայց ինչ-որ բան, այնուամենայնիվ, ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Գեղամ Գեւորգյանը որոշել է անել։ Անգամ ԵՊՀ նախկին ռեկտոր Արամ Սիմոնյանին են հրավեր ուղարկել՝ մասնակցելու ԵՊՀ 100-ամյակին նվիրված միջոցառումներին, սակայն Սիմոնյանը մերժել է հրավերը։ Այս մասին երեկ մեզ ասաց ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Գեղամ Գեւորգյանը․ «Մենք հրավեր ուղարկել ենք, ինքն ասել է, որ չի գալու»։ 
Արամ Սիմոնյանն էլ հաստատեց․ «Մեր մշակույթի կենտրոնի ղեկավարի միջոցով ուղարկել էին մի հրավեր, բայց ես, բնականաբար, չեմ մասնակցում ոչ մի միջոցառման, չեմ ուզում։ Ինձնից 100-ամյակի տոնակատարությունը խլել են, հիմա ես գնամ, էնտեղ կանգնեմ, որ ի՞նչ։ Ես ինձ համար համալսարանում աշխատում եմ, ամեն օր գալիս եմ աշխատանքի»։

Նա նաեւ նշեց, որ միջոցառումների ծրագիրն ինքը ժամանակին ընդունել է, նախապատրաստել է, հիմա թող տոնեն հարյուրամյակը համալսարանականները, ինքը միայն ուրախ կլինի, որ ամեն ինչ հաջող անցնի։ Մեր հարցին, թե ինչպես են հիմա իր հարաբերությունները ռեկտորի ԺՊ-ի հետ, Սիմոնյանն ասաց․ «Մենք չունենք որեւէ հարաբերություն, ես իմ տեղում աշխատում եմ, ինքը՝  իր տեղում»։

Հիշեցնենք, որ նոր իշխանությունը, հանձին ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանի, իր առջեւ գերնպատակ էր դրել՝ ԵՊՀ 100-ամյակն անցկացնել առանց Արամ Սիմոնյանի, եւ բազմաթիվ ճնշումների միջոցով վերջապես հասավ իր ուզածին նա ինքնակամ դիմում գրեց ու հեռացավ։ Հիմա մայր բուհի նոր ղեկավարությունը միջոցառումների պլանը նորովի է կազմել՝ հարմարեցնելով իր ճաշակին եւ նախասիրություններին։ 
Մենք տեղեկացանք, որ ԵՊՀ-ն՝ առանց մրցույթի, ինչն օրենքի խախտում է, պայմանագիր է կնքել Կարեն Կարապետյանին պատկանող «Ֆլորենս» ռեստորանի հետ, որ ԵՊՀ հարյուրամյակին նվիրված խնջույքը, որն ընդամենը 3 ժամ է տեւելու, այնտեղ անցկացնեն։ Խնջույքին նախնական հրավիրված է 400 մարդ, եւ մեր տեղեկությամբ` վճարելու են շուկայականից բավականին բարձր գին՝ ընդհանուր մոտ 20 մլն դրամ։ 
Մինչդեռ Սիմոնյանի օրոք ԵՊՀ-ն ավելի էժան տարբերակներ էր փնտրում, ընդ որում՝ արդեն գնի հարցում էին արել, որ տարբեր ռեստորաններ գնային, առաջարկներ ներկայացնեին, այսինքն՝ օրենքի տառին համապատասխան, եւ մտադիր էին մրցույթով ընտրել ամենաէժան տարբերակը։

Բայց ԵՊՀ նոր ղեկավարությունը որոշեց գնալ հնուց եկող ու նոր իշխանությունների կողմից արդեն խրախուսվող տարբերակով՝ գնումը կատարելով մեկ անձից, առանց մրցույթի ու ամենաթանկ գնով։ Գեղամ Գեւորգյանը երեկ չկարողացավ հստակ թիվ ասել, թե որքան են նախատեսել «Ֆլորենս»-ում խնջույքի համար, բայց հպանցիկ նշեց, որ 20 մլն չէ։

«Չէ, ճիշտ չի, էապես պակաս»,- ասաց նա։

- Իսկ որքա՞ն, կոնկրետ թիվը կասե՞ք։

- Դե, ճշգրիտ թիվը չեմ հիշում, կարող ա՝ 10 միլիոն, կարող է՝ 9 միլիոն, բայց 10-ից ավելի չի, հաստատ։

- Իսկ ո՞վ կարող է հստակ թիվն ասել։

- Ձեզ ի՞նչ ճշտությամբ է հետաքրքրում, 100 հազարի, 1000-ի․․․

- Պարոն Գեւորգյան, մաթեմատիկական հաշվարկ չենք անում, այդ պայմանագիրը հստակ թվով է կնքված, ինձ դա ասեք։

- Դա կախված է նաեւ, թե վերջնական քանի հոգու համար կպատվիրենք։ Առայժմ 400 հոգու համար ենք պատվիրել, եթե 20 հոգի էլ ավելանա, բնականաբար, գումարը կավելանա։ Այս պահին մոտավորապես 10 միլիոնի մասին է խոսքը։

- Իսկ մրցույթ անցկացվե՞լ է ռեստորանն ընտրելիս, թե՞ առանց մրցույթի է ընտրվել։

- Ոչ, էդ արդեն գնումների վարչություն դիմեք։

ՀԳ․ Հիշեցնենք, որ «Ֆլորենս» ռեստորանը պատկանում է նախկին վարչապետ Կարեն Կարապետյանին։ Մենք տեղեկացանք, որ ԵՊՀ-ն նախնական կանգ էր առել Արարատի նախկին մարզպետ Էդիկ Բարսեղյանին՝ Լոնդիկին պատկանող «Ռենեսանս» ռեստորանի վրա, քանի որ ամենահարմար գնային առաջարկն այնտեղից էին արել, բայց հետո, ըստ մեր տեղեկության, ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ Գեւորգ Մուրադյանը, որը Կարեն Կարապետյանի օգնականն է եղել նրա՝ վարչապետ եղած ժամանակ, դասավորել է այնպես, որ 100-ամյակի քեֆն անեն «Ֆլորենսում»։