Վանո Սիրադեղյանն ու ես

Վանո Սիրադեղյանն ու ես

Վանո Սիրադեղյանի մահը ստիպեց, որպեսզի նրա անունը 20 տարի անց կրկին դառնար հայաստանյան հանրության քննարկման թեման: Երևի վերջին անգամ: Երևի ինչ-որ ժամանակ հետո այն կմոռացվի ճիշտ այնպես, ինչպես մոռացվել էր մեկ-երկու տասնամյակ: Եվ ապագայում նրա մասին կհիշեն երևի միայն նրանք, ովքեր կսիրեն գիր ու  գրականություն: Ընդհանրապես, կապիտալիզմի ներմուծումն ու մարդկանց աղքատացումը վերջ դրեց սովետական լավագույն ավանդույթներից մեկին՝ ընթերցանությանը: Դա, բնականաբար, իր ազդեցությունը կթողնի նաև Վանոյի անվան վրա: Թեև, կարող է իշխանափոխությունից հետո, նրա ստեղծագործությունը կրկին դառնա ընթերցողի համար պահանջված: Ի՞նչ իմանաս…  

Վանո Սիրադեղյանի անվան հետ առաջին հանդիպումը (այո, հենց անվան հետ) տեղի է ունեցել 1976 թվականից՝ երբ ընդունվեցի ԵՊՀ բանասիրական ֆակուլտետ: Հենց անվան հետ, քանի որ զուտ բարեկամական շփումներ չէին եղել, իսկ թիֆլիսեցի տղան երիտասարդ գրողի մասին դժվար թե պատկերացում ունենար: Այնուհետև անունը լրացվեց նաև նրա ստեղծագործության հետ ծանոթությամբ: Դա կատարվեց նախորդ դարի 80-ականնների կեսերին Անժելա անունով աշխատանքային գործընկերուհուս շնորհիվ. վերջինս ուղղակի սիրահարված էր Վանոյի ստեղծագործությանը: Եվ դա այն աստիճան, որ Վանոյի պատմվածքների առաջին գրքույկը ձեռքից չէր գցում: Անվանումը չեմ հիշում, բայց Վիքիպեդիան հուշեց, որ դա «Կիրակի» ժողովածուն էր: 

Առաջին «ծանոթությունից» մի քանի տարի անց հրաբխի նման ժայթքեց Ղարաբաղյան շարժումը, և այդ շարժման մեջ նաև Վանոյի անունը: Սակայն իրական ծանոթություն այդպես էլ տեղի չունեցավ, չնայած մեր փոքրիկ հիմնարկի Ղարաբաղ կոմիտեն հենց իմ նախաձեռնությամբ ստեղծվեց: Այնուհետև ինչ-ինչ պատճառներով ես հեռացա և՛ լրագրությունից, և՛ քաղաքականությունից: Հին ընկերջս հետ զուտ պատահական հանդիպման շնորհիվ լրագրության ոլորտ վերադարձա 90-ականնների երկրորդ կեսին: Ու այն էլ ՀՀՇ-ի «Հայք» պաշտոնաթերթ: Ու սկսվեց՝ հարցազրույցի համար ինչ հանդիպման գնայի՝ բարևից հետո երկրորդ խոսքը «Վանոյի բարեկամը չե՞ս» հարցն էր: Հենց այդ ժամանակ նույն հարցը տրվել էր նրան, և վերջինս, իր ոգուն համաձայն, պատասխանել էր՝ «Պապիս եզան գեղից է»: Ասեմ, որ հաճելի չէր, բայց դա հենց Վանոն էր: Այն Վանոն, որին այդ ժամանակ բոլորն էին որպես այդպիսին ճանաչում:

1995-1997 թվականներին երկու անգամ փորձել եմ հանդիպել նրա հետ. առաջին անգամ՝ երբ դեռ ներքին գործերի նախարար էր, երկրորդ անգամ՝ երբ Երևանի քաղաքապետ էր: Առաջին դեպքում, որպես «միլիցու տղա», ցանկանում էի աշխատանքի անցնել ՆԳՆ-ում: Երկրորդ անգամ, երբ վերադարձել էի լրագրության ոլորտ, ցանկանում էի կասկադի դեռևս անխնամ սենյակներից մեկ-երկուսը սիմվոլիկ վարձակալությամբ դարձնել լրագրողների համար ակումբ-սրճարան: Երկու դեպքում էլ անհաջողության մատնվեցի՝ առաջին անգամ ինձ ընդունեց նրա օգնականը (արդեն մոռացել եմ անունը): Երկրորդ անգամ նամակ էի հղել քաղաքապետարան, բայց այդպես էլ պատասխան չստացա: Դրանից հետո ևս մեկ անգամ՝ 1998-ի գարնանը, կարող էի շփվել նրա հետ, երբ «Հայքի» թղթակից էի: Երկուսս էլ ճեմում էինք այն շենքի նախասրահում, որի առաջին հարկում տեղակայված էր թերթի խմբագրությունը, իսկ վերին հարկերում՝ ՀՀՇ կուսակցության աշխատակազմը: Սակայն ես չմոտեցա նրան, ինքն էլ չհետաքրքրվեց՝ թե ով եմ և ինչ գործ ունեմ այդտեղ, և մեր ծանոթությունն այդպես էլ չկայացավ: 

Ի դեպ, 1998-ի գարնանը «Հայքն» իշխանական մամուլից վերածվեց ընդդիմադիրի և օրաթերթից շաբաթաթերթի: Մինչ այդ տեղի էր ունեցել իշխանափոխություն, և Վանոյի ղեկավարությամբ ՀՀՇ-ն,  բնականաբար, դարձել էր ընդդիմադիր: «Հայքի» գլխավոր խմբագիր նշանակվեց Տիգրան Հակոբյանը՝ այսօրվա Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահը: Պարբերականի վերակազմավորման ընթացքում որպես լոռեցի միամտություն ունեցա առանց անունը տալու՝ երկու փոքրիկ հոդված գրել Վանոյի առումով: Մեկը մոռացել եմ, իսկ մյուսում այն գաղափարն էր արծարծված, որ «իշխանական ամենաթողությունից զրկված անձնավորությունը նման է ծանր հիվանդությունից ապաքինվող անձի»: Չեք հավատա, բայց ես մեջբերել եմ այս տողը բառացի՝ այն մխրճվել է հիշողությանս մեջ: Բնականաբար, դրանից հետո Հակոբյանի ընկերը, որը եկել էր նրա հետ որպես տեղակալ, ինձ հասկացրեց, որ լավ կլինի դիմում գրեմ և հեռանամ: Ես էլ սուսուփուս գրեցի ու հեռացա, թեև մինչ այդ որոշվել էր, որ ես մնալու եմ փոփոխված խմբագրակազմում: 

Հիմա անցնեմ այն հարցին, որ տարիներ առաջ անընդհատ տրվել է ինձ, և ինչ-որ ժամանակ արդիական կմնա նաև «Հրապարակի» իմ ընթերցողների շրջանում: Վանոյի մեջբերած առածի իմաստը՝ հեռավոր բարեկամի առումով, իսկապես ճիշտ է: Սիրադեղյանների տոհմը հիմնականում կենտրոնացած է Լոռիում՝ մեծ մասը Հայաստանում, իսկ փոքր մասը՝ Վրաստանում: Ինչ մնում է կոնկրետ մեր ընտանիքին, ապա դեռևս խորհրդային տարիներին Երևանում բնակվող հորաքույրս մի անգամ ինձ ասել էր, որ Վանոն մեկ-երկու անգամ եղել է իրենց տանը: Վերջինիս բնակարանը գտնվում էր Երևանի փոքր կենտրոնում, և Վանոն կարող է և այցելած լիներ իրենց: Բայց կարող է և նման բան չլիներ, և հորաքույրս սխալված լիներ: Այնպես, որ այդ հարցը բաց էր այսքան տարի, և բաց էլ կմնա: 

Իսկ Վանոյի հոգուն կարող եմ ընդամենը մաղթել հանգստություն, որովհետև շատ քչերին է տրված սիրել իր հարազատներին ու լքել նրանց, լինել նրա նման հայրենասեր և լքել հայրենիքը…