Այսօր մեզ համար խորթ չէ այն վիշտը, որն այցելել է Թուրքիայի հազարավոր ընտանիքներին։
Այս մասին հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուի հետ Անկարայում կայացած մամուլի համատեղ ասուլիսում։
«Հավատացած եմ, որ միջազգային հանրությունը մոլորակի որևէ կետում տեղի ունեցող որևէ հումանիտար ճգնաժամի պարագայում չպետք է անտարբեր մնա։ Հենց այդ սկզբունքով էր, որ ՀՀ կառավարությունը աղետալի երկրաշարժից անմիջապես հետո որոշում կայացրեց Թուրքիա ուղարկել փրկարարներ և հումանիտար օգնություն։ Ուրախ եմ, որ մեր փրկարարներին, իրենց գործընկերների հետ համագործակցությամբ, հաջողվել է փրկել մարդկային կյանքեր»,-ընդգծել է ՀՀ ԱԳ նախարարը։
Նա խորհրդանշական է համարել, որ շաբաթ օրը շուրջ 30 տարի փակի տակ գտնվող հայ-թուրքական սահմանը բացվել է Ադըյաման ուղևորվող հումանիտար օգնությամբ բեռնված հայկական բեռնատարների համար։
«Նույնը տեղի ունեցավ երեկ երեկոյան․ ժամեր անց հումանիտար օգնության հերթական խմբաքանակը կհասնի Ադըյաման»,-ասել է Միրզոյանը։