Բժշկի բացահայտումները

«Հրապարակ» թերթի հարգելի խմբագիր տիկին Արմինե Օհանյան, Ձեզ կրկին գրում է ֆրանսահայ բժիշկ, «Հայ-մեդ» բժշկական մարդասիրական ընկերության նախագահ, անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգ Ժան-Միշել Հովհաննես Էքերյանը։ Այս նամակով ես սկսում եմ իմ բացահայտումների շարքը Հայաստանի առողջապահության համակարգի աշխատանքի բացասական այն կետերի վերաբերյալ, որոնք ունեն վտանգավոր եւ նույնիսկ մահաբեր հետեւանք հիվանդների համար։ Նամակը ես կարող էի հասցեագրել Հայաստանի առողջապահության նախարար տիկին Անահիտ Ավանեսյանին՝ որպես բաց նամակ, սակայն որոշեցի դիմել Ձեզ, քանի որ Ձեր հրաշալի թերթի ընթերցողն եմ եւ հավատում եմ Ձեր թերթի ուժին։
Առաջին բացասական կետն այն է, որ Հայաստանի առողջապահության որոշ ներկայացուցիչներ չեն սիրում սովորել, վերապատրաստվել, այսինքն՝ Հայաստանում բժիշկների զգալի մասը բուժումն իրականացնում է դեռ 1950-60-ական թվերի մեթոդներով, սովետական հին ավանդույթներով եւ գիտելիքներով, որոնք արդեն վաղուց չեն օգտագործվում համաշխարհային բժշկության մեջ։ Հիմա 2024 թիվն է, եւ այսօր Հայաստանում նույնիսկ ախտորոշումն է տարբերվում` չի համապատասխանում ժամանակակից բժշկական գիտելիքներին եւ չափանիշներին։ Իսկ, ինչպես գիտենք, ճիշտ բուժման համար անհրաժեշտ է նախեւառաջ ճիշտ ախտորոշում։
Ցավոք, այսօր Հայաստանում դեռ կան բժիշկներ, որոնց մոտեցումը բժշկությանն ուղղակի սխալ է, որովհետեւ չեն կարդում, կիսագրագետ են: Իհարկե, խոսքս ոչ բոլոր հայ բժիշկներին է վերաբերում։ Ինձ այսօր մտահոգում են հայկական բժշկության թերությունները, որոնց պատճառներից մեկը մի խումբ կիսագրագետ բժիշկներն են, ովքեր չեն ուզում կարդալ, սովորել: Այդ բժիշկները գնում են կեղծ վերապատրաստման՝ այնքան, որ իրենց անունը գրված լինի սեմինարի կամ համաժողովների մասնակիցների ցուցակում, այցելում են երկու, անգամ մեկ ժամով, կեսը հասկանում են, կեսը՝ ոչ, քանի որ չեն տիրապետում անգլերենին, եւ վերադառնում եմ վկայականով, անունը դնում են, թե իբրեւ վերապատրաստվել են Ֆրանսիայում, Ամերիկայում եւ այլուր․․․ Ու ասում են՝ եկեք ինձ մոտ բուժվելու, քանի որ ես վերապատրաստվել եմ Եվրոպայում, Ամերիկայում, եւ իմ գներն էլ ավելի բարձր են հենց այդ պատճառով։
Առողջապահության համակարգի երկրորդ թերությունը, իմ կարծիքով, այն է, որ բժիշկների մի տեսակ կա, որն ուզում են անպայման ցույց տալ, որ իրենք ունեն ամենալավ բժշկական սարքավորումները, երբեմն բերում են գերթանկ սարքեր, որոնց ճիշտ օգտագործման նույնիսկ ձեւը չգիտեն: Գովազդում են այդ սարքերը՝ անպայման նշելով գինը, եւ այդ պատճառով էլ բարձրացնում են իրենց ծառայությունների գները։ Ես ռեանիմատոլոգ եմ եւ Հայաստանում ռեանիմացիաների ժամանակ տեսնում եմ, որ բժիշկների մի ստվար խումբ բացարձակ հասարակ միջազգային հիվանդություններ չի կարողանում ճշգրիտ ախտորոշել, քանի որ չեն ուզում փոխել իրենց սովորությունները, չեն ուզում խորացնել իրենց գիտելիքները եւ վերապատրաստվել։ Ես շատ եմ տեսել դա Հայաստանում ու մեծապես ցավում եմ իմ հայրենիքի համար, ցավում եմ մեր ժողովրդի համար։
Իմ կարծիքով՝ Հայաստանի առողջապահության համակարգում երրորդ եւ ամենավտանգավոր թերությունը բժիշկների սուտ խոսելն է, այսինքն՝ ասում են հիվանդին, որ դու ունես այսինչ հիվանդությունը, սխալ ախտորոշում են անում, երբեմն՝ դիտավորյալ, բայց իրականում հիվանդն այդ հիվանդությունը չունի, եւ հետո իզուր հեռացնում են, օրինակ՝ հիվանդի արգանդը, լեղապարկը, կույր աղիքը կամ իզուր օրթոպեդիկ վիրահատություններ են անում։ Դեպքերը չափազանց շատ են, որոնց ես անձամբ ականատես եմ եղել։
Բժշկությունն այսօր Հայաստանում մեծ եւ շահութաբեր բիզնես է դարձել, նույնիսկ կարելի է ասել, որ թմրադեղերի բիզնեսից էլ ավելի շահութաբեր է: Ես դա կարող եմ վստահ ասել, քանի որ տեսել եմ այդ ամենը։ Բազմաթիվ անգամ տեսել եմ հիվանդների, որոնց սխալ ախտորոշում է դրվել կամ էլ ճիշտ ախտորոշում է դրվել, բայց սխալ բուժում է արվել, որպեսզի հիվանդը շատ գումար ծախսի։ Կարծում եմ՝ միայն դա է պատճառը։ Եվ դա շատ ցավալի ու շատ ամոթալի է բժշկի համար։
Ես անձամբ չեմ կարծում, որ Հայաստանն աղքատ երկիր է․ Հայաստանը վաղուց արդեն աղքատ երկիր չէ, միայն թե գումարը ճիշտ չի բաժանվում, միայն թե կառավարությունը ժողովրդի հանդեպ հոգատար չէ, իրականում՝ չի ուզում օգնել ժողովրդին, այլ՝ ցուցադրական, թե ամեն ինչ անում է, իբրեւ թե օգնում է։ Ես կարող եմ կետ առ կետ նշել իմ կողմից բացահայտված ՀՀ առողջապահության համակարգի թերությունները եւ խախտումները՝ օրինակներով։
Առաջինը․ վերցնենք պետպատվերը։ Կան հիվանդություններ, որ պետք է մտնեն պետպատվերի փաթեթի մեջ, բայց չեն մտնում: Օրինակ, կան հիվանդներ, ովքեր չեն կարողանում քայլել՝ ծայրահեղ արթրոզի պատճառով։ Այդ հիվանդը եթե ուզում է բուժվել, եթե ուզում է քայլել, այսօր Հայաստանում պետք է մուծի առնվազն 3-4 հազար դոլար՝ կախված հիվանդի վիճակից։
Երկրորդ օրինակը՝ շաքարախտը, որի տոկոսը Հայաստանում մյուս երկրներից ավելի բարձր չէ, որովհետեւ հիմա սնունդը Հայաստանում համեմատաբար լավ որակի է, եւ ֆասթֆուդը, այսինքն՝ արագ պատրաստվող սնունդը, այդքան տարածված չէ Հայաստանում, ինչպես, ասենք, Ամերիկայում, Կանադայում կամ եվրոպական երկրներում։ Շաքարախտով հիվանդների մեծամասնության մոտ երկրորդ տիպի շաքարախտ է, հիմնականում տարիքով մարդիկ են ունենում այդ տիպի շաքարախտ։ Եվ այդ մարդկանց համար Հայաստանում շաքարախտի դեղորայքն անվճար չէ։ Ողջ աշխարհի բժիշկները լավ գիտեն, որ շաքարախտի դեպքում առաջին դեղը Մեդֆորմինը պետք է լինի, երկրորդը՝ Դիաբետոնը, հետո՝ մյուս դեղերը, եւ վերջում՝ Ինսուլինը։ Իսկ հիմա ի՞նչ են անում Հայաստանում, ֆրանսիական «Սերվիե» դեղագործական կազմակերպությունը 20 տարի է՝ հայաստանյան բժիշկների ուղեղները լվացել եւ հավատացրել է, որ բոլոր հիվանդներին առաջին փուլում նշանակեն Դիաբետոն եւ երկրորդ փուլում՝ Մեդֆորմին, որը բացարձակապես սխալ մեթոդ է, բոլորովին հակառակը պետք է անել, քանի որ Մեդֆորմինն է, որ բուժում է։ Իսկ ի՞նչ է պատահում, եթե առաջին փուլում հիվանդն ընդունի Դիաբետոն։ Պարզապես հիվանդները չեն բուժվում։ Այսօր Հայաստանն արտադրում է Մեդֆորմին, բայց շատ վատ որակի, եւ երեւում է, որ այդ պատճառով է էժան, եւ հիվանդները չեն բուժվում այդ դեղորայքով ու նույնիսկ ավելի են վատանում։ Իսկ եթե հիվանդին Ինսուլին է պետք, ապա այն անպայման պետք է անվճար լինի, բայց Հայաստանում հիվանդները չափազանց անորակ անվճար Ինսուլին են ստանում։ Արդեն երեսուն տարուց ավելի նոր որակի Ինսուլին է արտադրվում աշխարհի բոլոր երկրներում, եւ այդ Ինսուլինի օգնությամբ շատ հեշտությամբ պահպանվում է հիվանդի արյան մեջ շաքարի անհրաժեշտ մակարդակը։ Այդ որակի դեղորայքներ չկան Հայաստանում, ցավոք, սակայն կա ցուցադրական բուժում, այսինքն՝ կառավարությունը ցուցադրական վատ որակի անվճար դեղորայք է բաժանում շաքարախտով հիվանդներին, եւ այդ դեղերը ոչ թե չեն ազդում, չեն օգնում, այլ ավելի են վատացնում հիվանդների վիճակը: Այդ դեղերից առաջանում է երիկամային անբավարարություն, որը պետք է հիվանդին տանի դիալիզի։ Այդ բուժման հետեւանքը կարող են լինել ինֆարկտը եւ ինսուլտն, ու հանգեցնի հիվանդի մահվան։
Եվս մեկ օրինակ բերեմ․ Հայաստանում զոհված զինծառայողի ընտանիքը պետք է գրանցվի` անվճար համակարգչային տոմոգրաֆիա անելու համար, բայց միայն երկու ամիս հետո կարող է անել անվճար, այսինքն՝ եթե երկու ամիս հետո անի համակարգչային տոմոգրաֆիան, հիվանդը կտուժի եւ այդպես էլ չի բուժվի կամ ավելի կվատանա եւ նույնիսկ մինչեւ այդ երկու ամիսը լրանալը կարող է մահանալ՝ այդպես էլ չկարողանալով անել այդ անվճար տոմոգրաֆիան։ Պետք է առողջապահության նախարարությունը հաշվի առնի այն փաստը, որ որոշ դեպքերում պետք է շատ շտապ գործել եւ, այո՛, զոհված զինծառայողի ընտանիքին պետք է ժամանակին տրամադրել անվճար բոլոր անհրաժեշտ բուժզննումները՝ պետպատվերի շրջանակում։
Այսօր առողջապահության համակարգը Հայաստանում դիտարկվում է պարզապես որպես բիզնես, թույլ են տալիս, որ բազմաթիվ նոր կլինիկաներ բացվեն, հատկապես՝ Երեւանում։ Նույնիսկ պարզվում է, որ շրջանների բժիշկներն ուղարկում են իրենց հիվանդներին՝ վիրահատվելու Երեւանում, եւ ամեն մի ուղարկած հիվանդի համար գումար են ստանում, նույնիսկ եթե հիվանդը վիրահատության կարիք չունի։ Այսինքն՝ բժշկը սխալ ախտորոշում եւ ցուցում է գրում հիվանդին եւ ուղարկում Երեւան՝ վիրահատության, այդպիսով գումար է աշխատում այդ հիվանդի վրա ե՛ւ ուղարկող բժիշկը, ե՛ւ վիրահատող բժիշկը։
Նկատել եմ նաեւ, որ Հայաստանն այսօր շատ է առաջնորդվում ամերիկյան բժշկության օրինակներով եւ ամերիկացի բժիշկների ցուցումներով․ կառավարությունը քաջալերում է եւ նույնիսկ ֆինանսավորում է այդպիսի կլինիկաների բացումը երկրում։ Նույնիսկ այդպիսի կլինիկաների ակտիվ գովազդ է արվում Ֆեյսբուքում, որն անթույլատրելի է։ Այո, ԱՄՆ-ն հարուստ երկիր է, բայց ամերիկյան բժշկությունն այսօր լավագույնը չի համարվում։ Լավագույն բժշկությունն այսօր կարելի է համարել եվրոպական երկրներինը՝ Բելգիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Շվեյցարիայի եւ այլն։ Այժմ ՀՀ առողջապահության նախարարությունում խորհրդական է աշխատում ֆրանսահայ բժիշկ Լորանս Թերզեն, որն ինձ ասում է, որ իրեն բացարձակ չեն լսում, քանի որ կառավարությունում շատ են ամերիկացի բժիշկները եւ խորհրդատուները, եւ զարգացնում են միայն ամերիկյան բժշկությունը, որը, ցավոք, դրական փոփոխությունների չի բերում։
Նկատել եմ նաեւ, որ այսօր Հայաստանում կանանց կրծքի քաղցկեղի հետազոտման գործընթացը շատ ծանր վիճակում է, հատկապես՝ շրջաններում, քանի որ համապատասխան սարքավորումներ չկան։ Շրջաններից կանայք չեն գնում Երեւան` հետազոտվելու, քանի որ հեռու է, եւ բավականին թանկ է հետազոտությունը։ Իսկ ի՞նչ է պատահում, երբ կրծքի քաղցկեղը չի հետազոտվում ժամանակին։ Այո, բացահայտվում է շատ ուշ, երբ արդեն անհնար է փրկել հիվանդի կյանքը։ Նշեմ, որ կրծքի, ենթաստամոքսային գեղձի եւ գլխուղեղի քաղցկեղներն ամենաերկար բուժում պահանջող քաղցկեղներն են, հետեւաբար՝ որքան շուտ բացահայտվեն, այնքան՝ լավ։ Իսկ ինչո՞ւ չպետք է լինեն մամոգրաֆիայի անվճար հետազոտություններ Հայաստանի շրջաններում, ինչո՞ւ չունենք հատուկ սարքեր, օրինակ՝ Վանաձորում, որտեղ կարող ենք անվճար հետազոտություն անել բոլոր տարիքի կանանց համար, ինչո՞ւ չպետք է լինեն պարտադիր անվճար հետազոտություններ բոլոր կանանց համար թե՛ շրջաններում եւ թե՛ Երեւանում։ Աշխարհի բոլոր երկրներում գործում է այդ համակարգը։ Եթե իրականում պետությունը հոգատար է ժողովրդի հանդեպ, պետք է մեծ փոփոխություններ անի առողջապահության համակարգում։
Շարունակելի
Ժան-Միշել Հովհաննես Էքերյան
Կարծիքներ