Վիրավոր երեխեք ունենք․ ոչ մի բան չեն ձեռնարկել, որ երեխեքին հանեն․ Փաշինյան, դիմում եմ Ձեզ

Ադրբեջանի վերջին ագրեսիայի հետևանքով անհետ կորած զինծառայողների ծնողներն ու հարազատները այս պահին բողոքի ակցիա են իրականացնում ՀՀ Պաշտպանության նախարարության շենքի դիմաց։ Ծնողները համապատասխան մարմիններից հստակ տեղեկություն են պահանջում, որտեղ են իրենց երեխաները, ինչու մինչև այս պահը որևէ լուր նրանց չի փոխանցվել իրենց որդիների վերաբերյալ։
«Հիմա էն, ինչ ասելու եմ, ուզում եմ հենց սզբից ասել, որ քաղաքականության հետ կապ չունի, չենք քաղաքականացնելու սա միանշանակ։ Ես դիմում եմ մեր ողջ հանրությանը։ Դիմում եմ նաև վարչապետին, դիմում եմ որպես ծնող։ Պրն Փաշինյան, դիմում եմ Ձեզ որպես ծնող, դուք էլ եք ունեցել ծառայող զինվոր որդի։ Ակնկալում եմ Ձեզնից, որ զինվորի ծնողի աչքերով նայեք էս ժողովրդին ու ձեր խոսքը ասեք էս ժողովրդին»,- լրագրողների հետ զրույցում ասաց անհետ կորած զինծառայողներից մեկի ծնողը։
«Պրն Պապիկյան, ուղիղ արդեն 13 օր է՝ մենք որևէ տեղեկատվություն չունեք մեր երեխաներից։ Ուզում եմ հասկանալ՝ 13 օր անցել է արդեն, այս ընթացքում դուք ի՞նչ միջոցներ եք ձեռնարկել համապատասխան քայլերի համար։ Ունենք վիրավոր երեխեք։ Դուք ոչ մի նախաձեռնություն չեք ձեռնարկում, որ գոնե վիրավոր երեխեքին հանեիք, երեխեքը գոնե հիմա փրկված կլինեին։ Խոսքը կոնկրետ Վերին Շորժայի մասին է։ Երեխեքը կռվել են, վիրավորվել են, ոչ մի նախաձեռնություն չկա։ Հիմա արդեն գելերը հոշոտած կլինեն էդ երեխեքին, ո՞նց են տանելու տան էդ ծնողներին»,- հավելեց նա։
Կարծիքներ