Գիշերօթիկների սաներին բաժանել են միջին եւ բարձր ռիսկային խմբերի 

Գիշերօթիկների սաներին բաժանել են միջին եւ բարձր ռիսկային խմբերի 

Կառավարությունն առաջարկել է Գյումրիում երկու գիշերօթիկ լուծարել: Փակվելու ճանապարհին են «Գյումրու երեխաների խնամքի և պաշտպանության թիվ 1» եւ «Գյումրու Ֆրիտյոֆ Նանսենի անվան երեխաների խնամքի և պաշտպանության թիվ 2 գիշերօթիկ» հաստատությունները: Հստակ հանձնարարական կա՝ սեպտեմբերի 1-ից չընդունել նոր երեխաներ: 
 Գիշերօթիկների լուծարումը շատերի կարծիքով երեխաներին ոչ թե ընտանիք կվերադարձնի, ինչպես կառավարությունն է հիմնավորում իր քայլն, այլ հակառակը, գիշերօթիկներում ներկա պահին խնամվող երեխաներին կնետի ուղիղ փողոց՝ հանցագործության, մուրացիկության եւ թափառական կյանքի հորձանուտը:

Այսօր Գյումրու «Երկխոսության մեդիա» կենտրոնում հենց այս թեման է քննարկվել: Գյումրու երեխաների խնամքի և պաշտպանության թիվ 1 գիշերօթիկ հաստատության» տնօրեն Գինուշ Զատիկյանի խոսքերով դեռ 2014-2016թթ.-ին է խնդիրը խորքային ուսումնասիրվել, եւ արդյունավետ որոշում է կայացվել, որ լուծարելու փոխարեն ավելի լավ է կանխարգելման ծրագիր իրականացնել: Աշխատանքների արդյունքում նախկին 120-ից ավել երեխաների փոխարեն այժմ իրենց հաստատության սաների թիվը կրկնակի կրճատվել է՝ հասնելով  63-ի:Այս տարի նրանցից 36-ը  շարունակելու է գիշերել հաստատությունում մինչև տարեվերջ, իսկ մնացածը, ստանալով հասանելիք փաթեթը՝ հագուստ,սնունդ, վերադառնալու է տուն:

Ովքե՞ր են գիշերելու, ովքե՞ր՝ ոչ,տնօրենները պարզաբանում են: Պարզվում է՝ երեխաներին բաժանել են միջին եւ բարձր ռիսկային խմբերի, հենց վերջիններն էլ գիշերելու են գիշերօթիկում: «Բարձր ռիսկայինները նրանք են, որոնց ծնողներն ունեն կախվածություն, եւ երեխայի կյանքն ընտանիքում վտանգված է: Միջինն այն է, որ ծնողներն ավելի ուշադիր են, բռնություն չկա, բայց աշխատանք չունեն»,-ասում է թիվ 1 գիշերօթիկի տնօրեն տիկին Զատիկյանը: Իսկ թե ո՞վ է ապահովելու այն երեխաների անվտանգությունը, որոնք ստիպված են գիշերելու տանը, իսկ ծնողները գիշերն են աշխատանքի, որևէ մեկը պատկերացում չունի: Այս տարի Գյումրու գիշերօթիկների տնօրեններն ստիպված են եղել մերժել շուրջ 30 դիմում: Նախատեսվում է Գյումրիում գիշերօթիկների փոխարեն ստեղծել ճգնաժամային կենտրոններ: 6 ամիս ժամկետով երեխան տեղափոխվելու է այնտեղ: Եթե այդ ընթացքում ծնողների հետ աշխատանքներն արդյունք չտան, ապա որոշում է կայացվելու երեխային հանձնել խնամատար ընտանիքի: «Մարզում խնամատար ընտանիքի ինստիտուտ է ձևավորվելու»,-նշում է տնօրենը: Մինչդեռ ոլորտի մասնագետները թերահավատորեն են վերաբերում թե՛ ճգնաժամային կենտրոնների ստեղծմանը, թե՛ խնամատար ընտանիքների ձևավորմանը, քանի դեռ Հայաստանում առաջնահերթ կայացած չէ սոցիալական աշխատողի ինստիտուտը: Ի դեպ, նշենք, որ Գյումրիում խնամատարության վիճակագրություն գրեթե չկա: Մարդիկ ցանկանում են երեխաներ վերցնել մանկատներից, բայց ոչ՝ գիշերօթիկներից: Այս ամենին մեկ հավելում ևս: Մինչև տարեվերջ Գյումրու գիշերօթիկները փակվելու դեպքում՝ գործազուրկների թիվը կհամալրվի 150-ից ավել քաղաքացիներով: