Հիմա էլ «գցում է» Շառլ Միշելի գրպանը

Հիմա էլ «գցում է» Շառլ Միշելի գրպանը

Նախ ուզում եմ ասել, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկներից առնվազն երկուսը ողջունել ու աջակցել են տեղի ունեցող բանակցություններին, քննարկումներին։ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիրը վերահաստատել է այն սկզբունքերը, որոնք դրված են Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման գործում։ Այս մասին քիչ առաջ ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց վարչապետ Փաշինյանը՝ անդրադառնալով ՔՊ-ական պատգամավորի՝ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հայտնի հայտարարության վերաբերյալ հարցին։ 

«Ղարաբաղյան հիմնախնդրի վերաբերյալ Բրյուսելում բնականաբար տեղի է ունեցել շատ լուրջ քննարկում։ Այդ քննարկման արդյունքներով արձանագրվել են Հայաստանի ու Ադրբեջանի դիրքորոշումների տարբերությունները։ Իսկ թե ինչպիսին են այդ տարբերությունները, այդ տարբերությունները արտահայտված են հրապարակայնորեն։ Այն նկատի ունեմ, որ Ադրբեջանը համարում է, որ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը լուծված է, Հայաստանը համարում է, որ հիմնախնդիրը լուծված չէ։ Խաղաղության բանակցությունների հնարավոր համատեքստում դուք գիտեք, որ Ադրբեջանը ներկայացրել է իր հինգ սկզբունքները, մենք ներկայացրել ենք մեր դիտարկումներն ու օրակարգը այդ կապակցությամբ ու ասել ենք, որ դրա հիման վրա պիտի տեղի ունենան բանակցություններ։ Մեր առաջադրած սկզբունքներում արձանագրված է, Լեռնային Ղարաբաղի հայության անվտանգությունը, իրավունքները ու Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի ճշգրտումը։

Քանի որ հիմա քննարկումների արդյունքում համաձայնություն չի ձևավորվել կողմերի միջև ձևակերպումների շուրջ, Եվրամիության խորհդի նախագահը որոշել է իր կողմից անել մեկնաբանություններ, որոնք իր կարծիքով, իր տեսակետով հնարավորինս շատ էլեմենտներ կարտահայտեր երկու կողմերի դիրքորոշումներից։ Ինչքանով է ստացվել, ինչքանով է դա ճշգրիտ, դա ուրիշ քննարկման հարց է, իսկ այլ բան է, որ մենք մեր դիրքորոշումները հստակորեն արտահայտել ենք։ Իսկ մեր դիրքորոշումների մեջ փոփոխություններ չկան, մենք շարունակելու ենք գնալ այդ ճանապարհով»,- ասաց Փաշինյանը։