Լավրովին տարընթերցելու կարիք չկա

Լավրովին տարընթերցելու կարիք չկա

Ի՞նչ են քննարկել Սոչիում Ալիեւն ու Պուտինը, անդրադարձե՞լ են, արդյոք, արցախյան խնդրի կարգավորմանը: Կարծես՝ ոչ: Ալիեւն ու Պուտինն իրենց հայտարարություններում որեւէ ակնարկ չեն արել այդ մասին, իսկ մեզնից էլ, թարսի պես, մարդ չի եղել այդ հանդիպմանը: Այնպես որ, ստիպված ենք բավարարվել ռուսական կողմի տեղեկատվությամբ, ըստ որի՝ երկու երկրների ղեկավարները միմյանց գոհունակության խոսքեր են շռայլել, մի փոքր նեղսրտել, որ երկար ժամանակ է, ինչ չեն հանդիպել (Ալիեւը ճշտել է՝ 4 ամիս), ապա դրական դինամիկա արձանագրել առեւտրատնտեսական հարաբերությունների զարգացման գործում: Ընդհանուր առմամբ՝ թերեւս այսքանը: «Ռիա Նովոստիի» հաղորդագրության մեջ, կարծես միտումնավոր, ընդգծված է նաեւ, որ Ալիեւը ռուս-ադրբեջանական հարաբերությունները բնութագրել է որպես ռազմավարական գործընկերություն: Սա նորություն չէ, իհարկե, բայց հետաքրքիր է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից հայ-ռուսական հարաբերություններին տված «խայտառակ» բնութագրի ֆոնին, որ նույնությամբ կրկնում է Ալիեւի ձեւակերպումը՝ անտեսելով Հայաստան-Ռուսաստան հարաբերությունների դաշնակցային լինելու կարեւոր հանգամանքը:

Միջազգային հարաբերություններում բառերն ու արտահայտությունները, անշուշտ, ավելի լայն նշանակություն ունեն, քան դրանց զուտ լեզվաբանական բառիմաստները: Միջազգային ասպարեզում հաջողակ են հատկապես այն առաջնորդները, որոնք կարողանում են որոշակի առաջընթաց գրանցել իրենց դիվանագիտական լեզվամտածողության եւ դիմացինի դիվանագիտական լեզուն հասկանալու ասպարեզում: Առաջնորդների հետ այդ ուղղությամբ մասնագետներ են աշխատում, նիստուկաց սովորեցնում նրանց՝ սա նորմալ է: Մեզ մոտ առաջնորդին բան սովորեցնելը նոնսենս է համարվում, մեզ մոտ առաջնորդն է դիվանագետներին դիվանագիտություն սովորեցնում: Մեկ օրինակ բերեմ ընդամենը:

ՀՀ վարչապետը դեսպաններին հանդիմանում է իրենց «վստահված» երկրներից ներդրումներ չապահովելու համար: Սա դիվանագիտությունից ոչինչ չհասկանալու եւ դիվանագետներին դիվանագիտություն սովորեցնելու վառ օրինակ է: Ավելին ասեմ՝ Փաշինյանը, ասենք՝ Ռուսաստանի հայ գործարարների հետ հանդիպմանը բացեիբաց կոչ է անում Ռուսաստանում աշխատած միլիոնները բերել Հայաստան: Յուրաքանչյուր 4-րդ դասարանցի ապագա դիվանագետ ձեզ կասի, որ «փողի ու ներդրումների մեծ կարիք ունեցող» Պուտինի քթի տակ նման հայտարարություն անելու համար կա՛մ պետք է շատ քաջ լինել, կա՛մ չափազանց համարձակ: Փաշինյանի թե՛ քաջությունն է տեղը եւ թե՛ համարձակությունը, դուխի մասին էլ՝ չասած: Բայց ինչո՞ւ ներդրումներ չկան: Այ, այս մասին պետք է մտածել եւ ոչ թե դիվանագետներին մեղադրել: Բայց նույնիսկ, եթե դեսպաններն էլ կարողանան Փաշինյանի համարձակությունն ու քաջությունը ցուցաբերել օտար երկրներում, միեւնույն է, դա բավարար չէ ներդրումներ ապահովելու համար: Մեռանք ասելով՝ ներդրումներ ունենալու համար առաջին հերթին գրավիչ ներդրումային միջավայր պետք է ապահովել: ՊԵԿ-ին ու ՀԴՄ-ներին զոռ տալու փոխարեն որեւէ ոլորտ ազատեք հարկերից: Գյումրիում բնակարանաշինությունը 5 տարով ազատեք հարկերից, եւ 5 տարուց մենք այնտեղ տնակներ չենք ունենա: Ես տնտեսագետ չեմ, բայց Բաթումն իմ աչքի առջեւ կառուցվեց ու դարձավ միջազգային բիզնես կենտրոններից մեկը Հարավային Կովկասում: Այսօր արդեն հայաստանյան բանկերն են շահավետ վարկեր տրամադրում մեր քաղաքացիներին՝ Բաթումում ծովային տեսարանով մատչելի բնակարաններ գնելու համար: Դուք լսե՞լ եք, որ Վրաստանի վարչապետը գա Հայաստան ու «պահանջի», որ փողերը տանենք Վրաստան: Նիկոլ Փաշինյանի ահից ո՞վ այդպիսի բան կանի, չէ՞:

Սոչիում իսկական դիվանագիտությունը սկսվել էր Պուտին-Ալիեւ հանդիպման նախօրյակին՝ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի պարզ մի հայտարարությամբ, որին մեր արտգործնախարարությունը, եթե չեմ սխալվում, «լայեղ արեց» արձագանքել խոսնակի մակարդակով, թե բա՝ միակողմանի էր: Ես համամիտ չեմ: Ավելին՝ դեմ եմ, որովհետեւ մեր արտգործնախարարության այդ գնահատականը հայրենի քաղվերլուծաբաններին իրավունք տվեց սազն առնել ու ընկնել ժողովրդի ջանին, թե տեսա՞ք, Ռուսաստանն ու Ադրբեջանը գաղտնի գործարքների մեջ են Ղարաբաղի հարցով: Մի հատ Լեւոն Շիրինյան ունենք, նա էլ հասավ այնտեղ, որ դուխով հայտարարեց՝ Ռոհանիի պես բարեկամ ունենք, էլ Պուտինն ո՞վ ա…: Քնած չէր նաեւ Հայաստանի հեղափոխական իշխանության «թույն ընդդիմությունը»՝ ՀՀԿ-ն: Շարմազանովը, Լավրովի հայտարարությունից հուզված եւ Ղարաբաղը չտալու վճռականությամբ, պահանջում է Նիկոլ Փաշինյանի հրաժարական եւ ԱԺ արտահերթ ընտրություններ…

Մի խոսքով՝ Հայաստանում, ով չի ալարել, այս օրերին դեմագոգիայով է զբաղված:

Սերգեյ Լավրովի հայտարարությունը «միակողմանի» բնորոշելուց առաջ, ես այսպես եմ հասկանում դիվանագիտությունը. պետք է նախ ինքներս մեզ հարց տանք. էս որ տարիուկես է՝ միակողմանի ապուշությամբ ենք զբաղված, չե՞նք մտածում, որ կարող են մեզ կարգի հրավիրել: Ո՞ւր են կորել մեր էն քաջազուն եվրախորհրդարանականները, որոնք «միակողմանիորեն» ու «դուխով» դեմ էին քվեարկում ԵԽԽՎ-ում Ռուսաստանի ներկայությանը: Բա դրանց բերեք հրապարակ՝ տփենք, ախպեր, ու ձեռքի հետ էլ հասկանանք, թե ինչու է Հայաստանը մնացել, բայց մեր երկրի վարչապետը հեռացվել ՌԴ նախագահի օրակարգից: Ու դեռ լավ է, որ գոնե ՌԴ արտգործնախարարն է մեջբերում մեր վարչապետի խոսքերն ու դիսկուրս կազմակերպում դրանց շուրջ՝ ասելով, որ, քանի դեռ բանակցային գործընթաց կա (թեկուզ՝ կանգնած), չի կարելի այդ գործընթացին չնպաստող հայտարարություններ անել:

Ես կառաջարկեի ուշադրություն դարձնել Լավրովի հայտարարության այդ տողերին. «Կողմերը լուրջ հայտարարություններ են անում, որոնք չեն նպաստում քաղաքական գործընթացի համար բարենպաստ մթնոլորտի ձեւավորմանը»: Իսկ մնացածը, որ Լավրովը հիշատակել է, մասնավորապես, «Արցախը Հայաստան է» Փաշինյանի հայտնի հայտարարությունը, եւ զուգահեռներ տարել Ալբանիայի վարչապետի՝ «Կոսովոն Ալբանիա է» հայտարարության հետ, մեծ հաշվով, նրա նախորդ մտքի շարունակությունն է, որ պետք է սպասել բանակցային գործընթացի տեղից շարժվելուն: Լավրովը, ի դեպ, դժգոհ էլ չէ այս պահին շփման գծում առկա վիճակից՝ կրակոցները չեն ավելացել, խոշոր ընդհարումներ չկան: Եվ, ուրեմն, ինչո՞ւ նրան մեղադրել միակողմանի հայտարարություն անելու մեջ եւ ոչ թե Նիկոլ Փաշինյանին, որն իր հայտարարություններով ստիպեց, որ Ալիեւն էլ հայտարարի, թե «Քարաբախը Ադրբեջան է», իսկ Ադրբեջանի ժողովրդի ցանկությունը «Քարաբախն» ազատագրելն է: