Անավարտ զրույցներ-2

Անավարտ զրույցներ-2

Նվիրվում է Վազգեն Սարգսյանի մահվան 20-րդ տարելիցին

Սկզբում իր ելույթներում շատ խոստումնալից էր երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը: Թվում էր, թե նա ջանում է «շողուլի» բերել երկիրը: Բայց որքան մեծ հույսեր ծնեց սկզբում, այնքան ավելի մեծ եղավ հիասթափությունը վերջում: Նրա օրոք ընտրակաշառքի կիրառումը հասցվեց պետական քաղաքականության աստիճանի: Յուրաքանչյուր մարզում այդ գործընթացի համար «կարգվեցին» տեղական ֆեոդալներ ու իշխանիկներ: Որոշումների կայացմանն իրավասու լինելու եւ ազատորեն գործելու համար, անկախ իրենց ունեցած գաղափարական առանձնահատկություններից ու մակարդակից, նրանք սահուն կերպով ընդգրկվեցին իշխող կուսակցության խորհրդում՝ դրանով իսկ փողը դարձնելով քաղաքականության հիմնական շարժիչ ուժը Հայաստանում: Այս խառնախմբի կյանքի գլխավոր խնդիրը դարձավ ձեռք բերած արտոնությունների պահպանումը՝ իրեն վերարտադրելու միջոցով: 2015 թվի Սահմանադրության նախագիծը խորթ մնաց մարդկանց, չթափանցեց սրտերը, չտիրեց նրանց մտքերին:

Այն դարձյալ «ընդունվեց» ավանդական եղանակով. ամենուր իր գործն արեց փողի տրցակը: Երկրի այսօրվա պետական կառավարման կարգը «հաստատվեց» զանգվածների անտարբերության, քաղաքական գործընթացներից օտարման արդյունքում: Ըստ էության, դա այդ օրերի իշխանության վերնախավի կողմից հերթական գողությունն էր քաղաքական հարթակում: Երկիրն օրենսդրորեն ընկղմվեց անօրինականության տիղմի մեջ: Սերժ Սարգսյանը դարձավ Հայաստանում գողացված իշխանության գլխավոր թիկնոցակիրն ու ամենամեծ հովանավորը: Տեսնես նա եւ իր մերձավոր շրջապատը, երբ մենակ են մնում, գոնե մի պահ խղճմտանքի զգացում ունենո՞ւմ են, թե՞ ծիծաղում են իրենց «հնարամտությամբ» ժողովրդին ստորացնելու, նրա արժանապատվությունը տրորելու համար: Տեսնես նրանք հասկացե՞լ են, որ, եթե հանրությունը լռելյայն, համբերությամբ տարել է այս ամենը, նրանից չէ, որ ըմբոստանալու ընդունակ չի եղել: Պարզապես իմաստնաբար հնարավորություն է տվել իր ղեկավարներին՝ բաղձալի հանգրվանին հասցնելու արցախյան հարցի լուծումը: 1998 թվին մենք ընտրեցինք Արցախի խնդրում արմատական պայքարի ճանապարհը: Ես եւս եղել եմ այդ թիմի մի մասնիկը՝ քո գլխավորությամբ, Վազգեն: Քեզնից հետո ե՛ւ Քոչարյանին, ե՛ւ Սերժ Սարգսյանին աջակցելը շատերս նույնացրել ենք արցախյան խնդրի լուծմանը աջակցության հետ: Հաճախ քարոզել ու տարածել ենք այդ գաղափարը:

Ցավոք, նրանք իրենց իշխանատենչությամբ ու նյութապաշտությամբ վարկաբեկեցին իրենց, մեր մեջ էլ ծնեցին խաբվածության զգացում։ Եվ մեզ թվացել է, որ ընկերներին ու դրկիցներին կոչ անելով համբերության՝ շահում ենք թանկ ժամանակ՝ բանակցությունները նպատակային դարձնելու համար: Եվ այսօր ինչքա՜ն ցավալի է, երբ պարզվել է, որ տարիներ շարունակ բանակցածը ոչ միայն չի համապատասխանում խոստումների սանդղակին, այլեւ տպավորություն է ստեղծվում, որ այդ տեւական ժամանակն օգտագործվել է մի քանի ընտանիքների հարստացման համար: Խոստովանենք, որ ահավոր վիրավորական է նրանց համար, ովքեր գիտակցված զրկանքների են տարել իրենց ընտանիքներին եւ այսօր հասկանում են, որ զսպվածության բեռը հավասարաչափ չի բաշխվել հանրության տարբեր հատվածների վրա: Այդ հոգեվիճակը մղում է նորովի արժեւորել ու վերագնահատել անցյալ ժամանակաշրջանը:

Այդ տարիների կառավարման ձեւը, ոճը, բովանդակությունն ու այսօր արդեն բացահայտված փաստերը հաշվի առնելով՝ Ռոբերտ Քոչարյանին ու Սերժ Սարգսյանին ես այլեւս չեմ համարում Արցախի հերոսական ժողովրդի դեմքը ներկայացնողներ: Արցախն ունի ավելի լուսավոր ու արժանավոր զավակներ, որոնք համեստորեն մնացել են ստվերում, եւ որոնց համար ազատագրված հո՛ղն ու երկրի շենացումն են իրական արժեքը եւ ոչ թե «ձեռքի հետ» էլ՝ փողն ու իշխանությունը: Նիհիլիզմից զերծ մնալու համար ասեմ, որ ե՛ւ Քոչարյանը, ե՛ւ Սարգսյանը ունեն հայրենիքին ծառայելու եւս մեկ հնարավորություն. իրենց վարքագծի համար ժողովրդից ներողություն խնդրելուց եւ պետական պաշտոնի շնորհիվ ձեռք բերած հարստությունը վերադարձնելուց հետո՝ զբաղվել խորհրդատվությամբ: Ասածս կատակ չէ: Նրանք իսկապես լավ գիտեն մեր թշնամուն ու նրա հոգեբանությունը, տիրապետում են բանակցային գործընթացի պատմությանը: Զղջալն ու ներողամտություն հայցելը բնորոշ են ուժեղ մարդկանց: Հենց այդպես են մարդիկ վերագտնում իրենց հարգանքը հանրության մեջ: Հակառակը փոքրոգություն է:

Ահա այսպես, եթե անկախ պետության գլուխ հանդիսացող մեր երեք նախագահները սիրված չեն, ժողովո՞ւրդն է մեղավոր: Ով ինչպես վերաբերվում է ժողովրդին, նույնպիսի արձագանք էլ ստանում է նրանից: Ով սեր է սփռում եւ փորձում պատասխանատվությամբ ու անշահախնդրորեն ծառայել սեփական ժողովրդին, նա էլ նվաճում է սիրո դափնին:

Թեեւ անկախ Հայաստանի նախագահ չդարձավ, բայց ժողովրդի մեջ թագավորի անուն վաստակեց ու իր մահից հետո էլ սիրված ղեկավար մնաց Կարեն Դեմիրճյանը: Անկախ խորհրդային ժամանակներին բնորոշ բացասական երեւույթներից, նա եւ նրա ղեկավարման տարիները նոր հմայք ստացան համեմատության արդյունքում: Նա քաղաքականություն վերադարձավ նոր ժամանակներում՝ իր փորձն ու գիտելիքները ժողովրդի շահերին լիուլի ծառայեցնելու: Մարդիկ նրա մեջ տեսնում էին երկրի այն օրինավոր ժառանգորդին, ով եկել էր տեր կանգնելու հայրենական տուն ու տեղին, կասեցնելու թալանն ու մսխումը: Նրա մեջ տեսնում էին այն պարկեշտ ծնողին, ով ունեցած հացն արդարացիորեն էր բաժանելու իր զավակներին: Երկիրն այդ պահին հենց այդպիսի ղեկավարի կարիք էր զգում: Քո կյանքի իմաստուն որոշումներից մեկը նրա հետ դաշինքի ձեւավորումն էր, Վազգե՛ն: Դրանով դու ասես մտար մի եկեղեցի, եւ տվածդ երդումը քեզ ավելի զորեղ ու պահանջված դարձրեց: Նվաճել Կարեն Դեմիրճյանի վստահությունը՝ նույնն էր, թե վերագտնել ժողովրդական լայն զանգվածների համակրանքը: Եթե հանրապետությունում կար մեկը, որի նկատմամբ ունեիր ակնածանք եւ ում առաջ ցանկանում էիր դրսեւորվել լավագույն գծերով՝ Կարեն Սերոբիչն էր: Նրա հետ դաշինք կազմելով՝ դու մի այլ որակ ստացար: Դու ձեռք բերեցիր մի հավատարիմ ընկեր, որը ե՛ւ ժողովուրդ էր, ե՛ւ ժողովրդական վերահսկողություն: Կարեն Դեմիրճյանը հենց ա՛յն անձնավորությունն էր, որի ներկայությունը մղում էր քեզ կերտելու քո եւ քո շրջապատի նոր կերպարը՝ նոր պահանջներով ու նոր սկզբունքներով:

Ասեմ, որ այդ պատասխանատվությունն ու ակնածանքը փոխադարձ էին: 

Շարունակելի

Ֆիրդուս ԶԱՔԱՐՅԱՆ