Նիկոլի խոփն այլ քարի է դեմ առել

Ֆեյսբուքն այսօր արգելափակեց «Հրապարակ»-ի իմ նյութն իր հաթակում տեղադրելը: Թե ինչ չափանիշներ էր խախտում այն՝ կիմանա երևի այդ հարթակի կարգավորման ավտոմատ համակարգը: Ենթադրում եմ, որ նիկոլական քոմենթչիների շնորհիվ ակտիվացվել է «Սրբազան պայքար» անվանումը բլոկելու բանաձևը: Ամեն դեպքում, ֆեյսբուքայան այդ գործողությունը հերթական անգամ վկայում է, թե որքան հեռու է ժողովրդավարությունից թե՛ գործող իշխանությունը և թե՛ ազատ խոսքի դեմ պայքարի առաջամարտիկ՝ վիրտուալ հարթակը: Սա, իմիջիայլոց, քանի որ որոշել էի այլ թեմա արծարծել այս հոդվածում:
Կարծում եմ, որ երեկվա պոռթկումը ժամանակավրեպ էր: Հատկապես որ սրբազանն իր շուրջը համախմբված մարդկանց անընդհատ համբերատարության կոչ էր անում: Եվ հանկարծ որոշում է կայացվում շարժման վերջնական փուլն ավարտել 4 օրում: Դա ճիշտ կլիներ, եթե մինչ այդ շարժման շնորհիվ ճեղքեր առաջացած լինեին իշխանական բուրգում: Բայց դա դեռևս տեղի չէր ունեցել, համենայն դեպս այն ակնհայտ չէր: Երկրորդ, նա ով խորհուրդ էր տվել «հեծելազորային գրոհ» կազմակերպել Ազգային ժողովի խորհրդի՝ հունիսի 11-ի նիստին ընդառաջ, ինչո՞վ է հիմնավորել այն: Խորհրդատուն վստա՞հ էր արդյոք, որ իշխող խմբակցության անդամների կեսն արդեն անցել է ժողովրդի կողմը, որպեսզի կազմակերպվեր խորհրդարանի շենքի շրջափակումը: Բայց դրան, զարմանալիորեն,նախապատրաստվել էր Նիկոլը՝ շենքի շուրջ բոլորը հեղեղելով ոստիկանության բերետավորներով ու հատուկ ջոկատայիններով:
Որպեսզի ակնհայտ լինի, թե ինչ է նշանակումը տվյալ դեպքում իշխանական բուրգում ճեղքվածք առաջացնելը՝ նկարագրեմ փոխաբերական մի իրավիճակ: Դաշտային պայմաններում թշնամու՝ հոսալի ամրացված դիրքերի վրա հարձակվելուց առաջ այն ռմբահարում են, արկակոծում, ականակոծում ու հրթիռակոծում: Իսկ այնուհետև տրվում է «Հառա՛ջ» հրամանը: Սրբազանի դեպքում այդ հրամանը տրվեց առանց նախնական փուլի՝ կրակային նախապատրաստության: Ինչի դեպքում դիրքեր գրավելը բարդանում է: Իսկ եթե հաշվի ենք առնում, որ դիրքերը գրավելու համար նախատեսված էր ծախսել կոնկրետ ժամանակահատված (այս դեպքում՝ 96 ժամ)՝ դա գործողության իրականացումը բարդացնում է կրկնակի անգամ:
Որպեսզի իշխանական բուրգը ճեղքվեր՝ անհրաժեշտ էր ինչ-որ ժամանակով պարալիզացնել մայրաքաղաքային կյանքը: Երկրորդ քայլը պետք է լիներ խորհրդարանի իշխող խմբակցության անդամների համար այնպիսի իրավիճակ ստեղծելը, ինչի միակ հանգուցալուծումը կարող էր լինել նրանց կողմից ընդդիմությանը միանալն ու գործող վարչապետին անվստահություն հայտնելը: Էլ չասած, որ ընդդիմադիր «Պատիվ ունեմ» խմբակցությունից «անկախացած» Զաքարյան Իշխանն էլ հրաժարվել է միանալ ընդդիմությանը: Ինչի հնարավորության մասին, ի դեպ, ահազանգել եմ մեկ ամիս առաջ: Այդ հարցերը չէին լուծվել, բայց քանի որ տրվեց «Հառա՛ջ» հրամանը, ենթադրում եմ, որ սրբազանը շարժվեց նաև մարդկանց ցանկությանն ընդառաջ, ովքեր գործողություններ էին պահանջում:
Առկա է նաև մեկ այլ խնդիր. սրբազանն արեց այն, ինչ արվել էր նախկինում և արդյունք չէր գրանցվել: Այդ առումով ցանկանում եմ մեջբերել աշխարհահռչակ ֆիզիկոս Ալբերտ Էյնշթեյնին վերագրվող՝ «Ամենամեծ հիմարությունը նույն բանն անելն ու այլ արդյունք ակնկալելն է» ասույթը: Սակայն հաշվի առնելով, որ շարժման առաջնորդի դերում սրբազանի հայտնվելն, այնուամենայնիվ, երկար սպասված «սև կարապի» ֆենոմենն էր, հուսով եմ, որ իրեն կհաջողվի դուրս գալ արատավոր շրջանից կամ ավելի ճիշտ՝ շրջապտույտից: Մի խոստովանություն անեմ. «Սրբազան շարժման» օրերին անընդհատ ինքս ինձ ասում էի՝ հանկարծ սրբազանը սխալ քայլ չանի: Բայց այդ միտքն, իհարկե, չէի հրապարակայնացնում: Որովհետև զարմանալիորեն՝ հաշվի առնելով քաղաքական փորձառություն չունենալը, նա ճիշտ քայլեր էր անում: Կարծում եմ, որ նախորդ օրվա անհաջողությունը չի կարողանա խոչընդոտել արդյունքին հասնելը: Կարող է ընդամենը դանդաղեցնել գործընթացը: Միայն դա, որովհետև այս անգամ, ինչպես սրբազանն է ասել, Նիկոլի խոփն այլ քարի է դեմ առել:
Կարծիքներ