Նախարար Թորոսյանը նախկին նախարարի՝ Լևոն Ալթունյանի ասեղն է թելում

Նախարար Թորոսյանը նախկին նախարարի՝ Լևոն Ալթունյանի ասեղն է թելում

 Մարզերում ծննդատների օպտիմալացման դեմ բողոքի ակցիաներն ու քննարկումները շարունակվում են։  

Առողջապահական կազմակերպիչ, բժշկական գիտությունների դոկտոր Գագիկ Աղաբեկյանն ապշած է նախարար Թորոսյանի հիմնավորումից, որ 150 ծնունդից պակաս գրանցող ԲԿ-ներին ձեռք չեն տալիս։

«Դա հո բիզնես չի, որ ինչ-որ մի գումարի չի հասնում առևտուրը, որոշում է փակել։ Բայց էդ ծննդատուն ա, պետական հիմնարկ է, որը ստեղծված է բնակչությանը ծառայելու համար»,-ասում է բժիշկը։ Նա ասում է՝ փոխանակ մարզերում զարգացնելու բուժկենտրոնները, դրանք փակում է։

«Ամբողջ Հայաստանը հո չի կենտրոնանալու Երևանում։ Թող կառավարության  նիստին հարց բարձրացնի, ասի՝ գիտե՞ք ինչի ա ծնունդը քիչ մարզերում, որովհետև բնակիչ չի մնացել, սաղ բնակիչները կամ եկել են Երևան, կամ գնացել են խոպան»,-ասում է բժիշկը։ Նա ընդգծում է, որ անգամ պատերազմի տարիներին ոչ մի ծննդատուն ու դպրոց չի փակվել։

Նա նաև հետևյալ հռետորական հարցն է բարձրաձայնում․ «Լավ, էս նախարարին, որ ղեկը տվել ա վարչապետը, չի՞ տեսնում, որ իրա նախարարն էդ ղեկը չի կարում պահել, տվել է մի մարդու, որն առողջապահությանը նայում է որպես բիզնեսի»։

Գագիկ Աղաբեկյանը վստահ չէ, բայց ենթադրում է, որ նախարար Թորոսյանը նախկին նախարարի՝ Լևոն Ալթունյանի ասեղն է թելում՝ ասելով․ «Լևոն Ալթունյանն էլ հինգ բուժհիմնարկ մտցրեց սեփականաշնորհման ցուցակ, և հետո պարզվեց, որ այդ հիմնարկները նպատակահարմար չէ պահել այդ ցանկում։ Օրինակ՝ Ուռուցքաբանության ազգային ինստիտուտը»։

Հարցին, թե հնարավո՞ր է, որ նախարար Թորոսյանն ինչ-ինչ բիզնես շահեր ունենա, մեր զրուցակիցն ասաց՝ ինչու՞ ոչ։ Ասում է, որ, օրինակ, Եղվարդի ծննդատունը շատ լավ շենք է։