Խախտումներով արձանագրություն է կազմվել.M Group ընկերության փաստաբան

Խախտումներով արձանագրություն է կազմվել.M Group ընկերության փաստաբան

Քիչ առաջ M Group շինարարական կազմակերպության փաստաբանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ դեպքի վայրի զննության աշխատանքները շարունակում են, կազմվել է արձանագրություն՝ մի շարք խախտումներով։ Հիշեցնենք, որ արդեն մի քանի ժամ է ոստիկանության 6-րդ վարչության աշխատակիցները գործողություններ են իրականացնում վերոնշյալ ընկերության գլխավոր գրասենյակում։ 

«Կազմվեց արձանագրություն, կատարվել է դեպքի վայրի զննություն։ Գործողությունները սկսվել են 11։40-ին, այն ժամանակ, երբ արձանագրություն լրացնող անձը գտնվել է այս սեղանի կողքին։ Մենք պահանջել ենք, որ մեզ մասնակից դարձնեն այդ գործողությանը, տրամադրեն դատարանի որոշում, հակառակ պարագայում դադարեցնել անօրինական գործողությունները, սակայն հրաժարվել է մեզ մասնակիցը դարձնել եւ արձանագրության մեջ կազմվել է կեղծիք։ Մեր վստահորդին առաջարկվել է մասնակցել գործողությանը, սակայն չի արձագանքել»,- ասաց փաստաբան Մելիքյանը։

Նրա խոսքով՝ կազմված արձանագրության մեջ երեք ոստիկան է նշված, սակայն այս պահին գրասենյակում 3-ից ավելի ոստիկաններ կան. «Տեսնում եք այստեղ 3 ոստիկան, 3 դիմակավորված ոստիկան էլ ներսում են, քաղաքացիական հագուստով էլ 6 ոստիկան է այնտեղ գտնվում, իսկ արձանագրության մեջ նշված է 3 ոստիկան։ Այսինքն՝ այնտեղ արձանագրված չէր, թե կոնկրետ ի՞նչ հանցագործության դեպք է տեղի ունեցել սույն գրասենյակի տարածքում եւ  ի՞նչ հանցագործության դեպքի շուրջ է տեղի ունենում քննություն։ Մեզ համար այս պահին էլ անհասկանալի է, թե ինչ քրեական գործի շրջանակներում է տեղի ունենում այս գործողությունները»,- ասաց փաստաբանը։ 

Նշենք, որ ոստիկանների թիվն իրոք մեկ տասնյակից ավելի է։