Ինքնախաբեությու՞ն, թե՞ պատմական սկլերոզ

Ինքնախաբեությու՞ն, թե՞ պատմական սկլերոզ

Հիշո՞ւմ եք փոթորկուն իննսունականները՝ «Ղարաբաղը մերն է», «Պայքար, պայքար մինչեւ վերջ», «Միացում, մի-ա-ցում»:

Ղարաբաղը մերն է, դա մենք հիմա էլ ենք հիշում, իսկ, այ, «միացման» պահով ի՞նչ կասեք, դա է՞լ եք հիշում: Հազիվ թե հիշեք, դա այն թեման է, որ եթե չասենք արգելված է, գոնե ցանկալի չէ։ Այդ թեման բարձրացնողներ գրեթե չկան, մամուլում ծավալուն  հրապարակումները հատուկենտ են՝ տարվա կտրվածքով, իսկ քաղաքական թոք շոուների մասնակից քաղաքագետներն ու քաղաքական գործիչները նախանձելի զգուշավորությամբ շրջանցում են այս նուրբ թեման, լավագույն դեպքում լղոզված եւ ոչինչ չասող պատասխաններով աշխատում են հարցը քնեցնել, մղել հետին պլան։ Լավ, մինչեւ ե՞րբ: Մինչեւ ե՞րբ պետք է ինքներս մեզ խաբենք, կեղծենք մեր սեփական պատմությունը:

Դիցուք՝ Ղարաբաղը ԽՍՀՄ իշխանության օրոք, որպես ինքնավար մարզ, Ադրբեջանի կազմում էր, չէ՞, 88-ին սկիզբ առած շարժումն ի՞նչ հիմնական պահանջ ուներ՝ Ղարաբաղի միացումը մայր Հայաստանին, եւ հիշեցնեմ՝ դրան ոչ ոք դեմ չէր թե՛ Հայաստանում, թե՛ Ղարաբաղում։ Այնտեղ, ի դեպ, համաձայնությունն ամրագրվել էր հանրաքվեով: Հետո Բաքվի եւ Սումգայիթի ջարդեր, սկիզբ առած հակամարտություն, պատերազմ՝ իր բոլոր դրսեւորումներով, ի վերջո՝ Հաղթանակ: Եվ թվում է, թե հաղթանակած ազգը պետք է միավորվի եւ օրենք-սահմանադրությամբ ամրագրի իր հաղթանակած իրավունքը, այն է՝ միացում, բայց չէ… արի ու տես, որ այդ մի քանի տարում պատերազմին զուգընթաց իրավիճակ է փոխվել, գաղափարները տրանսֆորմացիայի են ենթարկվել, ավելին ասեմ՝ մարդկանց գիտակցության մեջ էլ են լուրջ փոփոխություններ տեղի ունեցել: Ի՞նչ միացում, ի՞նչ բան, պահանջն ի սկզբանե «անկախությունն էր»:

Լեւոն Տեր-Պետրոսյանի օրոք ձեւավորված օրակարգը միս ու արյուն ստացավ Քոչարյանի կառավարման օրոք: Առաջին նախագահի օրոք օրակարգը ձեւավորվեց մի այնպիսի ժամանակահատվածում, երբ արցախյան ճակատում փառահեղ հաղթանակներ կերտած ռազմական միավորներին առանձնապես չէին հետաքրքրում Ղարաբաղի կարգավիճակի դիվանագիտական ձեւակերպումները, որովհետեւ նրանց համար տարբերություն չկար, թե թշնամուն որտեղ են խեղդում՝ Նոյեմբերյանո՞ւմ, թե՞, ասենք, Հադրութում: Բայց, այ, Ռոբերտ Քոչարյանի օրոք երբ գաղափարը գեներացվեց այն աստիճան, որ Արցախի եւ Հայաստանի բնակչությունը կարճ ժամանակ անց պաշտոնապես բաժանվեց արցախահայության եւ Հայաստանի հանրության, «երկու հայկական պետություններ» անիմաստ դարձվածքները սկսեցին հաճախակի սղոցել հանրության ուղեղը, հետո, իհարկե, ի հայտ կգան անցակետերը, մաքսային ձեւակերպումները, երկուստեք պաշտոնական լրահոսները, ու թե՛ արցախցիները, թե՛ արդեն հայաստանցիները սկսեցին հավատալ, որ Արցախն ազատ, անկախ երկիր է, պատերազմն էլ մղվել է նրա անկախության համար, որպեսզի հետագայում ի հայտ գան հազար ու մի խուճուճ-մուճուճ իրավիճակներ, երբ այն, ինչ կա մայր Հայաստանում, դա ընդհանուր է Արցախի հետ, որը միեւնույն ժամանակ ազատ ու անկախ է եւ ինչ որ ունի, միայն իրենն է:

Երկու կիլոմետրի վրա միեւնույն սեփականատիրոջ կապը մատուցվում է ռոումինգով (դե ինչ կարող են անել՝ դե յուրե տարբեր պետություններ են, չէ՞), ու նմանատիպ հազար ու մի անհասկանալի բաներ: Միայն թե գոնե ինձ համար ու իմ ճանաչած հարյուրավոր մարդկանց համար, որոնցից շատերը հայաստանաբնակ են ու արցախյան պայքարի մասնակից, Արցախը չի հանդիսացել ու չի էլ հանդիսանալու առանձին պետական միավոր, քանի որ կա հիշողություն, կա պատմություն, որտեղ դեռեւս թարմ են «միացում» գոչյունները: Մեզ համար Արցախը Հայաստանի մի մասն է եւ վերջ: Ես չեմ տառապում պատմական սկլերոզով եւ ինքնախաբեությամբ չեմ զբաղվում:
Առայժմ՝ այսքանը:

Կարեն ՄԵԼՅԱՆ