Եթե դու «չագուճ» ես ճոճում, մեկ ուրիշն էլ կարող է օրինակ՝ «կացին ճոճել»

Եթե դու «չագուճ» ես ճոճում, մեկ ուրիշն էլ կարող է օրինակ՝ «կացին ճոճել»

Գյումրիում նախօրեին կացնահարման փորձ է տեղի ունեցել։ Խոսքը տարածված այն տեսանյութի մասին է, որտեղ երեւում է, թե ինչպես է մի քաղաքացի, իջնելով մեքենայից, կացնով հարձակվում Գյումրիի մեկ այլ բնակիչ հանդիսացող քաղաքացու վրա։ Ըստ Քննչական կոմիտեի տարածած հայտարարության, ենթադրյալ հարձակում կատարած անձը ձերբակալված է։ Երեկ, երբ այդ տեսանյութը տարածվեց, այն ներկայացնելիս նշվեց, որ հարձակումն ունի քաղաքական ենթատեքստ եւ պատճառը Գյումրիում առաջիկայում տեղի ունենալիք համայնքի ավագանու ընտրություններն են, որի ընթացքում ընտրվելու է նաեւ համայնքապետ։ Ընթերցողը թերեւս կհիշի, որ Գյումրիում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները համամասնական ընտրակարգով են տեղի ունենալու։

Իհարկե, ինչպես այլ ընտրական կամ քաղաքական գործընթացներ, այս տարվա հոկտեմբերի 17-ին կայանալիք Գյումրու ավագանու ընտրությունները եւս առաջացրել են որոշակի նյարդային լարվածություն, բորբոքել կրքեր, սակայն, ինչպես գյումրեցիներն են ասում,  դեռ երբեք Գյումրիում նման բան տեղի չէր ունեցել, երբ, ինչպես ներկայացվեց, քաղաքական անհամաձայնության, կամ արտահայտված տեսակետների կամ հայտարարությունների հետ անհամաձայնության արդյունքը լինի ենթադրյալ կացնահարման փորձը։ Երեկվանից համացանցում այս առիթով հնչում են բազմաթիվ բարոյական գնահատականներ։ Սակայն եթե անկեղծ լինենք, ապա սա միայն բարոյական կամ իրավական խնդիր չէ։

Հարգելով հանդերձ անմեղծության կանխավարկածը եւ չխորանալով դեպքի մանրամասների մեջ, եւ առանց անձնավորելու նշենք, որ տեղի ունեցածը բացի այն, որ բարոյական գնահատականի կարիք ունեցող, կամ իրավական հետեւանքներ առաջացնող է, նաեւ ավելի խորն արմատներ ունի․ մենք ըստ էության գործ ունենք մարդաբանական դեգրադացիայի հետ, դեգրադացիա, որն այժմ թեւածում է հասարակության մեջ, սնվում գուցե եւ հետպատերազմական, ինչպես ընդունված է ասել՝ ինքնության ճգնաժամից, երեք տարի շարունակ գեներացված եւ գեներացվող ատելությունից, վերջապես՝ «չագուճից»։ Ի վերջո, եթե դու շատերի համար օրինակ ես, եւ «չագուճ» ես ճոճում, ապա մեկ ուրիշն էլ կարող է եզրակացնել, որ եթե «չագուճ» ճոճելը կարելի է, նորմալ է, թեկուզ, եւ նախընտրական նպատակներով է այն ճոճվում, ապա մեկ ուրիշն էլ կարող է կացին ճոճել ու անպատիժ մնալ։ Հիմա կարծես թե այնպիսի ժամանակներում ենք ապրում, երբ ջնջվում են բոլոր տեսակի բարոյական «չի կարելիները»։

Կարեն Ենգիբարյան