Տաթեւում ՔՊ-ն հետընտրական մաքառումների մեջ է`իշխանություն ստանալու համար

Տաթեւում ՔՊ-ն հետընտրական մաքառումների մեջ է`իշխանություն ստանալու համար

Տաթեւ համայնքը նվաճելու համար Քաղպայմանագրի համառ մարտերը դեռեւս հաղթանակով չեն պսակվել։ Չնայած երեկ իշխանական թեկնածուն` համատեղության կարգով համայնքի ժամանակավոր պաշտոնակատար Արթուր Մաթեւոսյանը, Տաթեւ համայնքի ընտրատեղամասերից մեկում իրականացված վերահաշվարկի արդյունքների մասին մեզ փոխանցել էր, թե իր օգտին 9 քվեաթերթիկ է ավելացել, իսկ դա նշանակում է, որ նա արդեն ունի 50+1 ձայն, սակայն թեկնածուն մեղմ ասած խեղաթյուրել է իրականությունը, քանի որ ավելացել են ոչ միայն իր ձայները, այլեւ մրցակից ուժերի: Արդյունքում իշխանական թեկնածուն կրկին հետ է մնացել նրանցից։ 

Հիշեցնենք, որ Տաթեւում ՏԻՄ ընտրություններին մասնակցել է 2615 հոգի, ՔՊ-ն ստացել է 1280 ձայն, կամ ձայների 48.9 տոկոսը, անցողիկ շեմը հաղթահարել են եւս երկու ուժ՝ «Շանթ» դաշինքը, որի օգտին 949 մարդ է քվեարկել եւ հայտնի գործարար Ռուբեն Վարդանյանի մեկենասությամբ ստեղծված նորաթուխ «Ապրելու երկիր» կուսակցությունը` 337 ձայն: Այսինքն՝ վերջին երկու ուժերի ստացած ձայները միասին իշխանության թեկնածուի ձայներից վեցով ավել են։ 

Հոկտեմբերի 19-ին Տաթև համայնքի թիվ 34/19 ընտրատեղամասի, այն է՝ Շինուհայրի ընտրաթերթիկների վերահաշվարկի արդյունքում թեպետ իշխանության թեկնածուի ձայները, իսկապես, 9-ով ավելացել են, բայց ավելացել են նաեւ մյուս ուժերի ձայները, եւ հիմնականում պահպանվել է ձայների հարաբերակցությունը, ինչպես նաև արձանագրվել են որոշ ընտրախախտումներ: 

«Շանթ» դաշինքի ձայներն ավելացել են 4-ով, իսկ «Ապրելու երկիր» կուսակցությանը՝ 1-ով, մաթեմատիկական թվաբանության արդյունքում կրկին 2 ձայնի տարբերությամբ իշխանական թեկնածուն հետ է մնում. «Իրենց 9 ձայն ավելացել է, ստացվում է, որ ըստ էության 3-ով առաջ են անցել, բայց 4 ձայն մեզ է ավելացել, ստացվում է՝ 1-ով ենք ավելացել, 1 ձայն էլ «Ապրելու երկիր» կուսակցությանն է ավելացել, վերջնարդյունքում ստացվում է երկուսով` 2 ձայնով առաջ ենք»,- մեզ հետ զրույցում հաշվարկը ներկայացրեց «Շանթ դաշինք»-ի ներկայացուցիչ Շահեն Հարությունյանը:

«Ընդհանուր 6 ձայնի տարբերություն կար, հիմա դարձել է 2 ձայնի տարբերություն։ Առավելությունը պահպանվում է, բայց ընտրախախտում կա։ Կրկնակի քվեարկության առևերույթ դեպք էր»։

Հարությունյանն ասաց, որ արձանագրվել է 2 դեպք, երբ ընտրելու իրավունք ունեցող անձինք հաշվառված են եղել և՛ հիմնական ընտրացուցակներում, և՛ լրացուցիչ ցուցակներում: Արձանագրված է նաև, որ այս երկու իրավախախտումները տեղի են ունեցել ընտրատեղամասերի փակումից հետո.

«Հիմա այդ 2 քվեն դուրս է եկել, հանել են, նաև հարց է, թե ումից են հանել այդ երկու ձայնը»։ Իսկ այսօր Տաթեւ համայնքի հաշվարկի արդյունքում ձայների հարաբերակցությունը չի փոխվել, 8 անվավերներն էլ Հարությունյանի փոխանցմամբ պահպանվել է, սակայն կա եւս 3 ընտրատեղամաս, դրանց վերահաշվարկից հետո էլ պարզ կդառնա.

«Այս պահին հաշվարկը գնում է, ես խոսել եմ մեր կուսակիցների հետ, կարծես երեք ձայնով ենք այս պահին ավել, այսինքն` դեռ ամեն ինչ նորմալ է, իշխանությունը առաջ չի անցել։ Այստեղ իրավական շատ լուրջ խնդիր է առաջանալու, անգամ 1 ձայնը փոխում է ուժերի հարաբերակցությունը և հարց է առաջանում, թե ով է իշխանություն ձևավորելու։ Մենք պատրաստ ենք մինչեւ վերջ գնալ, բողոքարկել ՍԴ-ում, պահանջել նոր ընտրություններ»,- ասաց Հարությունյանը։ 

«Ապրելու երկիր« կուսակցության հետ կոալիցիա կազմելու մասին Հարությունյանը պատասխանեց. «Կոալիցիայի մասին կոնկրետ քննարկումներ չունենք, բայց կա երկկողմանի դրական շփման եզրեր, ունենք համատեղ հայտարարություն։ Մենք բացառել են ՔՊ-ի հետ համագործակցությունը, մնացած ամեն ինչ հավանական է»։