«Լոռի Բերդ» անունը ձգո՞ւմ է, թե՞ վանում նախարարին

«Լոռի Բերդ» անունը ձգո՞ւմ է, թե՞ վանում նախարարին

Լոռվա մարզից, հատկապես՝ Ստեփանավանի տարածաշրջանից, մենք տեւական ժամանակ է՝ լուրեր ենք ստանում, որ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը, որը ծնունդով Լոռու մարզի Լոռի Բերդ համայնքից է, հատկապես քաղցր աչքով է նայում իր գյուղին՝ ծրագրեր, տեխնիկա, միջոցառումներ հենց այս գյուղում են կազմակերպվում։

Մի քանի օր առաջ էլ մեծ փառատոն էին կազմակերպել Լոռի Բերդում, որին մասնակցել էր նաեւ նախարարը՝ թիմակիցների հետ, ապա իր էջում գրել․ «Լոռի Բերդում այսօր մի քանի ժամով տեղափոխվեցինք մեր միջնադարյան հզոր թագավորությունների ժամանակաշրջան: Վստահ եմ՝ այս միջոցառումը հիմք կհանդիսանա, որ հետագայում Հայաստանի այլ վայրերում նույնպես վերակենդանացնենք միջնադարյան ամրոցներն ու քաղաքատեղիները»:

Մենք կապվեցինք Լոռի Բերդ համայնքի ղեկավար Արայիկ Ներսիսյանի հետ եւ հարցրինք, թե նախարարը հաճա՞խ է լինում համայնքում, փորձո՞ւմ է օգնել համայնքապետարանին։ «Հաճախ՝ չէ, 2 ամսվա մեջ մեկ անգամ է գալիս։ «Լոռի Բերդ» անունն իրեն ավելի շատ վանում է, որ կողքից չդիտարկվի որպես կողմնապահություն»,- պատասխանեց Ներսիսյանը։ Այդ դեպքում ինչո՞ւ են լուրեր պտտվում, թե նախարարն իր հարազատ համայնքին հատուկ «տիրություն» է անում՝ անտեսելով մյուսները։

«Ես մի բան կարող եմ ասել, որ երբ ուզում ենք աշխատանքների կամ ինչ-որ մի հարցով դիմենք իրեն, զգացել ենք, որ «Լոռի Բերդ» անունն իրեն կասեցնում է, որ շատ չշոշափվի։

Օրինակ՝ այս տարի մենք ունեցել ենք 8 սուբվենցիոն ծրագիր, անցած իշխանության ժամանակ մարզում 6 սուբվենցիոն ծրագրերից 2-ը մեր համայնքինն էին, նոր իշխանության ժամանակ 54 ծրագրերից 8-ը Լոռի Բերդ համայնքինն է։ Ես 29 տարի համայնքապետ եմ, աշխատել եմ նախկին իշխանության օրոք, եւ այն ժամանակ էլ սուբվենցիաներն ամենաշատը Լոռի Բերդ համայնքինն են եղել։ Մենք գիշեր-ցերեկ թիմով աշխատում ենք, մեզ մոտ աշխատանքային օրը ժամը 9-ին սկսվում է, բայց ոչ մի անգամ ժամը 6-ին չի ավարտվում։ 10 հոգանոց թիմ ենք, ամենաքիչ աշխատակազմով թիմն ենք ու գիշեր-ցերեկ աշխատում ենք։ Մենք որեւէ մեկից նվերներ չենք ստացել։

Համագործակցել ենք Հայ օգնության ֆոնդի հետ, դիմել ենք, որ հողերը հիմնականում անմշակ են, տեխնիկաները քիչ են, կարկուտի վտանգը մեզ մոտ հաճախակի է լինում։ Ձեռք ենք բերել հակակարկտային կայաններ, Հայ օգնության ֆոնդը մեզ տրակտոր ու շարքացան է նվիրել, համայնքն ընդամենը 20 տոկոս է ներդրել, պետության հետ բացարձակ կապ չունի։ Այսինքն՝ մենք դիմել ենք, ճիշտ ներկայացրել ենք՝ մեզ տրամադրել են։ Շատերին էլ թվում է, թե մենք նվերներ ենք ստանում»։