«Հրապարակ». Ի՞նչ մթնոլորտում անցան ընտրությունները Չարենցավանում, եւ ի՞նչ արդյունքներ գրանցվեցին

«Հրապարակ». Ի՞նչ մթնոլորտում անցան ընտրությունները Չարենցավանում, եւ ի՞նչ արդյունքներ գրանցվեցին

Կիրակի օրը Չարենցավան խոշորացված համայնքում անցկացված ՏԻՄ ընտրություններում դարձյալ հաղթեց գործող համայնքապետ Հակոբ Շահգալդյանը՝ հավաքելով 51.35 տոկոս ձայն։ Նա այս անգամ հանդես էր գալիս «Միասնական համայնք» անունը կրող դաշինքով։ Շահգալդյանը Կոտայքի նախկին մարզպետ Կովալենկո Շահգալդյանի որդին է։ Նա երեք անգամ քաղաքապետ է ընտրվել գրեթե առանց մրցակցի՝ միանձնյա ու բացարձակ ձայներով։ Օրինակ՝ նախորդ ընտրություններում, որ դեռ նախկին իշխանության օրոք էր՝ 2017 թվականին, Շահգալդյանի օգտին քվեարկել էր Չարենցավանի բնակիչների ավելի քան 80 տոկոսը։

Չորրորդ անգամ հաղթանակը նրան հեշտ չտրվեց։ Այս անգամ նրա ձայները մոտ 30 տոկոսով կրճատվել էին, որովհետեւ այլեւս միայնակ չէր՝ հիմնական մրցակիցն իշխանական ՔՊ-ն էր, որի ցուցակը գլխավորում էր գործարար Արթուր Գալստյանը։ Վերջինս 2007 թվականին եւս առաջադրվել էր ընդդեմ Հակոբ Շահգալդյանի, սակայն ինչ-ինչ պատճառներով կեսից հրաժարվել էր պայքարից ու դուրս եկել։ Գալստյանն ասում էր՝ իբրեւ թե այն ժամանակ անառողջ մթնոլորտ էր, «քաղաքական լուրջ խոչընդոտներ» կային, դրա համար էր հանել թեկնածությունը։ Բայց մեզ ասացին՝ որեւէ լարվածություն ու խոչընդոտ էլ չեն եղել, Գալստյանի՝ պայքարից հրաժարվելու հիմնական պատճառը եղել է այն ժամանակ նրա քաղաքական հենարան հանդիսացող ՄԱԿ նախագահ Գուրգեն Արսենյանի հետ ֆինանսական տարաձայնությունը։
Այս անգամ Արթուր Գալստյանը, առաջադրվելով ՔՊ-ի կողմից, որոշել էր ռեւանշի դիմել՝ հույս ունենալով, որ իշխանական լծակներն ու ռեսուրսները կօգնեն, որպեսզի իրականացնի վաղեմի երազանքը։ Սակայն այն նորից անկատար մնաց։

Հակոբ Շահգալդյանի թիմակիցները հասկանում էին, որ այս անգամ իրական պայքար է լինելու՝ հեշտ չէ իշխանությանը հաղթելը։ Բացի այդ, նախորդ երեք ընտրություններում Շահգալդյանն ու իր հայրն իշխանություն էին, եւ այն ժամանակ իրենք էին օգտագործում վարչական ռեսուրսներն ու իշխանական լծակները՝ հաղթելու համար, հիմա նույնն իրենց դեմ են օգտագործում։ Նկատենք նաեւ, որ Կովալ Սուրենիչը Չարենցավանում եւ ոչ մի ընտրության ժամանակ չի պարտվել եւ այս ընտրությանն էլ նա ակտիվ դերակատարում ուներ, չնայած Շահգալդյաններն այլեւս հին թափն ու ռեսուրսները չունեն։

Այդ օրը չարենցավանցիները, չնայած ՔՊ-ի գործադրած բոլոր ջանքերին՝ ճնշումներ, պետական, վարչական, կրիմինալ-փողոցային լծակներ, մերժեցին այն ապագան, որը ՔՊ-ն եւ Արթուր Գալստյանն էին խոստանում իրենց մեծածավալ պաստառների վրա դաջած գույժով․ «Չարենցավանում ապագա կա՛»։ Շահգալդյանը, որքան էլ զարմանալի է, պարտվեց միայ Բջնիում եւ իր հարազատ Ալափարս գյուղում, որը նաեւ իր մրցակից թեկնածուի՝ Արթուր Գալստյանի ծննդավայրն է։

Թեկնածուների մասին

Միայն վերջերս ՔՊ-ական դարձած Արթուր Գալստյանի մասին Չարենցավանում վատ չէին խոսում, ասում էին՝ հարգանք-պատիվ ունեցող, շնորհքով տղա է։ Ժամանակին Երեւանի ութերորդ հիվանդանոցի փոխտնօրենն է եղել, այդ տարիներին շատերին է օգնել, հիմա էլ Ղազախստանում բիզնեսով է զբաղվում, էլի ինչով կարողանում՝ օգնում է մարդկանց, բայց նաեւ շփվում է կրիմինալ շրջանակների հետ։ Ասում են՝ քրեական հեղինակություն համարվող Բանդուրյան եղբայրների հետ է մտերիմ։ Այս ընտրություններում նաեւ նրանք էին իրենց ռեսուրսներով, Չարենցավանում ունեցած «ներկայացուցիչներով» աջակցում Գալստյանին։ Նրա թիմում էլ հիմնականում այդ ենթամշակույթին հարող մարդիկ էին հավաքվել, ովքեր քարոզարշավի ամբողջ ընթացքում տարատեսակ հոգեբանական ճնշումների էին ենթարկում չարենցավանցիներին՝ անգամ բացատրություն էին պահանջում, թե ինչու են հրաժարվում «իրենց ախպորը» ձայն տալուց։ Ընդ որում, երբ նրանց հիշեցնում էին, որ Գալստյանը Նիկոլ Փաշինյանի ղեկավարած ՔՊ-ից է, նրանք վերջին հայհոյանքներն էին հնչեցնում ՔՊ-ի ու Փաշինյանի հասցեին՝ հայտարարելով, թե իրենք ոչ թե ՔՊ-ի, այլ Գալստյանի համար են աշխատում։

Շատ չարենցավանցիներ, ովքեր Հակոբ Շահգալդյանին առանձնապես կողմ չէին, մասնավոր զրույցներում խոստովանում էին, որ եթե Արթուր Գալստյանը ՔՊ-ով չառաջադրվեր, հնարավոր է՝ հենց նրան ձայն տային։ Բայց հիասթափվել են՝ տեսնելով, թե ինչպես է այդ «շնորհքով տղան» անցել ՔՊ-ի կողմն ու ինչ որակի թիմ է հավաքել կողքը, ինչն առաջին վանող գործոններից էր էլեկտորատի համար։ ՔՊ ցուցակում հավաքված էին այնպիսի մարդիկ, ովքեր ժամանակին մշտապես ակտիվորեն աշխատել էին ՀՀԿ-ի եւ նախկինների, այդ թվում՝ նույն Հակոբ Շահգալդյանի օգտին, եղել էին նրանց ձայն բերողները։ Այսօր այդ մարդիկ անցել են ՔՊ-ի կողմը, որովհետեւ իշխանությունը ՔՊ-ն է։ ՔՊ ցուցակի չորրորդ համարը Չարենցավանի հիվանդանոցի տնօրեն Գառնիկ Սահակյանն է, ով երբեմնի կարկառուն ՀՀԿ-ական էր, նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի բարեկամներից է։ Այսօր նա ՔՊ է «խաղացնում»։

Այս երկուսի արանքում հայտնվել էր «Ապրելու երկիր» կուսակցությունը, որի ցուցակը գլխավորում էր Անահիտ Խեչոյանը։ Նրան Չարենցավանում չստացված ՔՊ-ական են համարում, քանի որ ի սկզբանե խոսվում էր, որ Խեչոյանը պետք է գլխավորի ՔՊ ցուցակը։ Դրա համար նրա ամուսինն ամիսներ շարունակ քաղաքում լոբբինգ էր անում կնոջ օգտին, կինն էլ ակտիվորեն աշխատում էր գործող քաղաքապետի դեմ։ Իսկ երբ պարզ դարձավ, որ ՔՊ-ն իրեն տեղական մակարդակով «քցել» է՝ իր փոխարեն առաջադրելով Արթուր Գալստյանին, Խեչոյանը կտրուկ անցավ «Ապրելու երկրի» կողմն ու դարձավ ՔՊ-ի թշնամին՝ այլեւս չքննադատելով նաեւ Հակոբ Շահգալդյանին, քանի որ նախ՝ կոալիցիա կազմելու հավանականություն կար, երկրորդ՝ երկուսի հակառակորդն էլ նույնն էր, ուստի շահերը համընկնում էին։

Քարոզարշավի ընթացքում ՔՊ-ն ամենակեղտոտ մեթոդներով էր պայքարում Հակոբ Շահգալդյանի դեմ՝ նրա դեմ պատվիրված հոդվածներից մինչեւ անձնական բնույթի վիրավորական գնահատականներ «ճ կլասի» կայքերում՝ հատելով բոլոր կարմիր գծերը։ Հակոբ Շահգալդյանը, այդ ամենին ի պատասխան, քարոզարշավի ընթացքում պարբերաբար կոչ էր անում՝ որեւէ վատ արտահայտություն թույլ չտալ մրցակից թեկնածուների հասցեին, «հատկապես որ թեկնածուներից մեկն էլ կին է»։

Չարենցավանն այնքան կարեւոր էր իշխանությունների համար, որ այս ընթացքում մի քանի անգամ քաղաք այցելեցին իշխանության ամենավերին օղակների ներկայացուցիչները՝ կառավարության աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, ՊՎԾ պետ Ռոմանոս Պետրոսյանը, պատգամավորներ Արսեն Թորոսյանն ու Հայկ Կոնջորյանը, ով ծնունդով Չարենցավանից է։ Իսկ բուն ընտրությունների օրը ՔՊ-ն դրսից էր մարդ ներգրավել՝ Գեղարքունիքի մարզի հայտնի կրիմինալ ներկայացուցիչների տեսքով, ովքեր շքեղ մեքենաներով շրջում էին տեղամասերում, փորձում կռիվ հրահրել Շահգալդյանի թիմակիցների հետ, ճնշել նրանց։ Իսկ որոշ տեղամասերի դիմաց ամբողջ օրը տասնյակներով կուտակված կանգնած էին Արթուր Գալստյանի կողմնակիցները, եւ ընտրողները ստիպված էին նրանց հայացքների ներքո մտնել տեղամաս՝ «պարտքերը տալու»։ Ընտրությունների ողջ ընթացքում աչքի է ընկել նաեւ պատգամավոր Հայկ Կոնջորյանի եղբայրը՝ Ավետը, ով, պատմեցին, փողոցային վարքուբարքով, անհարգալից բառապաշարով է շփվել մրցակիցների եւ անգամ Չարենցավան ժամանած անկախ դիտորդների հետ։

Օրվա ավարտին, երբ ընտրության արդյունքներն արդեն պարզ էին, եւ ՔՊ-ի պարտությունն ակնհայտ էր, Արթուր Գալստյանի շտաբում բոլորը լուռ էին ու «մանթրաժի» մեջ։ Նրա շտաբի դիմաց հավաքված թանկարժեք մեքենաները կամաց-կամաց պակասեցին, դրսից ժամանած «մշակութային գործիչները» հեռացան, փոխարենը մեքենաներ ու մարդիկ ավելացան հաղթած թեկնածուի՝ Շահգալդյանի շտաբի մոտ։
Հակոբ Շահգալդյանը մեզ հետ զրույցում ասաց, որ սա չարենցավանցիների հաղթանակն է՝ շնորհակալություն հայտնելով ե՛ւ իր ընտրողներին, ե՛ւ չընտրողներին, ե՛ւ  մրցակից թեկնածուներին։