Սպիտակ էջից

Սպիտակ էջից

Ես դեմ եմ մարդկանց` իրենց սխալների համար հալածելուն, այդ սխալները հավերժորեն երեսով տալուն: Առհասարակ, սխալն ու հանցանքը մենք իրարից շատ լավ չենք տարբերում եւ հաճախ մարդու վրիպումը, սխալն ավելի դաժան ենք պատժում, քան հանցանքը կպատժեինք: Ես կողմ եմ մարդկանց շանս` հնարավորություն տալուն, որ նա իր սխալը շտկի, մեղքը քավի, բարի գործերով հատուցի իր պատճառած վնասները եւ արժանանա ներման: Չի կարելի մեկ անգամ արած սխալը, անգամ` հանցանքը, դարձնել մարդուն մերժելու եւ հավերժ պատժելու պատճառ: Այս տեսանկյունից մենք պետք է իրենց սխալներն ուղղելու շանս տանք ոչ միայն նրանց, ովքեր 2018, անգամ` 2021 թվականներին ընտրել են ՔՊ-ին եւ մեր երկիրը գցել ձախորդությունների, պատերազմների, կորուստների այս հավերժական թվացող հողմապտույտի մեջ, այլեւ կողմնակից եմ, որ շանս տանք հենց իրենց` ՔՊ-ականներին, պաշտոն զբաղեցրած, մեր երկրին այսքան վնասներ պատճառած պաշտոնյաներին:

Պատրաստ եմ անգամ Նիկոլ Փաշինյանի գործած մեղքերը ներել եւ ամեն ինչ անելու եմ, որ երբ իշխանություն փոխվի, եւ նրան փորձեն պատժել` այս ամենի համար, դա տեղի չունենա: Տեղի չունենա ոչ թե այն պատճառով, որ այդ մեղքերը փոքր են, կամ` որովհետեւ ես նրան անձամբ եմ լավ վերաբերվում։ Ոչ: Այլ այն պատճառով, որ հաշվեհարդարի, վրեժխնդրության, նախկիններին պատժելու, հասարակությունը պառակտելու եւ միմյանց դեմ հանելու այս արատավոր շղթան մի տեղ պե՞տք է կտրվի: Մի պահ պետք է կանգ առնել` գիծը գծել եւ ասել, որ համաներում է հայտարարվում բոլոր հայերի նկատմամբ. 2018-ից առաջ պաշտոնավարածների, 2018-ից հետո եկածների, նրանց իշխանության բերածների, նրանց ընտրածների, նրանց մերժածների` բոլոր, բոլորի նկատմամբ, մենք սկսում ենք գրել մեր երկրի պատմությունը` սպիտակ էջից: