Կառավարությունը պղնձամոլիբդենայինից փայ էր ուզում ու ստացավ

Կառավարությունը պղնձամոլիբդենայինից փայ էր ուզում ու ստացավ

Զանգեզուրի պղնձամոլիբդենայինն իր վատագույն շրջանն է ապրում, թեեւ առայժմ շարունակում է մնալ խոշոր հարկատուների առաջին տասնյակում: Կոմբինատում անվերջանալի ստուգումներ են, մարդկանց են ազատում աշխատանքից: Աշխատողներն իրար մեջ խոսում էին, որ կառավարությունը փայ է ուզում  ստանալ կոմբինատից ու ամեն ինչ անում է, ղեկավարությունը ճնշելու համար: Երեկ ահա, կառավարության նիստում պարզ դարձավ, որ ԶՊՄԿ-ի բաժնետերերից «Արդյունաբերական ընկերությունը» որոշել է «նվիրել» Փաշինյանի կառավարությանը ընկերության բաժնետոմսերի մոտ 25 տոկոսը: 

Իսկ ճնշումները կոմբինատի վրա տպավորիչ են եղել և տևական: Ստուգումներից բացի, այստեղ աշխատողներ էին ազատում: Օրերս 38 աշխատակցի են ազատել, որոնք աչքի են ընկել ընդդիմադիր հայացքներով: Կոմբինատի ղեկավարությունը հայտարարել է, որ նրանց ազատել է կառավարությունից իջեցված հրահանգով: Մարդիկ այս օրերին բողոքի ակցիաներ են անում` ի պաշտպանություն իրենց գործազուրկ դարձած ընկերների եւ ընդդեմ ապագա կրճատումների:  

Մյուս կողմից՝ բաժնետերերն են իրար դեմ ստուգումներ ձեռնարկում եւ միմյանց դատի տալիս․ ռուսաստանյան քաղաքական գործիչ, դիվանագետ Միխայիլ Զուրաբովն է դիմել դատարան՝ պահանջելով ավելացնել իր ընկերության՝ «Զանգեզուր մայնինգ» ՍՊԸ-ի բաժնեմասը, եւ այդ նպատակով ստուգումներ է պատվիրել: Բայց հիմնական ստուգող մարմինը Բնապահպանության եւ ընդերքի տեսչությունն է: Ի՞նչ ստուգումներ է իրականացնում տեսչությունը, ե՞րբ են դրանք սկսվել, որքա՞ն կտեւեն: Տեսչության պետ Հովհաննես Մարտիրոսյանը, պարզվում է, խիստ զբաղված անձ է: Նրա օգնականն ընդամենը ասաց, որ տեսչական ստոգումներ են իրականացվում, վերջին անգամ նման ստուգումներ եղել են 2018-ին: «Սովորական տեսչական ստուգումներ են»,-ասաց եւ հրաժարվեց այլ հարցերի պատասխանել: 2018-ին ստուգումները տխուր ավարտ են ունեցել կոմբինատի համար: 5 ամիս տեւած գործընթացն ավարտվել է խոշոր տուգանքներով: Մոտ 382 մլն դրամի վնասի փոխհատուցման պահանջ է ներկայացվել ՓԲԸ-ին: 3 պաշտոնատար անձ տուգանվել է մոտ կես մլն դրամով:

Հարկային տեսչությունն է մշտապես նստած պղնձամոլիբդենայինում, բնապահպանները, տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի վարչությունը: Հուլիսին ԱԱԾ հատուկջոկատայինները գիշերով բերման էին ենթարկել կոմբինատի աշխատակիցներից 5-ին եւ նրանցից երկուսին ձերբակալել, համակարգիչներ էին առգրավվել հաշվապահությունից: Նրանք կասկածվում են խարդախությամբ առանձնապես խոշոր չափի գույք հափշտակելու, այլ հանցանքների մեջ: Մինչ օրս կալանավորված է կոմբինատի անվտանգության ծառայության պետը:  
«Մյուս ստորաբաժանման պետն էլ է կալանքի տակ: Երեքուկես տարի է, այս վիճակն է: Անհիմն մեղադրանքներ են ներկայացնում»,- ասում է Սյունիքի նախկին մարզպետ, ներկայում ԱԺ պատգամավոր Վահե Հակոբյանը: Նախկինում նա նաեւ կոմբինատի խորհրդի անդամ էր: Պատգամավոր դառնալուն պես վայր դրեց խորհրդի անդամի պարտականությունները, բայց ԶՊՄԿ-ում մնացել են նրա մարդիկ: Ըստ որոշ գնահատականների, ճնշումներն ու հալածանքները հենց Վահե Հակոբյանի մարդկանց դեմ են ուղղված: Ի՞նչ են ուզում կոմբինատից:  «Ինձ համար անհասկանալի է, ժամանակը կգա՝ շատ բան կպատմեմ»,- ասաց Հակոբյանը: 

Մենք փորձեցինք պաշտոնական տեղեկություններ ստանալ ԶՊՄԿ-ից: Սակայն մեր զանգերը մնացին անպատասխան: Ղեկավար անձնակազմից մեր փակ աղբյուրը որոշ տեղեկություններ տրամադրեց: Ըստ նրա, վերջին ստուգումների ժամանակ առգրավված հաշվապահության համակարգիչներում որոշակի ինֆորմացիա է եղել, եւ եթե ստուգողների նպատակը ֆինանսական հանցագործություններ, օրինակ, փողերի լվացում հայտնաբերելն էր, ապա վաղուց արդեն պիտի գործ հարուցված լիներ էդ հոդվածով հենց Վահե Հակոբյանի դեմ: Ակնհայտ է, որ նման փաստեր չեն հայտնաբերվել:  Պղնձամոլիբդենայինի կոլեկտիվում ոչ մի լավ բանի սպասում չունեն: «Ի՞նչ են ընկել կոմբինատի հետեւից: Ինչ Փաշան նստեց, չեն թողնում հանգիստ աշխատենք»,- ասում է կոմբինատի աշխատողներից մեկը, ով մեզ հետ կապի էր դուրս եկել: Նրանք համոզված են, որ կառավարությունը, կոնկրետ Նիկոլ Փաշինյանը իր ՔՊ-ականների միջոցով փայ է ուզում Քաջարանի կոմբինատից: «Երեւի իրենց փայն են ուզում: Փոխմարզպետ Նարեկ Բաբայանը 12,5 տոկոս է ուզել, իրեն մերժել են: Այդպես ենք լսել», - ասում է մեր աղբյուրը կոմբինատի աշխատակիցների շրջանում: 

Նարեկ Բաբայանը կտրականապես հերքում է «օդում կախված լուրը», այն անհեթեթություն է համարում: «Ես իմ պաշտոնավարման երեք տարում ԶՊՄԿ-ի ոչ մի տնօրենի, ոչ մի սեփականատիրոջ երբեք չեմ հանդիպել կամ՝ ավելին ասեմ․ ԶՊՄԿ-ում հարց լուծող որեւէ մարդու չեմ հանդիպել, ամենայն պատասխանատվությամբ եմ դա ասում»,- ասաց նա մեզ:

Երեկ սակայն հայտնի դարձավ, որ կառավարությունը սեպտեմբերի 30-ի նիստում չզեկուցվող հարցերի ցանկում ներառել է ԶՊՄԿ-ից բաժնեմաս վերցնելու հարցը: 

««Արդյունաբերական ընկերություն» բաժնետիրական ընկերությունը, հանդիսանալով «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» փակ բաժնետիրական ընկերության 60,0000946% բաժնետոմսերի սեփականատեր, ցանկանում է Հայաստանի Հանրապետությանը նվիրաբերել Ընկերության կանոնադրական կապիտալում սեփականության իրավունքով իրեն պատկանող Ընկերության 25% (քսանհինգ տոկոս) 412,250.75 (չորս հարյուր տասներկու հազար երկու հարյուր հիսուն ամբողջ յոթանասունհինգ) հատ հասարակ (սովորական) բաժնետոմսերը», - կարդում ենք կառավարության կայքում:

«Հայաստանի Հանրապետությունը՝ ի դեմս ՀՀ կառավարության, պատրաստակամություն է հայտնել ի սեփականություն ընդունել Բաժնետոմսերը և դրանց կառավարման լիազորությունը վերապահել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմին»,- ասված է քվեարկության ներկայացված հարցի հիմնավորման մեջ: Այն ընդունվեց գրավոր քվեարկության ընթացակարգով: Փաստորեն, կառավարությունը փայ էր ուզում և մտավ «Արդյունաբերական ընկերության» միջոցով: