Որքանով է հնարավոր միջուկային պատերազմն՝ ըստ ռուս քաղաքագետի

Լեհաստանի Զինված ուժերի Գլխավոր շտաբի ղեկավարը հայտարարել է, որ եթե Ռուսաստանը հարվածի Բալթյան երկրներին կամ Լեհաստանին, ապա ՆԱՏՕ-ն պատասխան հարված կհասցնի Ռուսաստանի բոլոր թիրախներին, ընդհուպ մինչեւ 300 կմ խորությամ, ներառյալ՝ Սանկտ Պետերբուրգ քաղաքը։ Այդ նպատակի համար, ըստ լեհ պաշտոնյայի, Վարշավան ձեռք է բերում 800 հրթիռ, որոնք ունեն մինչեւ 900 կմ հեռահարություն։ Լեհ բարձրաստիճան զինվորականը ասել է նաեւ, որ հարվածը Պետերբուրգին կհասցվի ոչ թե հակամարտության առաջին օրը, այլ առաջին իսկ րոպեներին։ Ռուս քաղաքագետ Սերգեյ Մարկովը, անդրադառնալով այս հայտարարությանը, իր տելեգրամյան ալիքում ներկայացրել է Ռուսաստան-ՆԱՏՕ հնարավոր լայնածավալ պատերազմի հավանական սցենարը։ Համաձայն նրա, սադրանք կարող է լինել այս տարվա նոյեմբերին ԱՄՆ-ում կայանալիք նախագահական ընտրություններից հետո, մինչ նոր նախագահի պաշտոնակալումն ընկած ժամանակահատվածում։
Մարկովը կարծիք է հայտնել, որ Բայդենի ներկա վարչակազմը, որը պարզապես մոլուցք ունի Ռուսաստանի հետ պատերազմ սանձազերծելու, հնարավոր է, որ թույլատրի Ուկրաինայի բանակին հարվածելու ՌԴ տարածքի խորքերին՝ բրիտանական եւ ֆրանսիական հրթիռներով։ Ի պատասխան, Ռուսաստանը կհայտարարի, որ Մեծ Բրիտանիան, Լեհաստանը, Ֆրանսիան ու Ռումինիան ուղիղ պատերազմի մեջ են մտել Ռուսաստանի հետ եւ իր հեռահար հրթիռներով կհարվածի Լեհաստանի եւ Ռումինիայի օդանավակայաններին։ ՆԱՏՕ-ն կհարվածի Սանկտ Պետերբուրգին եւ ՌԴ մյուս խոշոր քաղաքներին, իսկ Մոսկվան իր հերթին կհարվածի Վարշավային եւ Բուխարեստին։ Դա արդեն կնշանակի լայնածավալ պատերազմ ՌԴ եւ ՆԱՏՕ-ի միջեւ, որը կարող է արագ կերպով վերածվել միջուկային առճակատման։ Ռուս քաղաքագետը խորհուրդ է տալիս բոլոր այն ուժերին, ովքեր նման սցենարի իրականություն դառնալը չեն ուզում, արդեն հիմա ճնշում գործադրել Լոնդոնի, Փարիզի եւ Վաշինգտոնի վրա եւ պահանջել, որ հեռահար հարվածների թույլտվություն չտրվի։ Վարշավայի հետ երկխոսությունը Մարկովը համարում է անիմաստ, քանի որ կարծում է, որ լեհ քաղաքական գործիչների մոտ ողջամտություն չկա եւ ամեն ինչ կլանված է ռուսատյացությամբ։
Կարծիքներ