Կոնֆլիկտային իրավիճակներն անխուսափելի կլինեն

Կոնֆլիկտային իրավիճակներն անխուսափելի կլինեն

Համաձայն ԱՆ հրամանի, հունվարի 22-ից հանրային վայրեր կկարողանան այցելել միայն պատվաստված կամ քովիդ թեստի բացասական արդյունքը ներկայացնող քաղաքացիները։ Հանրային սննդի, հյուրանոցային տնտեսության օբյեկտների եւ մարզասրահի հաճախորդները, գրադարանների եւ թանգարանների այցելուները, թատերահամերգային, կինոյի եւ այլ մշակութային գործունեություն իրականացնող կազմակերպությունների հանդիսատեսները կարող են մուտք գործել միայն այն դեպքերում, եթե ներկայացնեն կա՛մ ՊՇՌ հետազոտության բացասական արդյունքը հավաստող, առավելագույնը 72 ժամ վաղեմության սերտիֆիկատ, կա՛մ արագ ախտորոշիչ թեստի 24-ժամյա վաղեմության բացասական արդյունքը հավաստող տեղեկանք՝ արտածված ԱՐՄԵԴ համակարգից, կա՛մ պատվաստման սերտիֆիկատ, բջջային հավելվածի արագ արձագանքման ծածկագրի (QR կոդ) միջոցով, կա՛մ բջջային հավելվածից արտածված թղթային տարբերակով։

Բացառություն կկազմեն մինչեւ 18 տարեկան անձինք՝ անձը հաստատող փաստաթուղթ ներկայացնելու դեպքում։ Հղիները՝ հղիության մասին բժշկական փաստաթուղթ ներկայացնելու դեպքում, ինչպես նաեւ բացառությամբ՝ փաստագրված բացարձակ հակացուցման մասին բժշկական փաստաթուղթ ներկայացնելու դեպքում եւ ՊՇՌ հետազոտության առաջին դրական արդյունքից հաշված 90 օրվա ընթացքում՝ կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) ախտորոշման ՊՇՌ հետազոտության առաջին դրական արդյունքը հավաստող էլեկտրոնային սերտիֆիկատ ներկայացնելու դեպքում։

Ինչպե՞ս են վարվելու իրենց այն այցելուների հետ, ովքեր չեն ներկայացնի համապատասխան փաստաթղթերը։ Մշակութային օջախների տնօրենները խուսափողական պատասխաններ են տալիս՝ մատնացույց անելով ԱՆ հրամանը, որին ցանկացած դեպքում պետք է ենթարկվեն։
Մատենադարանից մեզ տեղեկացրին, որ ԱՆ հրամանն ու հայտարարությունը տեղադրել են ի գիտություն այցելուների, իրենք՝ աշխատակիցները, վաղուց են պատվաստված։ Ի՞նչ խնդիրներ կարող է ստեղծել այս հրամանը՝ առանց այն էլ քիչ այցելություններ գրանցող մշակութային օջախներում, արդյո՞ք չեն կորցնի իրենց ընթերցողներին, այցելուներին։ Մատենադարանից ասացին, որ այլ տարբերակ չունեն։ «Եթե երկրի ղեկավարությունը որոշում է կայացրել եւ գերատեսչություններին համապատասխան հրամաններ է ուղարկել, մենք ի՞նչ անենք, յուրաքանչյուր մշակութային օջախ ենթակա է ինչ-որ գերատեսչության։ Մենք հասկանում ենք, մարդկանց դրության մեջ մտնում ենք, բայց միեւնույն ժամանակ կա հրաման, մենք այս պահին ուղղակի հրամանն ենք իրագործում»,- փոխանցեցին մեզ։

Հ․ Թումանյանի թանգարանի տնօրեն Անի Եղիազարյանից հետաքրքրվեցինք, թե այս հրամանն ինչ անհարմարություններ կստեղծի իրենց ամենօրյա աշխատանքում։ «Սա մեր հերթական մարտահրավերներից մեկն է լինելու, որովհետեւ պետք է ինչ-որ ձեւ գրավիչ դարձնես մշակութային կենտրոնդ, որ եթե մարդն այդ պահին չունի համապատասխան փաստաթուղթ, հանուն այդ կենտրոն այցելելու, գնա այդ քայլին»,- ասաց նա ու նկատեց, որ մինչեւ 18 տարեկանների դեպքում այս ձեւաչափը պարտադիր չէ, իսկ իրենց թանգարանի պոտենցիալ այցելուներն էլ, տոկոսային հարաբերակցությամբ, ավելի շատ դպրոցահասակներն են, որոնց վրա չի տարածվի այս հրամանը։
Տնօրենն ասում է՝ առաջին տասն օրը մշտադիտարկում կիրականացնեն եւ կփորձեն հասկանալ, թե մարդիկ ինչպես են այդ ամենին արձագանքում․ «Բայց այն, որ դա կարող է խոչընդոտ հանդիսանալ, որեւէ մեկը չի կարող ասել, որ այդպես չէ, որովհետեւ մենք մարդուց հավելյալ բան ենք պահանջում, որպեսզի նա գա մշակութային կենտրոն»։

Հայաստանի ազգային գրադարանն իր կայքէջում եւս տեղադրել է ԱՆ հրամանը։ Թե ինչպես են վարվելու այն այցելուների հետ, ովքեր չեն ներկայացնի պահանջված փաստաթուղթը, գրադարանի հանրային կապերի բաժնից մեզ պատասխանեցին. «Կոնֆլիկտային իրավիճակներն անխուսափելի կլինեն, հատկապես, եթե հաշվի առնենք, որ ոչ միայն երիտասարդներն են մեր ընթերցողները, այլեւ գիտական, մամուլի ընթերցասրահում բավականին տարեց այցելուներ ունենք։ Հույս ունենք՝ քաղաքացիները կդրսեւորեն ըմբռնում, որովհետեւ այս որոշումը մեր ցանկությամբ չէ։ Բնականաբար, դա ոչ ոքի դուր չի գա, նաեւ աշխատանքն է կրկնակի դառնում, դժվարությունների կհանդիպենք, բայց կփորձենք առանց կոնֆլիկտների հարթել իրավիճակը»։

Այս որոշման ֆոնին այցելուների հոսքը կնվազի՞, թե՞ ոչ։ Գրադարանից մեզ ասացին, որ իրենց աշխատակիցների 97 տոկոսն արդեն պատվաստված է, բացառություն են կազմում մի քանիսը, ովքեր կա՛մ առողջական խնդիր ունեն, կա՛մ հղի են, կա՛մ նոր են քովիդ տարել։ «Ենթադրում ենք՝ ընթերցողների շրջանում էլ շատ քիչ կլինեն չպատվաստվածները կամ այլ խնդիրներով մարդիկ»,- հույս հայտնեցին գրադարանից։