Ի՞նչ է ասելու գյուղի իմ հարեւանին Դանիել Իոաննիսյանը

Ի՞նչ է ասելու գյուղի իմ հարեւանին Դանիել Իոաննիսյանը

«Անալիտիկոնի» խմբագիր Գեղամ Բաղդասարյանը «Կանգ առեք պարոնայք եւ տիկնայք» խորագրով իմ հոդվածը գնահատել է որպես «միանշանակ բացասական»:

Չեմ թաքցնում, Արցախում ՏԻՄ ընտրություններին դիտորդություն  իրականացնելու նպատակով երկու հասարակական կազմակերպության գումարներ տրամադրելու մասին Հայաստանի կառավարության որոշումը, մեղմ ասած, խնդրահարույց է: Նախ՝ միջազգային արձագանքների առումով, ինչի մասին խոսել եմ նշված հոդվածում: Երկրորդ, պնդում եմ, որ այդ կերպ կասկածի տակ է դրվում մինչ այժմ Արցախում կայացած ընտրությունների ազատությունը եւ թափանցիկությունը: Մինչդեռ մենք ականատես ենք եղել, երբ Ստեփանակերտի քաղաքապետի ընտրություններում հաղթել է ընդդիմության թեկնածուն, եւ իշխանությունը դրանից ողբերգություն չի սարքել: Երրորդ, բոլոր փորձագետները խոսում են Հայաստանում 1995-ից ի վեր թե համապետական, թե տեղական ընտրությունների զանգվածային կեղծման մասին:

Առնվազն անվիճելի է, որ 1998, 2003, 2008  եւ 2013թ.թ. նախագահական ընտրությունները կեղծվել են: Անցյալ տարվա խորհրդարանական ընտրությունները լավագույն ցանկության դեպքում անգամ դժվար է օրինակելի համարել: Երբ մի ուժ ստանում է քվեների 70 տոկոսից ավելին, ապա այստեղ գործ ունենք ոչ թե գիտակցված ընտրության, այլ հեղափոխական կոլեկտիվ կողմնորոշման հետ: Հետեւաբար ի՞նչ օրինակ պետք է Արցախում տարածի Դանիել Իոաննիսյանի գլխավորած հասարակական կազմակերպությունը: Արցախցիներին վարակելու է հեղափոխականությա՞մբ, որպեսզի Ստեփանակերտի քաղաքապետի թեկնածուներից մեկն ստանա ընտրողների ձայների 70 տոկո՞սը: Ո՞րն է այդ եւ մյուս հասարակական կազմակերպության առաքելությունը: Բերեմ իմ ծննդավայր Առաջաձորի օրինակը: 500-ից մի փոքր ավելի ընտրող ունեցող գյուղում առաջադրվել է համայնքի ղեկավարի 4 թեկնածու:

Չորսն էլ ծնվել, հասակ են առել գյուղում, երեքն Արցախյան պատերազմի մասնակից են, որոնցից մեկը՝ Մարտական խաչ շքանշանի ասպետ, չորրորդը զոհվածի որդի է: Ու՞մ նախապատվությունը կտա մեծամասնությունը՝ Դանիել Իոաննիսյանի հ/կ-ի ի՞նչ գործն է:

Չորս թեկնածուներից ոչ մեկը իշխանության հետ որեւէ առնչություն չունի: Մեկին հովանավորում է ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանը, մյուս երեքը, որքան երեւում է, քաղաքական որեւէ ուժից աջակցություն չունեն: Հիմա այս իրավիճակում գյուղի իմ հարեւանին, որ թեկնածուներից մեկի հրամանատարությամբ Արցախյան պատերազմ է անցել Կիչանից մինչեւ Թալիշ, Դանիել Իոաննիսյանն ի՞նչ խորհուրդ է տալու, ինչպե՞ս է մեր գյուղում քաղաքացիական հասարակություն ստեղծելու, երբ մարդիկ ունեն իրենց նախընտրած թեկնածուն, եւ Աստված էլ երկնքից իջնի՝ իրենց համոզմունքը չեն փոխելու: Իմ բացասական վերաբերմունքն, ահա, պայմանավորված է այս իրողությամբ:

Ի դեպ, նույնն իրավիճակն է նաեւ Ստեփանակերտում, քաղաքապետի թեկնածուներից յուրաքանչյուրն ունի իր կայուն ընտրազանգվածը: Եւ տրամաբանական է հարցնել՝ ո՞րն է նախընտրելի, թողնել, որ «ոչ քաղաքացիական» հասարակությունն ընտրի իր տեղական իշխանությու՞նը, թե՞ արտաքին միջամտությամբ իրոք քաղաքականացնել ՏԻՄ ընտրությունները: