Իսկ եթե այդպե՞ս չէ

Իսկ եթե այդպե՞ս չէ

Իրանցի գեներալ Սոլեյմանին սպանվել է Բաղդադի օդանավակայանում: Հնչում են հուզական արձագանքներ, այդ թվում եւ՝ Արցախից: Փորձագիտական շրջանակներից հակադարձում եւ խորհուրդ են տալիս հանգիստ նստել տեղները: Վկայակոչվում է Հայաստանի ԱԳՆ զուսպ հայտարարությունը: Ի տարբերություն Երեւանի, պաշտոնական Բաքուն լռություն է պահպանում: Սոլեյմանիի սպանությունից կարճ ժամանակ առաջ արաբական լրատվամիջոցները գրել էին, որ Ադրբեջանն իր տարածքում հենակայաններ է տրամադրել Իսրայելին, որտեղից վերջինս կարող է մահապարտ-ԱԹՍ-ներով հարվածել Իրանին եւ Իրաքին: Բաքուն պաշտպանության նախարարության մակարդակով հերքել է այդ լուրերը:

Որտեղի՞ց է ԱՄՆ-ը հրթիռային հարված հասցրել Բաղդադի օդանավակայանին՝ հայտնի չէ: Բայց Սոլեյմանիի սպանության թեմայով միջազգային մամուլի, այդ թվում՝ ռուսաստանյան Regnum-ի, հրապարակումներում աչքի է զարնում երկու վկայակոչում: Առաջինն այն մասին է, որ իսլամական պետության դեմ պայքարում քայլերի կոորդինացման հարցերով Սոլեյմանին ժամանակին իրանական կողմի գլխավոր բանագնացն է եղել Բաղդադում ԱՄՆ-Իրան գերգաղտնի բանակցություններում: Երկրորդը վերաբերում է հեղինակավոր գեներալի ներքաղաքական վարկանիշին:

Ըստ այդմ, 2017թ.-ին նա կարող էր առաջադրվել Իրանի նախագահի թեկնածու, բայց վերջին պահին երկրի հոգեւոր առաջնորդն այլ որոշում է ընդունել: Վերլուծաբանները ենթադրում են, որ հոգեւոր առաջնորդը Սոլեյմանիին դիտարկել է որպես իր ամենահավանական ժառանգորդ: Այս դիտանկյունից նայելիս հարց է ծագում՝ որտեղի՞ց ամերկյան կողմին այդքան ճշգրիտ տեղեկություն Սոլեյմանիի տեղաշարժի մասին: Ենթադրաբար այդ տեղեկությունը Վաշինգտոնին տրամադրել են իսրայելական հատուկ ծառայությունները: Միջազգային մամուլի անդրադարձերում, սակայն, շեշտվում է, որ Սոլեյմանիի սպանությունն ամրապնդում է Իրանի քաղաքական ղեկավարության պահպանողական թեւի դիրքերը: Իրանը ներսից պայթեցնելու ամերիկյան վերջին փորձերը մատնվեցին անհաջողության: Սոլեյմանիի սպանությունից հետո ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ Իրանում ռեժիմ փոխելու ծրագիր չկա:  Այդ դեպքում ո՞րն է գեներալի սպանության շարժառիթը: Սոլեյմանիի մահով սպառվու՞մ են տարածաշրջանում շիա երկրների միավորման իրանական ծրագիրն իրականացնելու հնարավորությունները: Իհարկե՝ ոչ: Հնարավոր է, կրոնական համերաշխությունը հասնի ավելի բարձր մակարդակի: Թրամփի քննադատներից ԱՄՆ նախկին փոխնախագահ Բայդենն ասել է, որ Սոլեյմանիի սպանությամբ պայթուցիկ է նետվել աղբաման: Իրանում ինչ-որ մեկին ձեռնտու՞ է եղել իրավիճակի նման սրացումը: Իսրայե՞լն է ԱՄՆ նախագահին դրդել ծայրահեղ քայլի: Իսկ եթե այդպե՞ս չէ…