Հայաստանը՝ առանց «անվտանգության բարձիկի»

Հայաստանը՝ առանց «անվտանգության բարձիկի»

Ռուսական մամուլն օրերս հրապարակեց հայաստանյան սորոսական պաշտոնյաների ու կառույցների մի հսկա ցանկ (ներառյալ երկրի առաջին դեմքը, փոխվարչապետը)։ Շատերի մասին գիտեինք, բայց այսպես դասակարգված չէինք կարդացել։ Մինչդեռ պարզվում է՝ նման նուրբ հարցերում «անվտանգության բարձիկներ» տեղադրում են ոչ միայն ավտորիտար ու տոտալիտար երկրները, այլեւ ժողովրդավարության 200 եւ ավելի տարվա փորձ ունեցողները՝ Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, ԱՄՆ-ն, Իսրայելը, Ռուսաստանը, Իրանը, Չինաստանը։ Մեծ Բրիտանիայում, օրինակ, ՀԿ-ների գործունեության վերահսկման օրենքի նախատիպը եղել է դեռ 19-րդ դարում։ Այն ժամանակ են հասկացել, որ դրսից ֆինանսավորվող ՀԿ-ները, հիմնադրամներն ու ԶԼՄ-ները ներքաղաքական գործընթացներում արտահայտում են այլ երկրների շահերը։ Մեծ Բրիտանիայում 1853թ. ընդունված Բարեգործական վստահության ակտի (Charitable Trusts Act) համաձայն՝ բարեգործական կազմակերպությունների գործունեությունը վերահսկվում է համապատասխան հանձնաժողովի կողմից, որը հաշվետու է կառավարությանը։

«Օտարերկրյա գործակալների» մասին օրենքի համաձայն, ԱՄՆ-ում (գործում է 1938-ից) «օտարերկրյա գործակալները» պետք է կառավարությանը ներկայացնեն իրենց գործունեությունը եւ ֆինանսավորման աղբյուրները: 2012թ. հուլիսի 6-ին ՌԴ Պետդումայում ընդունված օրենքով՝ արտերկրից ֆինանսավորում ստացող՝ քաղաքական գործունեություն ծավալող կազմակերպությունները պետք է գրանցվեն որպես «օտարերկրյա գործակալներ»: Օրենքը չի տարածվում կրոնական, պետական կազմակերպությունների եւ նրանց կողմից ստեղծված ՀԿ-ների, ինչպես նաեւ պետական, տեղական ինքնակառավարման եւ բյուջետային հաստատությունների վրա։

1990-ին ՀՅԴ-ն բացահայտեց իր ներկայությունը Հայաստանում: 1994 թվականի դեկտեմբերի 28-ին ՀՀ նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի հրամանագրով կասեցվեց ՀՅԴ գործունեությունը Հայաստանում՝ հանրապետությունում գործող քաղաքական կուսակցությունների մասին օրենքը խախտելու մեղադրանքով։ Ավելի կոնկրետ՝ դրսից ֆինանսավորվելու արգելանքի խախտման համար։ Ճի՞շտ էր, թե՞ սխալ Տեր-Պետրոսյանի մոտեցումը․ ժամանակին այդ մասին գրեթե շատ է խոսվել։ Բայց մի բան հստակ է՝ այն ժամանակ կար մոտեցում, պետական գաղափարախոսություն, որ նորանկախ Հայաստանում դրսից որեւէ մեկը «երաժշտությունը չպետք է պատվիրի», եթե անգամ դա արվում է ազգային կուսակցության միջոցով։