Իշխանությունը հանրաքվեն չեղարկելու նախագիծ է ներկայացրել

Իշխանությունը հանրաքվեն չեղարկելու նախագիծ է ներկայացրել

Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունելու համար քննարկում է «Հանրաքվեի մասին» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենսդրական փաթեթը:

Հեղինակը  «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանն է, առաջարկվում է  հնարավորություն տալ արտակարգ դրության ավարտից հետո չեղարկել Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի և 6 անդամների լիազորությունների դադարեցման հանրաքվեն:

«Օրենքում ռազմական կամ արտակարգ դրություն հայտարարելու հիմքով չկայացած հանրաքվեի վերաբերյալ կա ընդամենը մեկ դրույթ՝ այն է, որ արտակարգ կամ ռազմական դրության վերացումից հետո հանրաքվեն նշանակվում է ոչ շուտ քան 50 և ոչ ուշ, քան 65 օր հետո: Ամբողջ գործընթացը, թե ինչպես պետք է վերսկսվի հանրաքվեն, օրենքը չի նշում»,- ասաց Հովակիմյանը:

Պատգամավորը նշեց, որ օրենքի փոփոխությունները միտված են կարգավորելու հանրաքվեի շարունակականության կանոնակարգման հարցը, ինչպես նաև արտակարգ դրությամբ պայմանավորված հանրաքվեն չեղարկելու ինստիտուտի ներդրմանը, ինչը կազդի նաև Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի վրա:

Վահագն Հովակիմյանը հավելեց, որ կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակում հանրության առողջությունն առավել կարևոր է, քան հանրաքվեն: