Ընտրելու իրավունքն ընդդեմ ժողովրդավարության

Ընտրելու իրավունքն ընդդեմ ժողովրդավարության

Զորակոչիկների ընտրական իրավունքի շուրջ

Տարիներ առաջ և հատկապես սահմանադրական փոփոխություններին ընդառաջ առաջարկել եմ սահմանափակել զորակոչիկների ընտրության իրավունքը: Սահմանափակել, բնականաբար, ընդամենը երկու տարով կամ այնքան ժամանակով, որքան կտևի նրանց ծառայությունը՝ եթե օրենքով այն կրճատվի կամ երկարաձգվի: Ինչու, որովհետև մեր զորակոչիկները միշտ ընտրել են այնպես, ինչպես ցանկացել է իշխանությունը: Իսկ որպեսզի այդ կանոնից շեղումներ չլինեն՝ խստորեն հետևել են հրամանատարները: Նրանց խումբ առ խումբ տարել են մոտակա ընտրատեղամասեր, և նույնիսկ պահանջել են ցույց տալ արդեն քվեարկված քվեաթերթիկները, ինչը օրենքի կոպիտ խախտում է: Իսկ հունիսի 20-ի ընտրության ժամանակ երևաց, թե ինչպես է զինվորը քվեախցիկում վերցնում արդեն պատրաստի քվեաթերթիկը ծրարով: Միաժամանակ, նրանց շրջանում արգելվում է որևէ քարոզարշավ, ինչը ընտրության տրամաբանության խեղում է՝ ի՜նչ ընտրություն առանց քարոզարշավի: 

Սակայն իմ այդ գաղափարը չի ընդունվել ինչպես այն ժամանակների գործող իշխանության (բնականաբար նրան դա ձեռ չէր տալիս), այնպես էլ այսպես կոչված քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների կողմից: Ինչպե՜ս կարելի է ժողովրդավարական պետությունում սահմանափակել մարդու կարևորագույն իրավունքը: Եվ որևէ նշանակություն չուներ, որ նույն այդ ժողովրդավարական պետությունում իշխանության կողմից կոպտորեն խախտվում էր և խախտվում է ընտրելու ազատության իրավունքը: Դա մի կողմից: Եվ մյուս կողմից, մեր երկրի ընտրողների համարյա կեսը կամ նույնիսկ կեսից ավելին, եթե հավատ ընծայենք ՀՀ ոստիկանության կողմից կազմվող ընտրողների ռեգիստրի տվյալներին, երբեք չի մասնակցել որևէ ընտրությանը: Իհարկե, կասեն, որ դա իրենց իրավունքն է՝ մասնակցել կամ չմասնակցել, սակայն պետությունը պետք է ապահովի իր պարտավորությունը՝ բոլորին ապահովի ընտրելու իրավունքով: Բայց եթե հաշվի ենք առնում, որ նույն այդ պետության անվան ներքո հանդես եկող իշխանությունը կոպտորեն խախտում է այդ իրավունքը, ապա մեր երկրում ինչ որ բան այնպես չէ: Եվ այդ շեղումն առկա էր թե՛ նախկինների և ավելի քան առկա է նիկոլական «ժողովրդավարության» պայմաններում: 

Ստացվում է, որ անվանապես ապահովելով զինակոչիկի ընտրելու իրավունքը՝ իշխանությունը պրակտիկորեն խախտում է այն: Ինչն, իր հերթին, նշանակում է, որ ժողովրդավարության անվան ներքո իշխանությունը միշտ գործել և գործում է ընդդեմ իրական ժողովրդավարության: 

Այս հարցում առկա է նաև մեկ այլ խնդիր, ինչը երբևէ չի դիտարկվել լրջորեն: Իշխանությունը ստիպում է հայրենիքի պաշտպան զինվորին անել այնպիսի ընտրություն, որ վերջինս չէր ցանկանա կատարել: Որպես վերակացու էլ դրվում է հրամանատարը, որը ենթադրաբար չէր ցանկանա լինել վերակացու՝ էլ չեմ խոսում, որ ինքը ևս չէր ցանկանա, որպեսզի իր զինվորը կատարեր նման ընտրություն: Բայց այդ մասին ինքը ստիպված լռում է, և եթե իսկապես այդպես է, ու զինվորն էլ տեղյակ է դրա մասին, ապա դա գցում է հրամանատարի հեղինակությունը զինվորի աչքում: Խիստ նյութական մեր երկրում նման մանրուքներին ուշադրություն դարձնող չի եղել ու չկա, բայց այդպիսի մանրուքներն են ձևավորում մթնոլորտը բանակում: Եվ նման մանրուքներն են դաստիարակում կամ խեղում զորակոչիկների ներքին աշխարհը: Իսկ իմ առաջ քաշած գաղափարի շնորհիվ բոլոր այդ հարցերը դուրս կգային: Ի վերջո, կան, չէ՞, որոշ մասնագիտություններ (խոսքը դատական, ուժայինների, մաքսային-հարկային համակարգերի աշխատակիցների մասին է), որոնց դեպքում արգելվում է առանց պաշտոնաթող լինելու գրանցվել որպես պատգամավորության թեկնածու: Հասկանալի է, որ զորակոչիկը չի կարող ինքնուրույն դադարեցնել իր զինվորական ծառայությունը, բայց կյանքում մեկ անգամ որևէ ընտրությանը չմասնակցելով ինքը հաստատ դրանից ողբերգություն չի ապրի: Իսկ իշխանությունն էլ՝ ինչպիսն էլ այն լինի, կզրկվի մի քանի տասնյակ հազար ձայնի անօրինական «պաշարից»: Եվ արդյունքում կշահի իրական ժողովրդավարությունը: