Բուհերը իշխանության վերահսկողության ներքո վերցնելու խնդիր չկա․ ԿԳՄՍՆ-ն արձագանքում է

Բուհերը իշխանության վերահսկողության ներքո վերցնելու խնդիր չկա․ ԿԳՄՍՆ-ն արձագանքում է

Բուհերի կանոնադրություններում կատարված փոփոխությունների մասին ՀՀ կառավարության որոշման շուրջ այսօր պարզաբանումներ ներկայացրեց ԿԳՄՍ նախարարության Բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության վարչության պետի տեղակալ Լուսինե Գրիգորյանը։ Ըստ նրա, բուհերը իշխանության վերահսկողության ներքո վերցնելու ոչ մի խնդիր չկա, պարզապես պետությունը, որպես բուհերի հիմնադիր որոշել է պատասխանատվություն վերցնել նրանց գործունեության համար․ 

«Այս որոշումը իր առջեւ խնդիր չի դրել սահմանափակել բուհերի իրավասությունը, բուհերը օրենքով սահմանված իրենց իրավասության շրջանակն ունեն եւ այս որոշումը վերաբերում է միայն հոգաբարձուների խորհրդի ձեւավորմանը, որտեղ որպես բուհի հիմնադիր իր մասնակցությունն է բերում կառավարությունը։ Հիմնական նպատակը բուհերում առաջացած կառավարման հետ կապված խնդիրներն էին, երբ արդեն 2 տարի ԵՊՀ-ում չէր ընտրվում ռեկտոր կամ երբ նույնիսկ հոգաբարձուների խորհրդի նախագահ չէր ընտրվում եւ որոշակի խնդիրներ առաջացան։ Նույնը Շիրակի պետական համալսարանում էր, իսկ Երեւանի Մանկավարժական համալսարանում էլ մայիսի 11-ին կլրանա խորհրդի ժամկետը։ Սրանով պայմանավոված եւ խնդիրներին հրատապ լուծում տալու անհրաժեշտությունից ելնելով նախարարությունը նախաձեռնել է բուհերի կանոնադրությունների փոփոխությունները եւ հրատապ լուծումների կարիք կա հիմնականում այս 3 բուհերում։ Դրա համար առաջնային առանձնացվել են այս 3-ը եւ ընդունվել հիմնադրի կողմից, որպեսզի սահմանված կարգով ձեւավորվեն խորհուրդները»,-ասաց ԿԳՄՍ ներկայացուցիչը։ 

Թե նման համամասնությունը որքանո՞վ կօգնի հաղթահարել ճգնաժամը բուհերում, Լուսինե Գրիգորյանը նշեց, որ նախագիծը մշակելիս հաշվի են առել այս հանգամանքները, ավելին՝ գտնում են, որ նախկին համամասնությամբ խորհուրդները դժվար էին գործում եւ հաճախ դառնում էին «առանձին խմբերի շահերի ներկայացման, տարբեր խնդիրների լուծման հարթակներ։ Այս որոշմամբ հիմնադիրը մեծամասնություն է կազմում խորհուրդներում եւ հույս ունենք, որ այս համամասնությամբ խորհուրդները արդյունավետ կաշխատեն»։ Թե ինչու է օրինակ ուսանողների եւ դասախոսների բաշխավածությունը անհամաչափ, ո՞րն է տրամաբանությունը, Լ․ Գրիգորյանը նշեց, որ ուսանողների 25 տոկոս ներկայացվածությունը պարտադրված է կրթության մասին օրենքով, ուստի որեւէ փոփոխության այն ենթարկվել չէր կարող։

Բուհերից արձագանքում են, որ կանոնադրությունները փոխվել է գաղտնի, առանց իրենց տեղյակ պահելու, ինչին համաձայն չէ նախարարության ներկայացուցիչը.․ «Այս մոտեցումներին տեղյակ էին բոլոր բուհերը, դեռեւս «Բարձարգույն գիտության եւ կրթության» օրենքի շրջանակներում, նախարարության դիրքորոշումը հայտնի էր բուհերին եւ նախարարությունն էլ այդ քաղաքականությունը տարել է մինչեւ վերջ եւ 9 հոգանոց խորհրդի 5/4 համամասնությամբ ձեւավորման որոշումը 2-րդ ընթերցմամբ անցել է ԱԺ-ում։ Այս մոտեցումը ծանոթ էր բոլոր բուհերին։ Օրենսդրությամբ որեւէ խախտում նախագծում թույլ տրված չէ»։ 

Այդուհանդերձ, կառավարության ընդունած այս որոշման սահմանադրականությունը, ամենայն հավանականությամբ, կվիճարկվի վարչական դատարանում, ինչի առիթով նա նկատեց․ «Եթե, օրինակ, ՍԴ-ն որոշում կայացնի կասեցնել իրավական ակտը, հետեւաբար՝ իրավական ակտը կկասեցվի եւ դրանից բխող որեւէ այլ գործողություն չի կատարվի։ Իսկ մինչ այդ, քանի դեռ որեւէ իրավական գործընթաց չկա, որոշումն ուժի մեջ է մտնում, կանոնադրության փոփոխությունները սահմանված կարգով կգրանցվեն եւ նախատեսված ձեւավորման կարգի շրջանակներում բուհերի հոգաբարձուների խորհրդի թեկնածությունները ստանալուց հետո կնախաձեռնենք դրա անհատական կազմը վարչապետի հաստատմանը ներկայացնելու գործընթաց»։

Հիշեցնենք, որ նախօրեին, կառավարությունը հաստատել է պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների կառավարման խորհուրդների ձեւավորման կարգը փոփոխելու վերաբերյալ նախագիծը։ Ըստ որի՝ կառավարման խորհուրդների անդամների թիվը 32-ից հասցվել է 20-ի, ըստ այդմ՝ կառավարության կողմից կապահովվի 11 անդամ (55%), ԿԳՄՍ նախարարության կողմից՝ 2 (10%), հաստատության պրոֆեսորադասախոսական կազմից՝ 2 (10%), ուսանողական համակազմից՝ 5 անդամ (25%)։ Կառավարությունը հիմնադրամի կարգավիճակ ունեցող 12 բուհերից 3-ի համար (Երեւանի պետական համալսարան, Մանկավարժական համալսարան, Շիրակի պետական համալսարան) հրատապ հաստատել է դեռ հանրային քննարկման փուլում գտնվող որոշման նախագիծը, ինչը նշանակում է, որ իշխանությունն ամեն գնով ուզում է ոչնչացնել բուհերի ինքնավարությունը՝ նրանց դարձնելով կառավարելի: