Արցախում գերեվարված քաղաքացին այսօր վերադարձել է տուն

Արցախում գերեվարված քաղաքացին այսօր վերադարձել է տուն

Արցախի Հանրապետության Մարտունու շրջանի Աշան գյուղի բնակիչ Մ․ Մուսայելյանը, որը մոլորվելու հետևանքով հայտնվել էր Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում և գերեվարվել էր, այսօր վերադարձվել է հայրենիք։ Մուսայելյանը հոգեկան առողջության հետ կապված խնդիրներ է ունեցել, հարազատները դիմել են պետական տարբեր մարմինների, սակայն ոչ մի տեղեկություն չեն ստացել։

Արցախի Հանրապետության քաղաքացին հայրենիք է վերադարձել ռուս խաղաղապահների ջանքերով և միջնորդությամբ։ Մեզ հետ զրույցում Գնդապետ Բորիս Ավագյանը հաստատեց քաղաքացու վերադարձի լուրը․

«Քաղաքացին վերադարձել է այսօր, մեր հնարավորությունների չափով աջակցել ենք, որ ռուս խաղաղապահների հրամանատարությունը վարի բանակցություններ և քաղաքացիական անձը վերադարձվի հայկական կողմին, և դա այսօր տեղի է ունեցել։ Քաղաքացին առողջական խնդիրներ է ունեցել, անցել է իրենց վերահսկողության տարածք և այնտեղ գերեվարվել է»,- ասաց Ավագյանը, նա նաև նշեց, որ իրեն է դիմել քաղաքացու հարազատներից մեկը․

«Ամենավշտալին այն է, որ բարեկամները բոլորին դիմել են, նրանց ոչ ոք չի աջակցել և ֆեյսբուքով ինձ են դիմել, դա ցույց է տալիս, որ պետական մարմինները  չեն աշխատում այն քաղաքացիների հետ, որոնց հարազատները գերեվարվում են, դա շատ վատ տարբերակ է, մարդիկ հուսահատ վիճակում են , ման են գալիս ինչ-որ ոչ պաշտոնական ճանապարհներ, որպեսզի աջակցեն և իրենց հարազատներին վերադարձնեն, այն էլ առողջության խնդիր ունեցողներին»։