Ընթանում են նախկինների «կոմպլեմենտարության» գծով

Ընթանում են նախկինների «կոմպլեմենտարության» գծով

Պաշտոնական լրահոսից երեկ տեղեկացանք, որ Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն ընդունել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինին։ Միաժամանակ` նույն օրը, Հայաստանի փոխվարչապետ Սուրեն Պապիկյանն ընդունել է Հայաստանում Ռուսաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին։

Մի կողմ թողնելով հանդիպումների բովանդակային մասը՝ արձանագրենք, որ ուշագրավ է բուն հանդիպումների փաստը, երբ հայկական պետականության երկու առանցքային պաշտոնյաներ հանդիպում են աշխարհաքաղաքական լուրջ հակադրություններ ունեցող երկու ուժային կենտրոնների՝ Եվրամիության եւ Ռուսաստանի՝ մեր երկրում դիվանագիտական առաքելություն իրականացնող ներկայացուցչությունների ղեկավարների հետ։ Բնականաբար, հայտարարում, որ ամեն ինչ անում են Հայաստան-ԵՄ եւ Հայաստան-Ռուսաստան հարաբերությունների բարելավման համար, որ իրենք վստահելի գործընկեր են, որ ընդունում են գործընկերոջ արժեքային համակարգն ու գնահատում այդ բարեկամությունը եւ այլն:

Սակայն սա, ըստ էության, դեռեւս երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ժամանակ ԱԳ նախարարության եւ նախարար Վարդան Օսկանյանի հայտնի «կոմպլեմենտարության» կամ փոխլրացման քաղաքականությունն է, երբ որեւէ պետություն փորձում է իր արտաքին քաղաքականությունը վարել այնպես, որ բոլորի հետ ունենա փոխլրացնող եւ ոչ թե հակադրվող քաղաքականություն։ Ոչ թե «կամ-կամ»-ի, այլ «եւ-եւ»-ի քաղաքականություն:

Ըստ էության, Հայաստանի գործող իշխանություններն իրականացնում են նույն կոմպլեմենտար քաղաքականությունը, սակայն ավելի պարզունակ դրսեւորմամբ եւ ավելի մեծ սխալներով։ Այն քաղաքականությունը, որն իրեն, փաստորեն, չի արդարացրել: Ի դեպ, չնայած վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի սիրում, որ իրեն համեմատում են նախկինների հետ, սակայն սա նաեւ Սերժ Սարգսյանի հայտնի «եւ-եւ»-ի քաղաքականությունն է, որը ժամանակին հաջողություն չունեցավ եւ փոխարինվեց «կամ-կամ»-ի քաղաքականությամբ, ու Հայաստանը նախընտրեց Եվրասիական տնտեսական միությանն անդամակցությունը: Չնայած ինչ-որ ձեւով նաեւ ԵՄ-ի հետ համաձայնագիր կնքվեց` արդեն Սերժ Սարգսյանի նախագահության վերջում։

Իհարկե, կոմպլեմենտարությունը՝ որպես քաղաքական գիծ, վատը չէ, սակայն այն դիվանագիտական լուրջ հմտություն է պահանջում եւ չի սիրում պարզունակություն: Կյանքը ցույց է տալիս, որ մեկ գործընկերոջ հետ ազնիվ, նվիրված եւ համապարփակ հարաբերություններն ավելի շահեկան են, քան այս լողացող կուրսը, որի պարագայում քեզնից դժգոհ են բոլորը, եւ քո լարախաղացությունն աղետների է հանգեցնում։

Կարեն Ենգիբարյան