Մեզ պահելու են «կորպորատիվ ստրուկի կարգավիճակում»․«Բիլայնի» աշխատակիցները՝ Փաշինյանին

Մեզ պահելու են «կորպորատիվ ստրուկի կարգավիճակում»․«Բիլայնի» աշխատակիցները՝ Փաշինյանին

«Հրապարակի» ձեռքի տակ է հայտնվել մի փաստաթուղթ, որում «Վեոն Արմենիա»՝ «Բիլայն» ընկերության տարբեր ստորաբաժանումների մի քանի տասնյակ աշխատակիցներ բաց նամակով դիմում են վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Ըստ ընկերության աշխատակիցների՝ Նիդերլանդներում գրանցված «VEON LTD» ընկերության աշխատակիցները՝ ինչ-ինչ պատճառներով որոշել են դուրս գալ հայկական շուկայից և ընկերության բոլոր բաժնետոսմերը հրատապ վաճառել Հայկ և Ալեքսանդր Եսայանների հիմնադրած նորաստեղծ  «Թիմ» ընկերությանը։  Հիշեցնենք, որ վերջիններս «Յուքոմ» ընկերությունը գնելու առաջարկի մերժումից հետո հեռացել էին և իրենց հետ տարել շուրջ 500 աշխատակիցների՝ հարվածի տակ դնելով ընկերության անխափան աշխատանքը։

Հիմա ընկերությունում մնացածները մտավախություն ունեն, որ վերադառնալով՝ Եսայան եղբայրները իրենց ակտիվներին տեր դառնալով՝ իրենց հետ հեռացածներին կփորձեն ապահովել առավել շահավետ աշխատանքային պայմաններով, իսկ մնացածներին կամ կհեռացնեն կամ կպահեն «կորպորատիվ ստրուկի կարգավիճակում»։ Նամակում հիշեցվում է, որ թագավարակի պատճառով Հայաստանում  օտարերկրյա ուղիղ ներդրումներըը առանց այն էլ շեշտակի նվազում են, իսկ դրանից հետո էլ ավելի կնվազեն, իսկ ՀՀ բազում քաղաքացիներ էլ կկորցնեն աշխատատեղեր։ Աշխատակիցները Նիկոլ Փաշինյանին հորդորում միջամտել ընկերության վաճառքի գործընթացին և պետության անունից երաշխավորել  « Բիլայն» ընկերության աշխատակիցների կայուն ու անփոփոխ աշխատանքային պայմանների ապահովումը՝ «թույլ չտալով քննարկվող արկածախնդիր գործարքի կնքումը»։ 

Զանգահարեցինք ընկերության մամուլի խոսնակ Նաիրա Նազարյանին՝ ճշգրտելու, թե արդյոք նամակն իրենց աշխատակիցներինն է։ Վերջինս մեզ հետ զրույցում ասաց, որ չի մեկնաբանում։ «Ընկերությունը չի հանդես եկել։ Եթե ցանկանում եք, տպագրեք այդ նամակը» ։ Նաիրա Նազարյանը, որը ակնհայտորեն ահավոր կաշկանդված էր հրաժարվեց ասել՝ հաստատու՞մ է, որ ամեն դեպքում, իրենց ընկերության աշխատակիցների անունից նման նամակ կա, ասելով․«Ես նման բան չասացի, ասացի՝ ընկերությունը նման հայտարարությամբ հանդես չի եկել»։ Նա նաև հրաժարվեց ասել, թե արդյոք Եսայան եղբայրները իրենց պարտադրում են ընկերության վաճառքը, ինչպես «Յուքումի» պարագայում, երբ առաջարկում էին վաճառել այն։ 
Ինչևէ, ներկայացնում ենք մեր ձեռքի տակ եղած նամակի PDF տարբերակի պատճենը։

Factot.am-ը թեմայի շուրջ փորձել է մեկնաբանություն ստանալ նաև «Թիմ»-ի մարկետինգի բաժնի ղեկավար Աշոտ Բարսեղյանից: Հետաքրքրվեցլ են՝ եթե տեղի ունենա վաճառքի գործարքը, ապա հնարավո՞ր է, որ չցանականան աշխատել «Բիլայնի» աշխատակիցների հետ: Վերինս ասել է․«Մենք միշտ կարևորել ենք մարդկային ռեսուրսը: Բացարձակապես չենք պատրաստվում գործից որևէ մեկին հանել: Մենք այդ մարդկանց մասնագիտական որակների կարիքը միշտ ունենք և մշտապես ունենալու ենք: «Բիլայնը» հսկայական ցանց է, որը պետք է կառավարել, չենք կարող մենք այդ պատասխանատվությունը մեր վրայից գցել»։