Իշխանությունը պատերազմով է վախեցնում, ընդդիմությունն ինչո՞ւ է վախեցնում

Այն, որ իշխանությունը՝ Փաշինյանի գլխավորությամբ, հայ ժողովրդին ամեն օր վախեցնում է հնարավոր պատերազմով, միանգամայն հասկանալի է: Նա այդ քայլին է գնում, որպեսզի արդարացնի Բաքվի հետ իր գործարքը, տարածքային զիջումները, միջազգային հայցերը հետ կանչելը ու այսպես շարունակ:
Փաշինյանը գտել է հայ ժողովրդի թույլ տեղը, արյունահոսող վերքը ու դրա հետ խաղալով` իր սև գործն առաջ է տանում: Սկզբում Արցախը զիջեց, որ էլ պատերազմ տեղի չունենա, հետո Տավուշից տարածքներ զիջեց, հայ ռազմագերիների կյանքը զիջեց, այժմ Սահմանադրություն է զիջում, ՄԻԵԴ հայցերն է զիջում եւ սա վերջ չունի: Եւ, ինչպես տեսնում ենք՝ Ալիևը շնորհակալություն հայտնելու և խաղաղություն հաստատելու, գոնե այս 29 800 քառակուսի կիլոմետրին «ձեռքը չերկարացնելու» փոխարեն շարունակ ինչ-որ բան է պահանջում ու հետն էլ վիրավորում հայերի ազգային արժանապատվությունը: Իսկ ի՞նչ է անում ընդդիմությունը: Որ ընդդիմադիր գործչի հարցազրույցը կարդում ես, կամ` դիտում, ում հետ զրուցում ես` բոլորն անխտիր գուժում են մոտալուտ պատերազմ, վախ են ներշնչում մեր հասարակությանը: Խոսում են այն մասին, որ Ադրբեջանը հարձակվելու է Հայաստանի վրա, իսկ Հայաստանն անկարող է, անպաշտպան է, մենակ է, դավաճանված է եւ, բնականաբար, պարտվելու է, նոր զոհեր է տալու եւ այսպես շարունակ: Եթե Փաշինյանի պատերազմով սպառնալու նպատակն առավել քան պարզ է` վախի ու սպառնալիքի տալ կատարել Ալիեւի պահանջները եւ պահպանել իր իշխանությունը, ապա ընդդիմության դեպքում առանց այդ էլ վախեցած հասարակությանը ևս մեկ անգամ վախեցնելու նպատակը միանգամայն անհասկանալի է:
Այդ քայլին ընդդիմադիրները հավանաբար գնում են հասարակությանը սթափեցնելու, փողոց հանելու համար, որ ցույց տան, թե Փաշինյանը պատերազմի վտանգը կախված է պահում մեր երկրի գլխին, սակայն մի բան չեն հասկանում, որ այդ վախերը բացարձակապես հօգուտ Փաշինյանի են աշխատում: Նա ոչ թե պատերազմ բերելու վտանգի հետ է ասոցացվում, այլ ամեն գնով խաղաղություն պահպանելու: Իսկ ընդդիմությունը, որքան էլ հայտարարի, որ խաղաղություն է ուզում, ցանկացած արժանապատիվ կեցվածք ու Ալիեւի պահանջները չկատարելու փորձ դիտարկվում է որպես պատերազմ բերելու վտանգ:
Չէ որ Փաշինյանի այն արդարացումները, որ ինչ-որ բան հանձնելով, զիջելով` պատերազմ է կանխում, կյանքեր է փրկում, մեխվել է հանրության ուղեղում: Իսկ ընդդիմությունը չի կարողացել ցուցադրել դրանց սնանկությունը: Էլ չենք խոսում այն մասին, որ բոլոր ազդակները խոսում են այն մասին, որ Ադրբեջանն այժմ էսկալացիայի չի գնա եւ պատերազմի վտանգն այսօր ավելի նվազ է, քան 1-2 տարի առաջ:
Եւ ընդդիմադիրները` փոխանակ վախեցած հասարակությանը «թևեր» տան, քաջալերեն, իշխանության ջրաղացին են ջուր լցնում եւ նպաստում Նիկոլ Փաշինյանի ժամկետի երկարաձգմանը:
Կարծիքներ