Բաց նամակ Սարիկ Մինասյանին

Բարեւ, Սարիկ ջան: Ապ ջան, կարճ կգրեմ, որ չզլանաս կարդալ: Գիտեմ, խիստ զբաղված ես քարոզարշավով եւ թերթ կարդալու ժամանակ էլ չունես, բայց կարեւոր բան ունեմ ասելու, որն այլ կերպ, քան այս եղանակով փոխանցելը, հնարավոր չէր:
Էս գլխից ասեմ, որ ես լեննականցի չեմ եւ չեմ վախենում Գյումրու քաղաքապետի թեկնածուների հետ որեւէ կերպ ասոցացվելուց: Ավելին ասեմ՝ ես կիրովականցի եմ, իսկ դա նշանակում է, որ «հոգուս խորքում» դեմ եմ բոլորիդ եւ ձեր ծրագրերին, որոնց իրականացումը (եթե իրականացնեք) կարող է պատճառ դառնալ, որ Լեննականը «աբգոն էնե» Կիրովականին:
Իսկ հիմա անցնեմ նամակիս բուն եւ կարճ բովանդակությանը: Լսե, ապ ջան, իմացել եմ, որ ուզում ես միանձնյա հաղթանակ տանել Գյումրու ընտրություններում: Ավելի ճիշտ՝ արդեն հայտարարել ես, որ հաղթելու ես միանձնյա: Ինչպե՞ս է դա հնարավոր, ապ ջան, երբ հայտնի է, որ Գյումրու ժողովուրդը 9 տեղ պիտի ճղվի: Գիտեմ, դու շենքին, շնորհքին մարդ ես, կարգին բարեկամություն ունես, բայց այդ ի՞նչ պետք է անես, որ ընտրության մասնակիցների հինգ իններորդ մասը քեզ քվե տա: Ինչ մեղքս թաքցնեմ, դա իրատեսական չէ: Դու Վարդան Ղուկասյանի ու «Մայր Հայաստանի» հավաքները տեսա՞ր, իսկ Ծյոմիգի «Ֆայտոն նստած անցնիմ քուչով» հոլովակը աշեցի՞ր: Ջիգյարով Ռուբոյի մասին էլ չեմ խոսում՝ քի՞չ հետեւորդ ունի: Հետեւաբար, դու հույսդ ինչի՞ վրա ես դրել: Աստծու սիրուն, միայն չասես՝ Նիկոլի ու ՔՊ-ի: Վարչական ռեսուրսը, քարը ճղի, 10 տոկոս է: Հետո՞: Լավ, 10 տոկոս էլ թող բարեկամներդ ապահովեն, հետո՞: 20 տոկոսով միանձնյա հաղթանակ կլինի՞, որ քեզ կորցրած՝ պատասխանատու հայտարարություններ ես անում՝ միանձնյա հաղթելու եմ: ԿԸՀ-ի Վահա՞գը պետք է միանձնյա հաղթանակ նկարի: Լավ, մի 10 տոկոս էլ թող Վահագը նկարի: Ավել չի կարող: Եղավ 30 տոկոս: Հետո՞:
Սարիկ ջան, ապ ջան, գոնե գիտե՞ս, թե քեզնից առաջ քանի՜-քանիսն են հայտարարել միանձնյա հաղթանակների մասին, ու չի ստացվել: Շատ հեռու չգնամ, մի հատ Ավինյան Տիգրան ունեիք ՔՊ-ում, որ ելել էր «Սուրմալուի» ավերակների վրա ու հայտարարում էր, թե ինքն է, որ կա, ինքը պետք է դառնա Երեւանի հաջորդ քաղաքապետը: Այո, դարձավ, բայց ո՞նց: Դեմոքրսիի պատմության մեջ այդպիսի դեպք չէր եղել, այ մարդ: Մի կերպ բրթեցին՝ գնաց: Մանրամասները չեմ ուզում պատմել, ապ ջան, որ ժամանակդ չխլեմ: Իսկ հազիվ ընտրվեց, որովհետեւ «բրթողը» Նիկոլն էր, Ալեն Սիմոնյանն էր, Վահագը… Կարճ՝ ՔՊ-ն ու մի քիչ էլ Դոգը: Դոգին կճանչնա՞ս…
Ասելս ի՞նչ է, ապ ջան… Քիչըմ համեստությունը քեզ կզարդարեր, մանավանդ, եթե վտանգավոր գործ ես բռնել ՔՊ-ի հետ: Հուսամ՝ Նիկոլի՝ Գյումրի կատարած վերջին այցից ճիշտ հետեւություններ ես արել: Այնպես որ, մի փոքր համեստություն քեզ ընտրարշավի օրերին, իսկ Գյումրուն՝ անփորձանք ընտրություններ եմ մաղթում: Թող հաղթի գյումրեցու սրտի թեկնածուն, եւ թող այդ թեկնածուն Կիրովականի հաղթած թեկնածուի ճակատագրին չարժանանա:
Կարծիքներ