Արթուր Վանեցյանը գովազդեց Փաշինյանին ու նրա կառավարությանը

Արթուր Վանեցյանը գովազդեց Փաշինյանին ու նրա կառավարությանը

ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը հանդիպել է 9 թերթի գլխավոր խմբագիրների հետ եւ հայտարարել, որ քաղաքական գործունեություն է սկսում: Վանեցյանը պատասխանել է  մի շարք հարցերի: ԱԱԾ նախկին տնօրենի մտքերն արժանի են խոր եւ համակողմանի վերլուծության: Դա կանեն պրոֆեսիոնալ քաղաքագետները, քաղտեխնոլոգները: Ի վերջո, նախկին խորհրդային տարածքում նա, կարծես,  առաջինն է, որ երկրի հատուկ ծառայության ղեկավարի պաշտոնը թողնելուց հետո որոշել է զբաղվել քաղաքականությամբ, հանգամանք, որ ինքնին  արդեն իսկ չափազանց ուշագրավ է: Քաղաքական ի՞նչ նշաձող կսահմանի ԱԱԾ նախկին տնօրենը, ու՞մ հետ կհամագործակցի եւ ինչպե՞ս՝ ցույց կտա ժամանակը: Բայց թերթերի խմբագիրների հետ նրա երկխոսությունից առանձնանում է այս պահը:

Հարցին, թե երբ վարչապետն իրեն անհեթեթ հրաման էր տալիս, ինքը նստած էր կառավարության այդ նիստին, ասում էր есть, Վանեցյանը պատասխանել է. «Ես եթե ասեի есть» մինչեւ այսօր կշարունակեի մնալ ԱԱԾ տնօրեն, կլինեի բոլորի կողմից շատ սիրված Վանեցյանը, կլինեի ֆեյսբուքի թիվ մեկ սիրված հերոսը եւ չէի գնա այս դժվար ճանապարհով, որը ես որոշել եմ, ընտրել եմ եւ գնալու եմ»: 

ԱԱԾ նախկին տնօրենը փաստացի ասում է, որ Փաշինյանի կառավարությունում աշխատելով՝ ինքը դարձել էր բոլորի կողմից սիրված, եղել ֆեյսբուքի թիվ մեկ հերոսը եւ կմնար այդպիսին, եթե շարունակեր պաշտոնավարել՝ նույնիսկ վարչապետի անհեթեթ հրամաններին есть ասելու դեպքում: Վանեցյանի այս միտքը հակասում է մամուլի ներկայացուցիչների հետ հանդիպման տրամաբանությանը, քանի որ միայն մի բան է վկայում՝ ԱԱԾ տնօրենի պաշտոնում ինքն ունեցել է շատ բարձր հանրային վարկանիշ, ինչից զրկվել է հրաժարականից, պաշտոնանկումից հետո եւ հիմա դժվար ճանապարհի վրա է: Այսինքն՝ չունի նախկին հեղինակությունը, չի նույնանում հերոսի հետ եւ փորձում է մամուլի միջոցով կամ ինչ-որ հիմնադրամային ծրագրերով հասնել որոշ աջակցության:

Ըստ էության, Արթուր Վանեցյանը խոստովանում է, որ Փաշինյանը եւ նրա կառավարությունը բարձր վարկանիշ ունեն, այդ թիմում պաշտոնավարողը հանրային գիտակցության մեջ հերոսանում է, իսկ հեռացողը/հեռացվածը՝ կորցնում աջակցությունը: Փաշինյանին ու նրա կառավարությանն ավելի լավ գովազդ, քան ԱԱԾ նախկին տնօրենն է այդ կերպ  անում, դժվար է պատկերացնել: