Առողջապահության նախարարին ուղարկել էր Սերժ Սարգսյանը․ աղմկահարույց նախաքննական ցուցմունք՝ Հայկ Սարգսյանի գործով 

Առողջապահության նախարարին ուղարկել էր Սերժ Սարգսյանը․ աղմկահարույց նախաքննական ցուցմունք՝ Հայկ Սարգսյանի գործով 

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ շարունակվում է Սերժ Սարգսյանի եղբորորդու՝ Հայկ Սարգսյանի գործով դատական նիստը։

Նիստին դատավորին ներկայացվեց, թե տեղեկություն կա՞ վկա Աշոտ Սիմոնյանի վերաբերյալ ։

Դատախազը նշեց, որ Սիմոնյանի ներկայությունը դատական նիստին ապահովելը հնարավոր չէ, նա գտնվում է ԱՄՆ-ում։

Որոշում կայացվեց հրապարակել վկայի նախաքննական ցուցմունքը։

Նա տուժող Դավիթ Սիմոնյանի հայրն է, իր ցուցմունքում հայտնել է․ «Դավիթ Սիմոնյանը հանդիսանում է իմ որդին։ Ցանկանում եմ նշել, որ մեր ընտանիքը միշտ հասարակական վայրերում նշել է ապրիլի 1-ի՝ սուտ ասելու օրերը եւ 2007 թվականի ապրիլի մեկին նույնպես ցանկացել ենք նշել ինչ-որ ռեստորանում։ Ընտանիքով պետք է գնայինք ռեստորան, որի համար էլ զանգահարել ենք Դավիթին, սակայն որեւէ մեկը չէր պատասխանում։ Այդպես էլ չգնացինք, քանի որ Դավիթը չպատասխանեց հեռախոսազանգերին։ Ժամը 20:00-ին կրկին զանգեցինք Դավիթին, հեռախոսազանգին պատասխանեց  մի կին, պատասխանեցի, որ նա իմ որդին է։ Նա էլ ասաց, որ հեռախոսահամարի բաժանորդի վիճակը շատ ծանր է, նրան վիրահատում են։ Սկզբում չհավատացինք, սակայն հետագայում անմիջապես գնացինք հիվանդանոց»։

Սիմոնյանն իր ցուցմունքում նաեւ նշեց, որ արդեն բժշկական կենտրոնում հանդիպել են առողջապահության նախարարության բարձրաստիճան անձանց․ «Երբ մենք հասանք հիվանդանոց, մեզ մոտեցավ վիրահատող բժիշկը՝ Պիվազյանն, որն ասաց, որ վիրահատությունը նորմալ է անցել։ Բացի այդ նշեց, որ մի երիկամը հեռացրել են, իսկ լյարդի վրա կար են դրել, նաեւ ասաց, որ վնասվել է Դավիթի ողնաշարի մի ողը, որը վերականգնել հնարավոր չէ։ Այնտեղ էր գտնվում նաեւ այդ ժամանակ առողջապահության նախարարը, հետագայում իմացա, որ նրան ուղարկել էր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը։ Դավիթը գտնվում էր անգիտակից վիճակում։ Իմ հարցին՝ ո՞վ է կրակել իմ որդու վրա, պատասխանում էին, որ չգիտեն։ Ընկերների մեջ տիրող խոսակցությունից իմացա, որ Դավիթի վրա կրակել են Ալեքսանդր Սարգսյանի տան պադվալում։ Որից եթադրեցի, որ նրա վրա կարող է կրակած լինի Ալեքսանդր Սարգսյանը։ Դրանից հետո՝ մի քանի օր անց, երբ ես գնացի տուն, վերելակի մոտ հանդիպեցի Արթուր Ղեւոնդյանին, ասացի, որ լսել եմ՝ Ալեքսանդր Սարգսյանն է կրակել, նա էլ ասաց, որ կրակել է նրա որդիներից մեկը թմրամիջոցի ազդեցության տակ, նաեւ նշեց, որ այդ ամենն եղել է պատահական»։

Աշոտ Սիմոնյանի ցուցմունքով՝ Ալեքսանդր Սարգսյանը ցանկացել է հանդիպել իր հետ, այնուհետեւ հանդիպել է Ա․Սարգսյանի աներձագի հետ․«Խոսակցության ժամանակ ինձ ասացին, որ ինչ եղել է, թող անցած լինի, պարտավորվեցին ծախսերը հոգալ։ Ինձ ասացին, որ կրակելու հանգամանքն իրենց տան աշխատողը՝ Արթուր Ղեւոնդյանը կվերցնի իր վրա, իսկ ոստիկանության եւ քննչական մարմինները տեղյակ են ամեն ինչից, եւ արագ կլուծեն այդ հարցը։ Որից հետո ինձ խնդրեցին՝ ոչ մի տեղ չբողոքել։ Նրանք նույնիսկ ինձ գումար առաջարկեցին, որը մերժեցի։ Իրականում իմ որդու կրակել է Հայկ Սարգսյանը, թե ինչ հանգամանքում՝ ես չգիտեմ»։