Ավինյանի խորհրդականը կղեկավարի հինգ փոխնախարարի

Ավինյանի խորհրդականը կղեկավարի հինգ փոխնախարարի

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի 2020 թվականի սեպտեմբերի 11-ի 552-Ա որոշմամբ հաստատվել է Ասիական զարգացման բանկի աջակցությամբ իրականացվող «Տրանսպորտի եւ առեւտրի 2020-2040 թվականների ռազմավարության» մշակման աշխատանքները համակարգող աշխատանքային խմբի կազմը։ Ղեկավարը Տիգրան Ավինյանի խորհրդական Բագրատ Բադալյանն է, իսկ վեց անդամներից հինգը փոխնախարարներ են։ Այս երեւույթը կառավարման մշակույթում առնվազն անհեթեթ է, եթե չասենք՝ վիրավորական, քանի որ խորհրդականը չի կարող փոխվարչապետից բարձր լինել։ Բայց ստացվում է՝ Ավինյանի խորհրդականը կարող է, որովհետեւ արտոնյալ է։
«Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 16-րդ կետի համաձայն, վարչապետն իրավասու է կազմավորելու խորհրդակցական մարմիններ, որոնց ղեկավարումը կարող է հանձնարարել համապատասխան փոխվարչապետին։ Մինչդեռ փոխվարչապետի համար նման սահմանում չկա։

Նույն օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն էլ, կառավարության գործունեության՝ իրեն վերապահված առանձին ոլորտների համակարգումը ներառում է փոխվարչապետի կողմից ձեռնարկվող այնպիսի գործողություններ, որոնց նպատակն այդ ոլորտներում գործող նախարարությունների գործունեության համաձայնեցումն ու ներդաշնակեցումն է։ Ու, ըստ Տիգրան Ավինյանի, նախարարությունների գործունեությունը կարող է ներդաշնակվել, եթե իր խորհրդական Բադալյանը հինգ փոխնախարարի ղեկավարի։
Բադալյանն էլ է ժամանակին փոխնախարար եղել։ 2018-ի հունիսի 6-ին նշանակվել է տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալ։ Մեկ տարի անց, կառավարության կառուցվածքային փոփոխություններով պայմանավորված, ազատվել է պաշտոնից եւ նշանակվել տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ։ 2020 թվականի փետրվարի 3-ին 130-Ա որոշմամբ ազատվել է զբաղեցրած պաշտոնից։ Նույն օրը, Տիգրան Ավինյանի որոշմամբ, նշանակվել է վերջինս խորհրդական։ Այսինքն, փոխվարչապետն իր աշխատակազմում պաշտոն է վստահել մի մարդու, ում աշխատանքից ազատել է վարչապետը։ Սա խոսում է կառավարման համակարգում ոչ միասնական ու չհամակարգված աշխատանքի մասին։
Արդյունքում, Նիկոլ Փաշինյանի չհավանած եւ Տիգրան Ավինյանի համակրանքը վայելող անձը՝ Բագրատ Բադալյանը, խորհրդականի կարգավիճակով ղեկավարելու է 5 փոխնախարարի ու իրեն շատ էլ լավ է զգալու։ Ժամանակին իրեն հարմարավետ էր զգում նաեւ Բադալյանի հայրը, ով նախորդ իշխանության տարիներին կարեւոր դերակատարում ուներ «Լինսի» հիմնադրամի ճանապարհաշինական ծրագրերում։

Սերոբ ՄԱՐՈՒԹՅԱՆ