Սա միայն մեր խնդիրը չէ, բոլորը պետք է ուշադիր հետևեն այդ պրոցեսին․ «Սպայկա»

Սա միայն մեր խնդիրը չէ, բոլորը պետք է ուշադիր հետևեն այդ պրոցեսին․ «Սպայկա»

«Սպայկա» ընկերության նորակառույց պանրի գործարանում արտադրված հայկական 21 տոննա կապույտ բորբոսով պանիրը 24 օր ՌԴ Վերին Լարսի մաքսային անցակետում հարկադիր կանգնեցվելուց հետո վերադարձվել է Հայաստան՝ մաքսակետն արգելել է հայկական պանրի մուտքը Ռուսաստան։ Մեզ հետ զրույցում «Սպայկա» ընկերության զարգացման գծով փոխտնօրեն Կարեն Բաղդասարյանն ասաց, որ այն պիտի ուղարկվեր Ռուսաստանում գտնվող խոշոր պատվիրատուին, սակայն տեղ չի հասել, ինչի հետևանքով ընկերությունը խոշոր վնասներ է կրել․

«Ընդհանրապես Ռուսաստանն իր պատժացանկում ունի ապրանքախմբեր, որոնց նկատմամբ ավելի ուժեղացված վերահսկողություն է իրականացնում, դրանք թանկ գյուղմթերքներն են, ձկնեղենը և կաթնամթերքը։ Պանիրը, բնականաբար, այդ խմբերի մեջ է մտնում, որպես ապրանք, բայց Հայաստանից պանիր գնացել և գնում է, հիմա առաջին անգամ նոր տեսակի պանիր է գնացել։ Ընդ որում՝ սա առաջին խմբաքանակը չէր, մենք սրանից առաջ 2 խմբաքանակ ուղարկել էինք, սա 3-րդն էր, մեծ պատվեր էր և շատ կարևոր հաճախորդի համար, որը Ռուսաստանի տարածքում աշխատում է, սա իր առաջին ու շատ մեծ պատվերն էր։ Մեքենան կանգնեցրել են, և լաբորատորիայի փորձաքննության հիման վրա փորձել են հասկանալ՝ դա հայկակա՞ն է, թե՞ ոչ։ Բնականաբար, մենք իրենց անհրաժեշտ բոլոր տեղեկությունները տրամադրել ենք, նույնիսկ Ռուսաստանի մաքսային ծառայության հայաստանյան ներկայացուցիչն է այցելել, համոզվել և օպերատիվ զեկուցել, որ իրոք Հայաստանում նման որակի պանիր է արտադրվում։ Սակայն հիմք են ընդունել լաբորատորիայի տվյալները, որը, փաստորեն, մի ամբողջ ամիս տևեց։ Արդյունքների մեջ հստակ նշված է «Հայաստան», և, որպես հնարավոր տարբերակներ, նշված է «Առաջավոր Ասիա», որի մեջ Հայաստանը աշխարհագրորեն մտնում է, և, որպես հնարավոր 3-րդ տարբերակ, նշված է «Արևելյան  Եվրոպա», որի մեջ Հայաստանը, ինչպես գիտենք, կրկին մտնում է։ Սակայն մաքսային ծառայության որոշում կայացնող օղակը որոշել է, որ սա, ամենայն հավանականությամբ, հայկական չէ, եթե լաբորատորիան այդպես է գրել։ Փաստը սա է։ Ապրանքը բնականաբար հետ է գալիս։ Այժմ մենք պետք է որոշենք մեր գործողությունները Ռուսաստանի տարածքում և թե ինչպես ենք իրականացնելու մյուս պատվերները։ Բնականաբար, փորձելու ենք մեր հերթական խմբաքանակը հասցնել մեր հաճախորդին, և հնարավոր է, որ էլի նույնը կրկնվի։ Մեխանիզմ, որպես լուծում, մենք այս պահին չենք տեսնում, բայց քանի որ Վերին Լարսի անցակետում Հայաստանից գնացող ապրանքները զննություն են անցնում, ինչպես կանցնեին 3-րդ երկրի ապրանքները, այսինքն՝ կապ չունի դա ԵԱՏՄ անդամ երկրի ապրանք է, թե ոչ, զննության տեսակետից Հայկական ապրանքը չի դիտվում որպես ԵԱՏՄ երկրի  ապրանք, ապա բնականաբար, իրենք այդ բոլոր գործընթացները կարող են նախաձեռնել և իրենք գործել են օրենքի շրջանակներում։ Այլ հարց է, որ կայացված որոշումը աբսուրդ է․․Եթե մեքենան այնուամենայնիվ ուշացումով գնար, այդ ժամանակ մենք կբողոքեինք, որ երկար է տևում զննությունը, ապրանքի պիտանելիության ժամկետից է գնում, մի խոսքով՝ կանցներ- կգնար, հետո իրենք գուցե ճանապարհ գտնեին, որ ավելի արագ կազմակերպեին։ Բայց երբ նման կամայական որոշում է կայացվում, հարց է առաջանում՝ այս մեխանիզմը օգտակա՞ր է, թե՞ վնասակար, և արդյոք չկա՞ն այլ կամայական դրսևորումներ։ Այսինքն՝ տեղափոխվում է ենթադրությունների դաշտ, որը ոչ մեկին հաստատ լավ տեղ չի տանի։ Որպես ընկերություն՝ այստեղ մեր ռեսուրսը, կոպիտ ասած, սպառվում է, մենք մեր աշխատանքը արել ենք, ներդրումներ ենք բերել, աշխատատեղեր ենք ստեղծել, գործարան ենք կառուցել, որը ամբողջ ԵԱՏՄ տարածքում ունիկալ է․ նման որակի պանիր ոչ մի տեղ չի արտադրվում՝ ԵԱՏՄ երկրներից ոչ մի ուրիշ երկրում։ Մեր արտադրած պանրի որակը այնքան բարձր է, որ համտես է անցկացվել, ամբողջ Եվրոպայում ու Ռուսաստանում 24 լավագույն պանիրների շրջանում մասնագետները առաջին հնգյակի մեջ են դասել։ Մենք շատ լավ պրոդուկտ ենք ստեղծել, շուկա ենք ստեղծել այդ թվում Ռուսաստանում, բայց դեպի ԵԱՏՄ երկրներ մուտքը այսպես կամայականորեն խոչընդոտվում է։ Բնականաբար, հարց է առաջանում՝ ի՞նչ է լինելու հետո։ Մեր տեղեկություններով՝ պատկան մարմինները զբաղվում են այս հարցով, բայց արագ որոշումներ ակնկալելն իմաստ չունի։ Թե ինչ լուծում կլինի պետական մակարդակով, արդյունքից կարող ենք դատել, բայց այս պահին ունենք փաստ, որ մեքենաները հետ են ուղարկել ու շատ լուրջ վնաս են հասցրել մեր ընկերությանը»,- ասաց Բաղդասարյանը։

Հարցրինք՝ գուցե պանրի շուկայում խոշոր խաղացողներ կան, որոնք եվրոպական երկրներից պանիր են ներկրում, ապա վրան փակցնում են «արտադրված է Հայաստանում» պիտակը և արտահանում են Ռուսաստան․ «Հայաստանից միշտ պանիր գնացել է Ռուսաստան, և երբեք այնպես չի եղել, որ ծագման երկիրը դառնա խոչընդոտ, ու ծագման երկրի հավաստիացման խնդիր առաջանա։ Դա գործընթաց է, որը Ռուսաստանի մաքսային ծառայությունը ի պաշտոնե պետք է իրականացնի, որովհետև Վերին Լարսը ունի այդ ստատուսը։ Ինչ վերաբերում է շուկա մտնելուն, ապա այն, իհարկե, բավականին երկար պրոցես է։ Մենք մարտին գործարկեցինք գործարանը, 2 ամիս փորձնական արտադրական փուլում էինք, և ամռանը անցանք արտադրական փուլ, երբ համոզվեցինք, որ մեր ուզած որակին արդեն մոտեցել ենք։ Մատակարարման պայմանագրերը կնքեցինք։ Ընկերությունը պայմանագրերի շատ լայն ցանց ունի մանրածախ սուպերմարկետների հետ, մեզ համար, բնականաբար, շուկան գրավելը մեծ բարդություն չէր ներկայացնում՝ ռուսական շուկան, այս որակի պանրով մտնելու տեսակետից, բայց այսպիսի արհեստական խոչընդոտները, իհարկե, թուլացնում են դիրքերը, և մեր գործընկերներին անվստահություն են ներշնչում, և կարող է հատագայում շուկայում լինելու տեսակետից վտանգ առաջանալ»։

Բաղդասարյանի խոսքով՝ պանրի պիտանելիության ժամկետը չի անցել, սակայն այն այլևս ավելի էժան արժե, քան եթե ժամանակին հասներ պատվիրատուին․ «Ուղղակի պանրի պիտանելիության ժամկետը շատ կտրուկ նվազել է։ Սովորաբար երբ պատվեր են տալիս, պայմանագրային պարտավորությունների մեջ մտնում է, որ իր ապրանքը հաճախորդին հասնելու պահին այդ ապրանքի պիտանելիության ժամկետի որոշակի տոկոս հասանելի լինի․ մեր պանրի կյանքը 6 ամիս է, և պատվիրատուին հասնելու պահին այն պետք է 95 տոկոս պիտանելիության ժամկետ ունենա, այսինքն՝ արտադրման օրվանից ամենաուշը 10-15 օր հետո լինի իրենց պահեստում, որպեսզի հետագայում իրենք ժամանակ ունենան այն իրացնել։ Եվ եթե իրենք այս պահին այդ ապրանքը թողնեին անցներ, ապա պատվիրատուն հրաժարվելու էր, և մենք իրացման այլ խողովակներ պիտի մտածեինք՝ ավելի էժան գներով և այլն»։

Հարցրինք, թե հաշվե՞լ են որքան վնաս է կրել ընկերությունը․

«Վնասը, բնականաբար, մեծ է և հասնում ՝ մի քանի տասնյակ հազար դոլարի։ Ապրանքը ինքնին թանկ  ապրանք է։ Կապույտ բորբոսով պանիրը համարվում է պանիրների ամենաթանկ կատեգորիաներից մեկը, որովհետև շատ լուրջ տեխնոլոգիական պրոցես է անցնում, շատ բարդ է իր արտադրությունը կազմակերպելը։ Կարող եմ ասել, որ նման ապրանք ամեն երկիր չէ, որ ի վիճակի է արտադրել, մեզ մոտ դա ստացվել է, մենք գերմանական, հոլանդական և հայկական դպրոցները միավորել ենք։ Մինչև 1980-90-ական թվականների սկիզբը Հայաստանում եղել է բորբոսով պանրի արտադրություն՝ կարելի է ասել՝ միակը Սովետական միությունում, որի արմատները շատ ավելի հեռուն են գնում՝ մինչև անցյալ դարի սկիզբը։ Մենք այդ ավանդույթները վերականգնեցինք, նոր տեխնոլոգիաներով հագեցրինք և ստացանք ունիկալ արտադրանք։ Համոզված ենք, որ այս պանիրը Հայաստանի այցեքարտն է լինելու, կոնյակին և ծիրանին զուգահեռ միջազգային շուկայում լինելու է նաև կապույտ բորբոսով պանիրը։ Համենայն դեպս որակի մասով կասկածներ չկան։ Այն կաթը, որ մենք մթերում ենք ևս յուրահատուկ համ է տալիս մեր պանրին։ Հիմնականում մթերում ենք Տավուշի, Գեզարքունիքի, Շիրակի, Կոտայքի մարզերից։ Մատակարարները, ընդ որում, 6-7 ամիս մեզ հետ աշխատելով, իրենց ծրագրերը ընդլայնում են, մեծ քանակության կովեր են ձեռք բերում։ Շատ լավ կոնտինգենտ է ձևավորվել ֆերմերների, որոնք մեզ հետ աշխատում են։ Ուստի, բնականաբար, պետք է շղթան ճիշտ աշխատի, որ բոլորը իրենց աշխատանքից գոհ լինեն, և արհեստական խոչընդոտները պետք է արագ վերացվեն։ Սա միայն մեր խնդիրը չէ, բոլորը պետք է ուշադիր հետևեն այդ պրոցեսին»։