Ինչու՞ էր այդ շանտաժը, ուզում եմ իմանալ․․․

Ինչու՞ էր այդ շանտաժը,  ուզում եմ իմանալ․․․

Ո՞ր սերմն են հողը գցում։ Լավ սերմը, որ բերք տա, ապրեցնի, կյանք տա։ Ո՞ր արարքն են քարոզում, տարածում, ուրախանում։ Իհարկե, լավը։ Հասարակական դաշտը սովորական դաշտից ոչնչով չի տարբերվում, աշխատում են մաքուր պահել դաշտը։ Կարող են լինել խոտաբույսեր, որոնք ոչնչով չեն տարբերվում հացահատիկից, բայց երբ քաղում ես, տեսնում ես, որ այն դատարկ է, փուչ։ Նման դեպքում ուրախանում ես, որ դրանք քիչ են, եզակի։

Հանրությունն էլ դաշտի կառուցվածք ունի։ Հողագործը, սերմ ցանողը, որ կոնկրետ դեպքում երկրի ղեկավարն է, պետք է լավը, օրինակելին քարոզի, լավ սերմ գցի։ Այն, որ փոքր տոկոս է կազմում, ինչպես ասում եք՝  սեռական փոքրամասնություն, պետք չէ բռերով դրանից վերցնի  և հանրային դաշտում շաղ տա։

Մել Դալուզյանի միջոցով ԼԳՏԲ համայնքին հրեշտակի փետուրներ հագցնելը սեռափոխման, միասեռականության պրիմիտիվ քարոզ է։ ԱԺ-կառավարություն հարց ու պատասխանի ժամանակ վարչապետ Փաշինյանը բաց  հայտարարում է՝ «Էդ մարդն իմ անձնական պաշտպանության ներքո ա...» Էդ մարդը սեռափոխված Մել Դալուզյանն է։ Ես գոհ եմ, որ էդ ֆիլմը ֆինանսավորվել է․- վարչապետի խոսքերն են։

Այդ դեպքում ինչու՞ երբ սեռափոխված Լիլիթը Ազգային ժողով մտավ, նույն ձևով չասաց․ «Էդ կինն իմ անձնական պաշտպանության ներքո ա...»։  Ինչու՞ ուղղորդված  շանտաժ արին և կամեցան կասկածը գցել Նաիրա Զոհրաբյանի վրա, որ ինքն է Լիլիթին հրավիրել։ Եթե Նաիրա Զոհրաբյանի փոխարեն մեկ ուրիշը լիներ, ով իր իրավունքները չկարողանար պաշտպանել, շանտաժի, զրպարտության  օղակով կխեղդեին նրան։ Տրանսգենդեր Լիլիթն էլ հեղափոխություն է արել, ասֆալտին պառկել ու ճանապարհ է փակել, ինչու՞ այն ժամանակ խուսափեցիք ու չհայտարարեցիք, որ նա ձեր հեղափոխականն է, որ դուք դեռ սերմը այն ժամանակ էիք ուզում գցել Ազգային ժողով, բայց մեղքը ուրիշի վրա բարդելու ճանապարհով։ Մտածում էիք Մելի հերոսացման ֆոնի վրա սեռափոխությունը երկրորդ պլա՞ն ուղղել։ Էլի նախկինների «լափամանի» թեմայո՞վ շղարշել թեման և փորձել դա էլ նրանց ձեռքի գործը համարել։ Հիմա արդեն ձեր պատկերացրած ֆոներն ավարտվեցին ու մնում է հարցնել․ ինչու՞  չեք հայտարարում, թե կառավարությունում ու Ազգային ժողովում ԼԳՏԲ համայնքի քանի պաշտոնյա, պատգամավոր են ընդգրկված։ Միջազգային կառույցները չգիտե՞ն նրանց թիվը։

Ֆիլմը չֆինանսավորելու միջազգային ամոթի մասին եք խոսում, բայց ամոթն այն է, որ հղիանում ու ասում են՝ կույս են։ Դուք ուզում եք սեռական փոքրամասնության իրավունքները պաշտպանել, անձնական պաշտպանության տակ վերցնել նրանց, բայց այնպես եք անում, որ հանրությունը չիմանա, որ դուք դա անում եք։ Այդպես չի լինի, քաղաքական կամք ցուցաբերեք ու հանրությանն ասեք այն, ինչ պատրաստվում եք անել։ Դա ավելի ազնիվ է։