Սպասվում է ԵԱՏՄ բոլոր կառավարությունների մասնակցությունը

Սպասվում է ԵԱՏՄ բոլոր կառավարությունների մասնակցությունը

ԵԱՏՄ նախապատրաստական խմբերը Հայաստան են ժամանել դեռեւս հոկտեմբերի 5-ին՝ միջկառավարական խորհրդի նիստից 4 օր առաջ։ Նիստը, հիշեցնենք, կայանալու է հոկտեմբերի 9-ին։ Եվ նույն օրը արցախյան ճակատի լուրերով ապրող Հայաստանում հույս ծագեց, որ բարձրաստիճան հյուրերը բանակցային նոր դուռ են բացելու, կրակի դադարեցման նոր հույս են բերելու իրենց հետ։

Հուսադրող էր ինքնին այն հանգամանքը, որ նիստի անցկացման վայրը մնաց նույնը, որ այն չտեղափոխեցին՝ կապված ղարաբաղյան հակամարտության գոտում պատերազմական գործողությունների հետ։ Իսկ նման հնարավոր փոփոխության մասին հոկտեմբերի 2-ին հայտնել էին ԵԱՏՄ կոլեգիայի նախագահի աշխատակազմից։
Պատվիրակության կազմը, որում, ըստ նախնական տեղեկությունների, լինելու էին ԵԱՏՄ անդամ պետությունների (ՌԴ, Ղազախստան, Ղրղզստան, Բելառուս, Հայաստան) վարչապետերը, չի հրապարակվում։ Երեկ առավոտյան, սակայն, երբ հայտնի դարձավ, որ ռուսական կառավարական Ил-96 300 ինքնաթիռը եկել է, էյֆորիկ լուր տարածվեց, թե ՌԴ նախագահն անձամբ է լինելու պատվիրակության կազմում։

Իսկ առավոտյան հայտնի դարձավ, որ ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինն է գալու Հայաստան։ Հրավերը ստացել էր դեռեւս սեպտեմբերին, սակայն ՌԴ վարչապետի մասնակցությունը հարցականի տակ էր՝ կապված համաճարակային իրավիճակի հետ։  
Որքան էլ զարմանալի է, առաջինը, ով պաշտոնապես խոսեց Միշուստինի ժամանման մասին, առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն էր, որին առավոտյան բրիֆինգի ժամանակ արտասահմանյան լրագրողներից մեկը հարց ուղղեց ռուսական թիվ մեկ բորտի ժամանելու վերաբերյալ։ Թորոսյանն ասաց, որ ՌԴ վարչապետը Հայաստան կգա հոկտեմբերի 8-ի երեկոյան, իսկ պաշտոնական մասը կսկսվի հոկտեմբերի 9-ի առավոտյան: Հայկական կողմից նիստի նախապատրաստությունը համակարգում է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։ Տարրական հարցին, թե ովքեր են մասնակցելու ԵԱՏՄ միջկառավարական նիստին, կառավարությունը երեկ չէր կարողանում պատասխանել։ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը հորդորում էր դիմել փոխվաչապետ Գրիգորյանի գրասենյակ, իսկ գրասենյակից խորհուրդ էին տալիս դիմել ԱԳՆ։

Կմասնակցի՞ արդյոք Ղրղզստանի վարչապետ Ղուբաթբեկ Բորոնովը երեւանյան հավաքին։ Ղրղզստանի մայրաքաղաքում, ինչպես հայտնի է, կիրակի խորհրդարանական ընտրություններ էին, որոնց արդյունքների հետ ընդդիմությունը համաձայն չէ, բուռն ցույցեր է կազմակերպել եւ հոկտեմբերի 5-ի երեկոյան գրավել կառավարական Սպիտակ տունը։ Ըստ ԱԳՆ խոսնակի, հայկական կողմը չի ստացել տեղեկացում Ղրղզստանի վարչապետից, որ նա չի մասնակցի նիստին։ «Այս պահի դրությամբ սպասվում է ԵԱՏՄ բոլոր կառավարությունների մասնակցությունը»,- «Հրապարակին» հայտնեց  ԱԳՆ խոսնակը։ Երեկոյան սակայն Ղուբաթբեկ Բորոնովը հրաժարական տվեց: 

Կազդի՞ արդյոք ԵԱՏՄ վարչապետերի ներկայությունը պատերազմական իրավիճակի վրա, ի՞նչ հայտարարություններ սպասել։ Հարցը, որն այսօր հետաքրքրում է բոլորիս՝ նիստի օրակարգից առավել, ուղղեցինք քաղաքագետ Ստեփան Դանիելյանին։ «Դեռ ժամանակ կա։ Կարող է փոփոխություններ լինեն, բայց եթե համարենք, որ վարչապետերը գալու են, ինձ թվում է՝ դա որոշակի ազդեցություն կթողնի քաղաքականության վրա։ Նախ, վարչապետերի ներկայությունը Հայաստանում այլ կերպ կհնչեր, եթե կոնկրետ Հայաստանի ուղղութամբ ինչ-որ դեպքեր կատարվեն, ինչը մենք տեսել ենք Վարդենիսում։ Մյուս կողմից, նման հավաքներն իրենց ազդեցությունը թողնում են քաղաքական մթնոլորտի վրա՝ միջազգային առումով։ Եվ երրորդը․ այդտեղ հնարավոր է հայտարարություն լինի, որը որոշակի ազդեցություն կարող է թողնել»։

Կրակի դադարեցման առումո՞վ։ «Բնականաբար, նման կոչեր կլինեն։ Ոչ թե կրակի դադարեցման առումով, այլ որոշակի զսպող դեր կարող են ունենալ։ Քաղաքականությունն իր մեջ այդ սիմվոլիկ տարրերն ունի, որոնք կարեւոր են։ Այդ հավաքը, նրանց գալը նույնպես սիմվոլիկ ազդեցություն կունենա, իսկ քաղաքականության մեջ սիմվոլիկաները կարեւոր են»։

ՀԳ․ Ուշ երեկոյան մեր աղբյուրը տեղեկացրեց, որ ԵԱՏՄ վարչապետների պլանները փոխվել են։ Եթե անգամ Երեւանում նիստը կայանա գոնե ՌԴ վարչապետը չի ժամանելու։