Իջեք, տեղ հասանք

Իջեք, տեղ հասանք

Փոխակերպումները բնական երեւույթ են․ ցորենի հատիկը մահանալով՝ փոխակերպվում է հասկի, միջատների մի տեսակը ձվից փոխակերպվում է թրթուրի, հետո՝ հարսնյակի ու վերջում՝ թիթեռի, մարդը, ի վերջո, մահանալով՝ վերածվում է հողի: Բնական այդ երեւույթն արձանագրել են գիտնականները, իսկ ֆանտաստիկայի ոլորտում ստեղծագործող գրողներն ու ռեժիսորները պատկերավոր ներկայացրել են այն: Սակայն այդ երեւույթն առկա է նաեւ հասարակությունում, ինչն արձանագրվել է նույնիսկ Աստվածաշնչում՝  փարիսեցի, օրենքի տառը խստորեն պահպանղ ու քրիստոնյաներին հալածող Պողոսը վերածվում է առաքյալի եւ Ավետարանի ամենաեռանդուն քարոզչի: Նման փոխակերպումները մարդկության պատմության մեջ եղել են նաեւ ավելի վաղ, սակայն Նոր Կտակարանը հիշելը պայմանավորված էր մերօրյա «փրկչի» հայտնությամբ: Հիշո՞ւմ եք՝ 2019 թվականին Ստեփանակերտի հանրահավաքում «Արցախը Հայաստան է եւ վերջ» հայտարարողը անցյալ տարվա դեկտեմբերի վերջում Սիսիանում ուրիշ բան արձանագրեց․ «Տեղ գյուղից այն կողմ Ադրբեջանն է»: Նման արձանագրումները բազմաթիվ են, սակայն այս հոդվածի նպատակը դրանք բոլորն արձանագրելը չէ, այլ փոխակերպումների երեւույթը ներկայացնելը:

Ենթադրում եմ, որ մեր հասարակությունը չի մոռացել Գագիկ Ջհանգիրյան անունով իրավաբանին: Ասում են, որ նա 1995-ին Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) ղեկավարի տեղակալն էր՝ փաստացի ղեկավարը: Ասում են, քանի որ Վիքիպեդիայի նրա կենսագրականում այդ փաստը բացակայում է: Ինչեւէ, հաջորդ տարի տեղի ունեցած նախագահական ընտրությունները նա վավերացրեց Լեւոն Տեր-Պետրոսյանի հաղթանակով, ինչը, իհարկե, այդպես չէր, բայց կարեւորը ոչ թե հասարակության ձայնն էր, այլ ԿԸՀ-ի կարծիքը՝ հաստատված կնիքով: Իշխանությունը բարձր գնահատեց իրավաբանի ծառայությունը, եւ մեկ տարի անց վերջինս նշանակվեց ՀՀ զինվորական դատախազ, ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ: Որպես զինվորական դատախազ՝ նա ամենից ավելի հայտնի է Մատաղիսի գործով, երբ երկու ծառայակիցների սպանության գործով դատապարտված երեք զինվորները տարիներ անց արդարացվեցին: Նրա կյանքում առկա են բազմաթիվ այլ ուշագրավ դրվագներ, սակայն դրանք որեւէ արժեք չեն ներկայացնում փոխակերպումների երեւույթի առումով:

Եվ, ուրեմն, մեր ծանոթ իրավաբանը, ինչպես տեղեկանում ենք լրահոսից, առաջարկ է ստացել ԱԺ-ի իմքայլական մեծամասնությունից եւ ընդունել է այն՝ ներկայացվելու Բարձրագույն դատական խորհրդի (ԲԴԽ) անդամի կարգավիճակում: «Հրապարակի» ընթերցողներին ներկայացնեմ, որ ԲԴԽ-ն, ըստ ՀՀ Սահմանադրության, անկախ պետական մարմին է, որը երաշխավորում է դատարանների եւ դատավորների անկախությունը՝ զբաղվելով ոլորտի վերաբերյալ բազմաթիվ հարցերով: Փաստորեն, այս դեպքում մենք ունենք փոխակերպումների միանգամից երկու դրսեւորում՝ նախ, ընտրակեղծարարության ու կոռուպցիայի դեմ պայքարի եւ հանուն դատական համակարգի մաքրության դրոշ բարձրացրած Նիկոլ Փաշինյանը ցանկանում է ԲԴԽ անդամ նշանակել այդ ամենի հիմքում կանգնած անձին: Եվ ապա, այդ անձը փոխանակ հեղափոխական արժեքների տրամաբանությամբ հրաժարվեր առաջարկից, ընդունում է այն: Եվ հերիք չէ, որ ընդունում է, այլեւ գիտակցելով հանդերձ, որ իր տարիքը (65-ն անց) չի թույլատրում նրան զբաղեցնելու այդ պաշտոնը, լրագրողներին եւ ի դեմս նրանց՝ ողջ հասարակությանը փորձում է խաբել, թե իբրեւ ԲԴԽ ոչ դատավոր անդամի համար տարիքային սահմանափակում չի գործում՝ «մոռանալով» դրա վերաբերյալ ՀՀ դատական օրենսգրքի 80-րդ հոդվածի 9-րդ մասի իմպերատիվ պահանջը՝ «ԱԺ-ի կողմից որպես ԲԴԽ անդամ չի կարող ընտրվել այն անձը, որն ունի սույն օրենսգրքով դատավոր նշանակվելու համար սահմանված որեւէ սահմանափակում»: Որպեսզի արդարացնի իր քայլը, պարոնը փորձում է ստվեր գցել նաեւ իրավաբանության վրա՝ համարելով այն ոչ ճշգրիտ գիտություն: Իջեք, տեղ հասանք՝ ասվում է նման դեպքերում…

Վախթանգ Սիրադեղյան