Բոլոր «տատանվող» նահանգները քվեարկել են Թրամփի օգտին. նոր տվյալներ
Հանրապետական Դոնալդ Թրամփը հաղթում է Արիզոնայի ընտրություններում. այսպիսով, նա հաղթել է բոլոր յոթ «տատանվող» նահանգներում։ Այս մասին հայտնում է The Associated Press-ը՝ նշելով ձայների հաշվարկի ավարտի մասին։
Թրամփը Արիզոնայում հավաքել է ձայների մեծամասնությունը: Նա ընտրական կոլեգիայում ստանում է եւս 11 ձայն։ Ընդհանուր առմամբ Թրամփն արդեն ունի 312 ձայն։ Նրա մրցակից դեմոկրատ Քամալա Հարիսն ունի 226 ձայն։
Թրամփը նաև հաղթել է վեց այլ՝ այսպես կոչված, «տատանվող» նահանգներում՝ Միչիգան, Փենսիլվանիա, Ջորջիա, Հյուսիսային Կարոլինա, Վիսկոնսին և Նևադա:
Արիզոնան նախկինում համարվում էր հանրապետական նահանգ։ Բայց 2020 թվականին դեմոկրատ Ջո Բայդենը 1996 թվականից ի վեր առաջին անգամ հաղթեց այնտեղ՝ նահանգը տեղափոխելով «տատանվող» վիճակ:
Associated Press-ի տվյալներով՝ Թրամփն ամբողջ երկրում հավաքել է 74,6 մլն ընտրիչի ձայն (50,5%), Հարիսը՝ 70,9 մլն (48%)։
Կոնգրեսը ընտրիչների Կոլեգիայի քվեարկությունը պաշտոնապես կհաստատի հունվարի 6-ին: Թրամփն ու նրա նոր փոխնախագահ Ջեյ Դի Վենսը պաշտոնը ստանձնելու են հունվարի 20-ին։
Կարծիքներ